17-րդ դարի առաջին կեսին Երևան այցելած ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերնիեն իր «Վեց ճանապարհորդություններ» գրքում պատկերել է Երևանը և կից բացատրագրում տեղեկություններ ներկայացրել քաղաքային շինությունների վերաբերյալ:
Ֆրանսիացի առևտրական, ճանապարհորդ և ուղեգրող Ժան-Բատիստ Տավերնիեն 1631-ից մինչև 1668 թվականը վեց անգամ ճանապարհորդել է Արևելքի երկրներով, հիմնականում դեպի Թուրքիա, Պարսկաստան և Հնդկաստան: Ուղևորությունների ընթացքում, բացի առևտրային գործունեությունից, Տավերնիեն իր այցելած երկրների վերաբերյալ բավականին արժեքավոր գրառումներ է կատարել, ինչպես նաև հեղինակել է բազմաթիվ նկարներ, որոնցից շատերը հետագայում վերարտադրվել են որպես գրավյուրներ՝ փորագրանկարներ:
Ժան-Բատիստ Տավերնիե:
Տարիներ անց այդ բոլոր աշխատությունները՝ գրառումներն ու պատկերներն ամբողջական տեսքով ամփոփվեցին 1676 թվականին Փարիզում ֆրանսերեն լեզվով լույս տեսած Ժան-Բատիստ Տավերնիեի «Վեց ճանապարհորդություն» երկհատորյակում: 1677-ին լույս տեսավ նույն գրքի անգլերեն տարբերակը, իսկ հետագայում պատմական և ազգագրական բազմազան տեղեկություններ պարունակող այդ աշխատությունը մի քանի անգամ վերահրատարակվեց:
Տավերնիեն իր առաջին ճանապարհորդությունն իրականացրեց 1631-1633 թվականներին, որի ընթացքում այցելեց նաև Պարսկաստանի կազմում գտնվող վարչատարածքային միավորի կենտրոն Երևան և հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածին վանք: Այդ այցերի վերաբերյալ տեղեկություններն ու պատկերները Տավերնիեն ամփոփեց «Վեց ճանապարհորդություն» աշխատության առաջին հատորի «Պարսկական ճանապարհորդություն» գլխում:
Ժան-Բատիստ Տավերնիե. Երևանի հատակագիծը:
Մեր հոդվածին կից ներկայացվում են ֆրանսիացի ճանապարհորդի երկու պատկերները, որոնցից մեկը Երևան քաղաքի հատակագիծն է, իսկ մյուսը՝ Երևանի ընդհանուր համայնապատկերը: Կարելի է ասել, որ նրանցից առաջինը փաստորեն Երևան քաղաքի առաջին քարտեզագծված, կանոնակարգված և տպագրված քաղաքային պլանն է: Բացի դրանից, նշենք, որ Տավերնիեի այցից հետո՝ 1679 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով քանդվեցին քաղաքի շինությունների մեծ մասը, և այդ առումով նույնպես ներկայացվող պատկերները պատմագիտական կարևոր նշանակություն ունեն:
Ուշադիր զննման արդյունքում կնկատենք, որ ներկայացվող պատկերներում լատինական տառերով նշվում են Երևանի շինությունների տեղադրությունն ու այդ տառերին համապատասխան ֆրանսերենով տրվում են համապատասխան բացատրություններ: Աջ կողմում պատկերված են Երևանի բերդն իր շինություններով (ներկայիս «Նոյ» կոնյակի-գինու գործարանի տարածքն է) և Հրազդան գետը՝ Կարմիր կամրջով (այսօր կիսավեր վիճակում է): Հրազդանի հակառակ ափին, բլրի վրա պատկերված ամրությունում տեղակայված է եղել բերդի հրանոթային մարտկոցը (ներկայիս Նորագյուղ թաղամասն է): Բլրի մոտ երևում են հանրահայտ Դալմայի այգիները, իսկ Երևանի բերդից վերև Գետառն է՝ իր երկու կամուրջներով, և Նորքի բարձրունքը, որի ստորոտով, ըստ Տավերնիեի, անցնում է «Թիֆլիս տանող ճանապարհը»:
«Վեց ճանապարհորդություն» գիրքը:
Պատկերի ձախ կողմում արդեն Երևանի բուն քաղաքային թաղամասերն են և փողոցները: Փողոցներից մեկը, հավանաբար, Ամրոցայինն է, որը հետագայում Երևանի՝ Ռուսաստանի կազմ անցնելուց հետո պետք է դառնար Աստաֆյան փողոց (ներկայիս Աբովյան փողոցն է): Հատակագծում Տավերնիեն քաղաքի այս հատվածն ամբողջությամբ նշել է որպես «քրիստոնյա հայերով բնակեցված թաղամասեր»: Քարտեզի ձախ կողմի վերնամասում պատկերված և բացատրագրերում նշված են երկու հայկական եկեղեցիները: Դրանք Երևանի հնագույն եկեղեցիներն են՝ Կաթողիկե Սուրբ Աստվածածինը և Սուրբ Պողոս-Պետրոսը (վերջինս քանդվել է 1930-ականներին, գտնվում էր «Մոսկվա» կինոթատրոնի տեղում):
Նշենք նաև, որ Տավերնիեի պատկերում պարզ երևում է նաև Երևանի հնագույն հայկական թաղամասը՝ Ձորագյուղը, որը գտնվում էր Հրազդան գետի ձախ ափին՝ ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքում: Ձորագյուղի վերին թաղն իրոք ունեցել է անառիկ բերդանման տեղանք՝ ձորի եզրին մի քանի հարկ բարձրացող քարաշեն տներով: Իսկ թաղի ներսում, պարիսպներով շրջապատված, գործել է ընդարձակ հայկական վանական համալիր՝ բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից և այլ կառույցներից։