Իսկ գրիչս անտանելի ծույլ է, ուրեմն և՝ անսայթաք չէ. Լիզա Ճաղարյան
Advertisement 1000 x 90

Իսկ գրիչս անտանելի ծույլ է, ուրեմն և՝ անսայթաք չէ. Լիզա Ճաղարյան

Citylife.am. Տիկի՛ն Լիզա, ե՞րբ եք սկսել ստեղծագործել, հիշու՞մ եք Ձեր առաջին գործը։

Լիզա. Բանաստեղծությունից եմ սկսել։ Դպրոցում։ Հետո տասներորդ դասարանում մի տասներկու էջանոց տետրի մեջ արտագրեցի «մարգարիտներս», վերջում էլ մի պատմվածք ավելացրի, ուղարկեցի «Գարուն» ամսագիր։ Պատմվածքս տպագրեցին, բանաստեղծություններս լռության մատնեցին։ Ես էլ որոշեցի, որ արձակագիր եմ ուրեմն։ Եթե ֆեյսբուքում զրուցելիս լինեինք, այստեղ ծիծաղի նշան կդնեի։ ?

Citylife.am. Գրելու տաղանդը շնորհ է ի վերու՞ստ, թե՞ հնարավոր է սերմանել ինքդ քո մեջ` աշխատասիրության, ընթերցանության և այլ միջոցներով:

Լիզա. Չգիտեմ՝ ի վերուստ է, թե՝ որտեղից է, բայց աշխատասիրությունն ու ընթերցասիրությունն, ըստ իս, անհրաժեշտ են ու բավարար չեն ստեղծագործելու համար։ Մի ուրիշ բան էլ է անհրաժեշտ, կուզեք անունը շնորհք դրեք, կուզեք՝ տաղանդ։ Սակայն, եթե ձեր նշած աշխատասիրությունն ու ընթերցասիրությունը չկան, տաղանդն էլ կամաց կմարի։

Citylife.am. Գրողները հաճախ են իրենց ստեղծագործությունների ողջ հաջողությունը (և ոչ միայն) բարդում ոգեշնչման աղբյուրի կամ յուրատեսակ մուսայի գոյության վրա. Ձեր կյանքում կա՞ նման ներշնչանքի աղբյուր:

Լիզա. Չէ, ես նման բարձրագոչ բնորոշումների սիրահար չեմ։ Մարդուն տրված կյանքն է գրելու ցանկության խթանը։ Ու նայած՝ մինչև որտեղ է այդ կյանքը տեսնում մարդը։ Մեկի աշխարհն իր գյուղն է, քաղաքն է, երկիրն է, ու եթե ինքը մեծ գրող է, այդ փոքրիկ աշխարհը կարող է Տիեզերքի չափ անծայրածիր դարձնել՝ ինչպես Հրանտ Մաթևոսյանը, մյուսինն էլ հենց այդ Տիեզերքն է, բայց եթե անտաղանդ է, այդ Տիեզերքն իր ապրած տան չափ նեղ է դառնում։ Իմը մենք ու մերոնք ենք, սովորական պատմություններ սովորական մարդկանց մասին։

Citylife.am. Գրական ո՞ր ժանրի մեջ է Ձեր գրիչն ավելի անսայթաք:

Լիզա. Երբեմն արձակ եմ գրում։ Իսկ գրիչս անտանելի ծույլ է, ուրեմն և՝ անսայթաք չէ։

Citylife.am. Ի՞նչ «ազգություն» ունի Ձեր սիրելի գրականությունը:

Լիզա. Չունի։

Citylife.am. Ասում են՝ մենք ստեղծվել ենք մեր ընթերցած գրքերից. ի՞նչ գրքերից եք կերտվել Դուք, և կա՞ն գրքեր, որոնք համարում եք պարտադիր ընթերցանության արժանի` մարդու՝ որպես անհատի ձևավորման հարցում:

Լիզա. Դժվար հարց է։ Ես նույնիսկ չգիտեմ՝ կերտվե՞լ եմ, թե՞ «կերտվածքս» կիսատ ու անկատար է մնացել։ Միշտ զարմացել եմ, նույնիսկ նախանձել եմ այն մարդկանց, որոնք ցուցակներ են ներկայացնում՝ ինչ կարդալ կամ չկարդալ։ Գրքերի այս օվկիանոսում նման մեծ պատասխանատվություն չեմ առնի ուսերիս։ Վախենալու չափ շատ են։ Պարզապես պետք է կարդալ, կարդալ ու կարդալ։ Կարդալ վաղ մանկուց։ Թումանյանի հեքիաթներով գալ հասնել Ժյուլ Վեռնին, Ջեք Լոնդոնին, Շեքսպիրով, Դոստոևսկիով ու Տոլստոյով հասնել մինչեւ Մաթեւոսյան, Ֆոլքներ, Մարկես, Վոննեգութ, Սարոյան, իմ վերջին շրջանի սիրելի Ռոմեն Գարի… Ու ինչքան կարդաս՝ հետն էլ մոլորվես, թե ինչքան-ինչքան քիչ ես կարդացել։

Citylife.am. Ինչպիսի՞ն է Լիզա Ճաղարյան կինն ու անհատը. արդյո՞ք նա տարբերվում է գրող Լիզայից:

Լիզա. Դե, ես ինձ գրող չեմ համարում, որ կարողանամ իրարից տարբերել այդ երեքին, ու սա, խնդրում եմ, ավելորդ համեստություն չհամարել։ Գրողի գործը տքնաջան աշխատանք է նաև, օրուգիշերվա տառապանք, իսկ ես գրում եմ հարյուր տարին մեկ՝ մի ոտքի վրա։ Ես ընդամենը մարդ եմ, որը նաև երբեմն-երբեմն գրում է, ընդամենն այսքանը։ Առհասարակ անկեղծ ու բռնկուն եմ, իսկ նման մարդիկ ինչ կան՝ կան, բոլորի աչքի առաջ են և՛ իրենց ապրած կյանքով, և՛ իրենց թղթին հանձնած մտքերով։ Սովորական, լիքը թերություններով մարդ եմ։

Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է հայ մտավորականի դերը հասարակության քաղաքացիական ինքնագիտակցության զարգացման հարցում:

Լիզա. Նայած մտավորական։ Մեկի դերը նողկալի է, մյուսինը՝ ցանկալի։ «Մտավորական» հասկացությունն այնքան է այլակերպվել այսօր, որ նույնիսկ պալատական սազանդարներին են սկսել «մտավորական» հորջորջել։ Այսօր Հայաստանում ազնվության քաղց է, պարզ ու սովորական ազնվության։ Ու այս երկրի քաղաքացիներն ազնիվ մարդիկ են փնտրում ու, ավաղ, խոշորացույցով են գտնում։ Եթե ազնիվ չես, եթե բութ, գող ու մարդասպան պաշտոնյաների առաջ յոթտակ ծալծվում ես, նվաստանում ես, էլ ՄԻՏՔ-ն այդտեղ ի՞նչ գործ ունի, այդտեղ արդեն չարչիների ճղճիմ առևտուր է։ Մտավորականի ներկայությունը պետք է իշխանավորներին ստիպի ոտքի կանգնել, ստիպի այնպիսի բառեր փնտրել ու արտաբերել նրանց ներկայությամբ, որոնք սովորաբար չկան իրենց բառապաշարում, ստիպի գիտակցել, որ իրենց «բարձր» դիրքը ժամանակավոր է, իսկ մտավորականինը՝ մշտատև։ Մենք այսօր ավելի հաճախ հակառակն ենք տեսնում, դրա համար «մտավորական» բառն էլ չեմ սիրում։

Citylife.am. Ինչպիսի՞ վերաբերմունք ունեք ժամանակակից հայ ստեղծագործողների նկատմամբ. կա՞ն այնպիսիք, որոնց գրելաոճն ու տաղանդը նկատելի է Ձեզ:

Լիզա. Իհարկե կան։ Քանի որ ոչ բոլորին եմ կարդացել, անուններ չեմ ուզում տալ։ Մի տխուր միտում եմ նկատել, ցավոք. ավելանում ու ավելանում են հայոց լեզվին մատների արանքով նայողները։ Շատերին թվում է, որ եթե քիչումիչ գրել կարողանում են, ուրեմն՝ ինչ-որ մեկն էլ պարտավոր է նստել ու իրենց կոպիտ ուղղագրական ու ոճական սխալներն ուղղել։ Կարճ ասած՝ գրագիտությունը նահանջում է, ու կարծես՝ քչերին է անհանգստացնում սա։ Անհանգստացողներին էլ, դե՛, ներողամիտ ժպիտով են նայում, իբր՝ հին մարդիկ են։ Ձեռի հետ էլ՝ գրականությունը դառնում է ֆեյսբուքային մակարդակի խոսքուզրույց, աչքներիս առաջ «տաղանդ է վեր հառնում», և եթե դու չես հիանում իրենով, դատավճիռդ պատրաստ է՝ նախանձում ես։ Չէ, սիրելիներս, գրականությունը լրագրություն չէ, որ երբեմն աչք փակես լրագրողի գրագիտության վրա, որովհետև ահա՛ այս կիսագրագետ լրագրողը շատ ճարպիկ է ու կարող է ուր ասես խցկվել ու լուր փախցնել։ Եթե ուզում ես լրջորեն նվիրվել գրականությանը, առաջին հերթին պետք է ԲԱՌ-ի նկատմամբ պաշտամունք ունենաս։ Չունես՝ բավարարվիր ֆեյսբուքյան լայքերով ու սմայլիկներով։ Դա էլ է տարբերակ, բայց ազատիր մեզ քեզանով հիանալու պարտադրանքից։

Citylife.am. Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մեր սերունդն այսօր դաստիարակվում է ճիշտ գրականությամբ:

Լիզա. Հարցը չեմ հասկանում։ «Ճիշտ գրականություն» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։ Ես նման բնորոշումներից վախենում եմ, սովետների ժամանակներն եմ հիշում։ Յոթանասուն տարի «ճիշտ գրականությամբ» էին դաստիարակում սերունդներին, իսկ «սխալ գրականություն» ստեղծողներին կամ Սիբիր էին քշում, կամ գնդակահարում էին, լավագույն դեպքում՝ արտաքսում էին երկրից։ Յուրաքանչյուր անհատ ինքը պետք է ընտրի իր գիրքը, իր գրողին ու պետք է ընտրի շատ կարդալով։ Ինտերնետի դար է, ինչ ուզես՝ կկարդաս, եթե նույնիսկ անհրաժեշտ դրամը չունես գիրք գնելու։ «Ճիշտ» գրված գրական գործը տաղանդավոր պետք է լինի, ուզում է՝ մարդակերի մասին լինել, ուզում է՝ մեծագույն մարդասերի։

Citylife.am. Շնորհակալ եմ, տիկի՛ն Լիզա:

Հարցազրույցը պատրաստեց Լուսանե Ջալալյանը

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

citylife.am



Նման նյութեր