Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ անկախության տարիներին հավաքվել, պահպանվել և արխիվացվել են անկախության գործընթացին, մեր պետականությանը վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը: Եվ դա շարունակական գործընթաց է: Պետական կառույցներն ամեն տարի Ազգային արխիվին են փոխանցում իրենց արխիվային փաստաթղթերը: Օրենքով սահմանված միայն 3 կառույց` Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Արտաքին գործերի նախարարությունը չեն ներկայացնում իրենց փաստաթղթերը: Այս կառույցները կարող են 50 տարի իրենց մոտ պահել փաստաթղթերը, նոր փոխանցել Ազգային արխիվ:
«Այս տարի ստացել ենք նաև Հայաստանի առաջին նախագահի` Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների փաստաթղթերը: Ստացվել է ամեն ինչ, իր ստորագրած առաջին հրամանագրերը, ստացված շնորհավորանքներից»,-ասաց Ամատունի Վիրաբյանն` ընդգծելով, որ այս տարի ստացել են նաև Կառավարության մինչև 2005 թվականի փաստաթղթերը, որոշումները, վարչապետների կարգադրությունները:
Ամատունի Վիրաբյանը նշեց, որ արդեն արխիվացվում են էլեկտրոնային փաստաթղթերը: 2008 թվականից Հայաստանում հատուկ համակարգով փաստաթղթերի շրջանառությունն այսուհետ էլեկտրոնային է:
«Հիմա մենք պետք է դա արխիվացնենք, չնայած կա որոշ բարդություն: Այդ խնդիրը միայն մեզ մոտ չէ, շատ երկրներ են առնչվում դրա հետ: Ռուսաստանը դիմում է հետևյալ քայլին. էլեկտրոնայինի հետ մեկտեղ պարտադիր մեկ օրինակ թղթային փաստաթուղթ են ստեղծում ու հանձնում արխիվ: Մեզ մոտ դա չկա, միայն էլեկտրոնային է, հիմա համապատասխան քայլեր են ձեռնարկվում, որ ամբողջական կարողանանք պահպանել»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:
Նա նշեց, որ Ազգային արխիվում այնքան փաստաթուղթ է պահվում, որ ուսումնասիրողը կարող է ամբողջական պատկերացում ստանալ բուն անկախության գործընթացի, դրանից հետո տեղի ունեցած զարգացումների մասին: Բայց այստեղ այդ փաստաթղթերի բովանդակությունն օբյեկտիվ ներկայացնելու խնդիր կա:
«Անհրաժեշտ փաստաթղթերը կան, եթե, իհարկե, դրանք ներկայացնելիս չգործի ներքին գրաքննությունը, ուսումնասիրողները կարողանան սուբյեկտիվ մտածելակերպը հաղթահարել: Անկեղծորեն ասեմ, ճշմարտությունը մինչև վերջ ասելուն պատրաստ չենք»,-ավելացրեց Ամատունի Վիրաբյանը: