Կողբ գյուղում 600 ուսանողի համար նախատեսված նոր «Թումո» կենտրոն կկառուցվի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կողբ գյուղում 600 ուսանողի համար նախատեսված նոր «Թումո» կենտրոն կկառուցվի

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Կողբ» կրթության, մշակութային և սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված շնորհանդես-միջոցառումը, որով տրվեց Կողբ-Թումո նախագծի մեկնարկը:

Միջոցառման ժամանակ «Կողբ» հիմնադրամի տնօրեն Արթուր Աբովյանը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը մանրամասն ներկայացրեցին Կողբ-Թումո նախագիծը։ Նոր Թումո կենտրոնը կառուցվելու է Տավուշի մարզի Կողբ գյուղում և Թումոյի՝ տեխնոլոգիաների և արվեստի ոլորտները համատեղող անվճար արտադպրոցական ծրագիրն է տրամադրելու Կողբի, ինչպես նաև սահմանամերձ Նոյեմբերյան, Բերդավան և այլ համայնքների պատանիներին և երիտասարդներին:

unnamed-1

Կենտրոնի շինարարությունը կմեկնարկի նոյեմբերին, իսկ ուսումնական գործընթացը նախատեսվում է սկսել 2018 թվականին: Կողբի կենտրոնում կիրականացվի նույն ծրագիրը, և կդասավանդեն նույն մասնագետները, ինչ Երևանի, Դիլիջանի, Գյումրիի և Ստեփանակերտի Թումոներում, ինչպես նաև կենտրոն կհրավիրվեն միջազգային մասնագետներ, ովքեր իրենց փորձով կկիսվեն պատանիների հետ: Կենտրոնը նախատեսված կլինի առնվազն 600 ուսանողի համար:

unnamed-2

Նախաձեռնությունը իրականություն դարձավ հովանավորների շնորհիվ՝ Տավուշի մարզպետարանի, Յուքոմ ընկերության, Առաքելություն Մանկություն բարեգործական կազմակերպության, ինչպես նաև արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրօղլուի և Նշան Դևեդջյանի նվիրատվության և աջակցության շնորհիվ: Միջոցառման ընթացքում Փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին՝ մի կողմից «Կողբ» հիմնադրամի և մյուս կողմից Տավուշի մարզպետարանի, Յուքոմ ընկերության և Առաքելություն Մանկություն բարեգործական կազմակերպության միջև:

unnamed-3

Ավելի վաղ նման հուշագիր էր կնքվել հիմնադրամի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև: Միջոցառմանը ներկա Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ընդգծեց նախագծի կարևորությունը Նոյեմբերյանի տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման համար և հաստատեց մարզպետարանի աջակցությունը դրա իրականացման գործում։

Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց. «Վերջին տարիներին Յուքոմ-ը հետևողականորեն իրականացնում է կրթության զարգացման համալիր ծրագրեր, մասնավորապես դպրոցական տարիքի երեխաներին ներգրավելով տարբեր ուսումնական նախագծերում: Քաջ գիտակցելով տարբեր բնակավայրերում երեխաների անհամաչափ հնարավորությունները, մենք մեր ծրագրերը իրականացնում ենք գերազանցապես այն բնակավայրերում, որտեղ բարձր տեխնոլոգիաներին հասանելիությունը բավարար չէ կամ բացակայում է։ Այս կենտրոնը, համոզված եմ, համատեղ ջանքերի շնորհիվ կդառնա ևս մեկ լույսի աղբյուր` նպասելով մեր հայրենիքի զարգացմանը: Հանդիսանալով հայկական կազմակերպություն, մենք այսօր մեր բոլոր ջանքերը ուղղում ենք հայրենիքի, հայ մարդու և առաջին հերթին պատանիների զարգացմանը»:

unnamed-4

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը ընդգծեց Թումոյի ծրագիրը Հայաստանի զանազան հատվածներում բնակվող պատանիների համար հասանելի դարձնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Այս նախագիծը հնարավորություն է տալիս՝ մի քանի համայնք միավորելով, Թումոյի արտադպրոցական ծրագիրը տարածել ավելի փոքր բնակավայրերում:Տեղացի ուսանողները արդիական մասնագիտական հմտություններ ձեռք կբերեն, ինչը նրանց հնարավորություն կտա աշխատել իրենց բնակավայրում և զարգացնել այն»: Կողբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին և աջակիցներին, այդ թվում Գաֆեսճեան արվեստի կենտրոնին, որը հյուրընկալում էր միջոցառումը, ամփոփեց. «Կողբ հիմնադրամի Koghb.com առցանց հարթակի գործարկումից անցել է ընդամենը 1,5 տարի, սակայն վերջինիս շնորհիվ արդեն ֆինանսավորվել են ավելի քան 45 դիմորդներ, որոնք այժմ սովորում են ոչ միայն Հայաստանի, այլ նաև արտերկրի այնպիսի հայտնի ԲՈւՀ-երում, ինչպիսիք են Օքսֆորդը, Բերկլին, Սորբոնը և այլն։

Սիմոնյան կրթական հիմնադրամի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ միասին այսօր մենք մեկնարկ ենք տալիս Կողբ-Թումո նախագծին, որը աննախադեպ կրթական հնարավորություններ կստեղծի սահմանամերձ Կողբ, Նոյեմբերյան, Բերդավան և այլ համայնքների պատանիների համար։ Մի քանի օր առաջ նշեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը։ Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է մեր պետության անկախության ամրապնդման ուղղությամբ»:

Կողբ հիմնադրամը գործում է 2013 թվականից` Հայաստանում կրթության, մշակույթի և սպորտի զարգացմանը աջակցելու նպատակով: Հիմնադրամի առաքելությունն է` կրթամշակութային ծրագրերի և առցանց դրամահավաք հարթակի միջոցով աջակցել պատանիներին և երիտասարդներին՝ հասնելու իրենց կրթական նպատակներին: Հիմնադրամի տեսլականը այնպիսի Հայաստանն է, որտեղ ցանկալի կրթությունը հասանելի է բոլորին։ Առայսօր հիմնադրամի միջոցով ֆինանսավորվել են ավելի քան 45 դիմորդներ և նախագծեր։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի շրջանակներում 12-18տարեկան հազարավոր պատանիներ ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Կենտրոնն ունի չորս հիմնական ոլորտ՝ անիմացիա, կայքերի մշակում, խաղերի ստեղծում ևֆիլմերի ստեղծում, ինչպես նաև ինը լրացուցիչ հմտություններ, ինչպիսիք են եռաչափ մոդելավորումը, ռոբոտաշինությունը, գրաֆիկական դիզայնը և այլն: Կենտրոնը գործում է Երևանում, Դիլիջանում, ինչպես նաև Գյումրիում և Ստեփանակերտում:

unnamed-5

unnamed-6

unnamed-7

unnamed-8