«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի հիմնական օջախները մարված են։ Այս պահին հետևանքների մասին լիարժեք խոսելը բարդ է, բայց կարելի է նախնական գնահատականներ տալ։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխարհագրական դիրքը, ռելիեֆի բարդությունները դժվարություններ ստեղծեցին հրդեհի մարման գործընթացում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը։ Նրա խոսքով` «Խոսրովի անտառ» պետական արգելոցը 23213 հա է կազմում, իսկ անտառածածկ բուն տարածքը ընդամենը 17 տոկոսն է։ Դա նշանակում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կան Հայաստանի համար բնորոշ գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիները` կիսաանապատայինից սկսած մինչև սուբալպիական գոտիները։
«Ռելիեֆի բարդությունը, գիհի ծառատեսակի այրման առանձնահատկությունները, բազմաթիվ տարիների կուտակված թաղիքը, հումուսը դժվարացնում էին հրդեհաշիջման աշխատանքները»,– ասաց մասնագետը։
Առաջին պահին հրդեհաշիջումն իրականացնողներին թվացել է, թե հանգցրել են օջախները, բայց դրանց տարածումը տեսանելի չէին։ Մինչև սեպտեմբերի 10–ը կրակի օջախներ դեռևս առկա էին։
«Ամսի 10–ի դրությամբ միայն մեկ հրդեհի օջախ էր մնացել։ Վերջնական վտանգից մենք կարող ենք լիարժեք ապահով լինել, երբ կսկսեն պարբերաբար անձրևները, այդ ժամանակ կարող ենք վստահ լինել, որ նոր օջախներ չեն ծագի»,–ասաց Արամ Աղասյանը։
Խոսրովի անտառում մի տարօրինակ հայտնագործություն արեցին. այնտեղ կա քարի մի տեսակ, որը նպաստում էր հրդեհի նոր օջախների առաջացմանը։
«Խոսրովում «յաշմա» տեսակի քար կա, որը ջերմությունն ակումուլյացիա անելու հատկություն ունի։ Այդ քարատեսակը ջերմությունը պահպանում էր թերմոսի նման, և քամու ուժգնության պատճառով նոր օջախներ էին բռնկվում։ «Յաշմա» կոչվող քարերը գտնվում են ծովի մակերևույթից 1800 և ավելի բարձր հատվածներում մի քանի տեղ նման քարեր կային»,– ասաց Աղասյանը։
Նախնական հաշվարկով` հրդեհի ընդհանուր ընդգրկման չափը մոտ 2200 հա է։ Բայց բուն հրդեհի տարածքում նաև չվառված տարածքներ կան` մոտ 365 հա–ի չափով։ Դրանք կանաչ կղզյակներ են, որոնք ընդհանրապես չեն վառվել։
«Ընդհանուր այրված տարածքը գնահատվում է մոտ 100 հա–ի չափով։ Հիմնականում այրվել են խոտածածկ տարածքները»,–տեղեկացրեց նա։
Արամ Աղասյանը զրույցի վերջում հատուկ ընդգծեց, որ լայնատերև կաղնու անտառները գրեթե չեն վնասվել։
Խոսրովի անտառը` հրդեհից հետո