Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ ուզում եք`ասեք, բայց իրոք յուրահատուկ ազգ ենք: Իրար հետ կռիվ ենք անում` ապացուցելու համար, որ քանի հազար տարի առաջ քարե աստղադիտարան ենք ունեցել, բայց չենք էլ հետաքրքրվում, թե ներկայիս աստղադիտարանն ինչ վիճակում է, ընդհանրապես` աստղերին դիտո՞ւմ է, թե՞ չէ: Ոգևորված ու գոռոզամիտ կեցվածքով փորձում ենք ինքներս մեզ համոզել /այլոց դա համոզել չի ստացվի` հաստատ/, թե քանի ժողովուրդ է հայերից առաջացել, բայց չենք մտահոգվում, թե մեզանից «առաջացածները» հիմա ուր են հասել, մենք որտեղ ենք մնացել:
Դեմքի հպարտ արտահայտությամբ հայտարարում ենք, թե քաղաքակրթության բնօրրանը Հայաստանն է, իսկ թե այսօր Հայաստանն ինչի բնօրրան է դարձել` չի հուզում: Հպարտանում ենք, որ Մատենադարան ունենք, բայց, երևի, վերջին անգամ Մատենադարանում եղել ենք դպրոցական էքսկուրսիայի ժամանակ:
Հպարտանում ենք, որ աշխարհին Խաչատրյան ու Կոմիտաս ենք տվել, բայց լսում ենք թուրքաոճ ռաբիզ: Ասում ենք`Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց այդ թանգարանը դարձրել ենք խոզանոց: Ասում ենք ընթերցասեր ազգ ենք, բայց սրճարանի մենյուն ավելի ուշադիր ենք կարդում, քան երկրի օրենքները:
Վիճում ենք, թե ինչպիսի անցյալ ենք ունենցել, իսկ թե ինչ ապագա են ունենալու մեր երեխաները` չի հետաքրքրում: Թվարկում ենք, թե օտարներն ինչ վատ բաներ են արել ու անում մեր հանդեպ, իսկ թե ինքներս մեր հադեպ ինչեր ենք անում…
Մի խոսքով` յուրահատուկ ենք»: