Սարյանն ու Սարոյանը
Advertisement 1000 x 90

Սարյանն ու Սարոյանը

mss

1960 թվականի մի գեղեցիկ օր Մարտիրոս Սարյանի հյուրընկալ արվեստանոցում հավաքվել էին Վիլյամ Սարոյանը, Գուրգեն Մահարին ու Ռաֆայել Արամյանը: Հայ գրողները զրուցում էին ու Մարտիրոս Սարյանի նոր գործերը դիտում: Այդ ժամանակ Սարյանն արդեն նկարել էր Սարոյանի դիմանկարը, որտեղ գրողը կարմիր փողկապով է պատկերված: Ընդ որում, Սարոյանի դիմանկարը նկարելիս, Մարտիրոս Սարյանը հարցրել է. «Երկու օր առաջ Գուրգեն Մահարին ձեզ Մոսկվայում է տեսել և ասել է, որ դուք շքեղ բեղեր ունեք: Իսկ որտե՞ղ են ձեր հայտնի բեղերը»: Սարոյանն ամաչել է խոստովանել, որ կարճացրել է իր բեղերը` ցանկանալով ավելի երիտասարդ երևալ և, ինչպես ինքն է գրել է իր հուշերում` «չցանկանալով տարբերվել հայաստանցի հայերից և ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար»: Սարյանի և Սարոյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1935 թվականին: 25 տարի անց նրանք նորից էին հանդիպել (լուսանկարում): Սարյանն արդեն 80 տարեկան է, իսկ Սարոյանը՝ 52: Եվ Մարտիրոս Սարյանն իր հյուրերին ցուցադրում էր իր երկու ինքնադիմանկարները: Սարյանը հարցնում է Սարոյանին. «Ասա ինձ, վարպետ, ո՞ր դիմանկարն է ավելի գեղեցիկ»: Այդ հարցի մեջ և կատակ, և պատասխանողին ծուղակը գցելու ցանկություն կար: Սարյանի պարադոքսալ հարցին Սարոյանը նույնքան պարադոքսալ պատասխան է տալիս՝ «Այս դիմանկարը գեղեցիկ է, իսկ այս դիմանկարը՝ ուժեղ», կոնկրետ չնշելով, թե որն է գեղեցիկ, իսկ որը՝ ուժեղ: Երկու մեծ հայերի քննարկումն ընդհատվում է այն պահին, երբ արվեստանոց է մտնում հայտնի լուսանկարիչ Անդրանիկ Քոչարը: Լուսանկարիչն ակնթարթորեն իր խցիկով որսում է այն պահը, երբ Սարյանը՝ մատնանշելով նոր ներս մտած հյուրին, ասում է. «Իսկ ահա եկավ գեղեցիկի ուժեղը»: Անդրանիկ Քոչարի այդ լուսանկարում Սարյանը կարծես բոլորին է դիմում և ուշադրության հրավիրում մի բանի նկատմամբ, որն անհայտ է դիտողին:Իսկ թե ո՞ւմ է իրականում մատնանշում Սարյանը, գիտի Անդրանիկ Քոչարի որդին՝ նույնպես լուսանկարիչ Վահան Քոչարը, ով սիրով մեզ է տրամադրել այդ լուսանկարը:

pizap.com14707403365431
«Սարյանի դիմանկարներում մարդն ինքն իրեն է նման և միևնույն ժամանակ` ոչ մեկին նման չէ և նման է բոլորին»,- գրել է Սարոյանը Սարյանին նվիրված «Դիմանկար» պատմվածքում: Իսկ Մարտիրոս Սարյանը հաճախ ասել է, որ հանճարը գեղեցկությունն ակնթարթորեն ընկալելու մեջ է: Այդ պատճառով էլ շատ է գնահատել լուսանկարչությունը, որը կարող է հավերժացնել այդ վայրկենական գեղեցկությունը:

Նունե Հախվերդյան

«3 Միլիոն»