Life.panorama.am-ի զրուցակիցն է երիտասարդ դերասանուհի Ջեմմա Ադամյանն, ում հեռուստադիտողը դեռ չի բացահայտել, փոխարենը` հատկապես գյումրեցի հանդիսատեսը Ջեմմային լավ է ճանաչում, ավելին` գնահատում ու սիրում է որպես շնորհալի դերասանուհի: Ջեմմային հեռուստադիտողը կճանաչի Հանրային հեռուստաընկերության նոր սիթքոմի` «Ամուսնացածների լիգա»-ի շրջանակում, որը կհեռարձակվի աշնանային եթերաշրջանում:
– Ջեմմա, Ձեր մասին տեղեկություններ գտնելը գրեթե անհնար է: Նախ կխնդրեմ պատմել, թե ինչպես հայտնվեցիք այս դաշտում:
– Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Հրաչյա Գասպարյանի կուրսը: Ուսանողության տարիներին աշխատել եմ Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում, իսկ անցյալ տարի տեղափոխվեցի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն: Մայրս Կապանից է, հայրս` Գյումրիից, բայց մենք ապրել ենք Երևանում: Հիմա կատակելով ասում եմ, թե արմատներս ինձնից ուժեղ գտնվեցին ու ինձ կրկին հետ տարան Գյումրի: Այսօր երջանիկ եմ, որ աշխատում եմ Գյումրու դրամատիկական թատրոնում, ուր իսկապես արվեստի շունչ կա, այստեղ պրոֆեսիոնալիզմն իր գագաթնակետում է:
– Գյումրեցիները խի՞ստ հանդիսատես են:
– Նրանք աննկարագրելի խստապահանջ են, բայց միևնույն ժամանակ անասելի ջերմ: Արդեն մեկ տարի է, ինչ այնտեղ եմ աշխատում ու վաղուց եմ հասկացել, որ գյումրեցի հանդիսատեսին շատ դժվար է բավարարել: «Գյումրին Հայաստանի արվեստի մայրաքաղաքն է»` հայտնի ասույթն արդեն մեկ տարի է` իմ փորձով եմ հասկանում: Իրոք, այստեղի հանդիսատեսը կարիք ունի հոգևոր սննդի: Կարող եք երեկոյան ժամերով քայլել Գյումրիի փողոցներով ու քիչ մարդկանց հանդիպեք, բայց, երբ գաք թատրոն, կտեսնեք, որ այն միշտ լիքն է` մոտ 700 տեղ: Ընդ որում դահլիճը լիքն է բոլոր ներկայացումների ժամանակ, ընդհուպ մինչև ամանորյա ներկայացումներին: Օրինակ` անցյալ տարի մինչև դեկտեմբերի 31-ը ազատ տեղ չկար, միայն այդ օրվա վերջին երկու ներկայացումների ժամանակ էր, որ մի քիչ պակաս էր: Իսկապես շշմելու է, թե ինչ հաճախություն կա Գյումրու թատրոն:
– Ջեմմա, Ձեզ որևէ նախագծում չենք տեսել: Ուզում եմ հասկանալ ինչո՞ւ. հրավերներ չե՞ն եղել, թե՞ դուք եք դրանք մերժել:
– Ինստիտուտն ավարտել եմ 2016-ին, իսկ սովորելու տարիներն վարպետս չէր թողնում, որ նկարահանվեինք նախագծերում: Հետո արդեն գնացի Կապանի թատրոն ու տրվեցի այդ արվեստին: Առհասարակ մոռացել էի տեսախցիկի գոյության մասին:
– Իսկ ինչպե՞ս ստացաք «Ամուսնացածների լիգայում» նկարահանվելու առաջարկը:
– Ամեն ինչ շատ պատահական ստացվեց. Ես տանը քնած էի, երբ զանգ եկավ ու քասթինգին մասնակցելու հրավեր ստացա: Երկար չմտածելով` եկա Երևան, փորձաշրջան անցա, և հաջորդ իսկ օրը կրկին զանգ ստացա, թե անցել եմ: Նրանք ինձ գտել էին հենց Գյումրու թատրոնից, առաջարկն ինձ համար էլ էր անսպասելի, բայց, ինչ խոսք, շատ հաճելի:
– Կպատմե՞ք, թե ի՞նչ մթնոլորտ է տիրում ձեր թիմում:
– Շատ հետաքրքիր աշխատանքային պրոցես է տիրում: Նկարահանման հրապարակում ես դեռևս սկսնակ եմ: Ինձ համար ամեն ինչ նոր է, բայց պետք է խոստովանեմ, որ մեծ օգնություն են ցուցաբերում խաղընկերներս, որոնց շատ շնորհակալ եմ: Նրանցից շատ բան եմ սովորում, ինձ համար նրանք կենդանի օրինակ են:
– Դերասանական խմբին մինչ այս ծանո՞թ էիք:
– Միայն որպես հանդիսատես: Ես հայտնվեցի մի վայր, ուր ինձ բոլորն էին անծանոթ, բայց նրանց հետ կարճ ժամանակում ընկեր դարձանք: Շատ ուրախ եմ, որ այս դաշտում առաջին փորձս անցնում է պրոֆեսիոնալ դերասանական և ստեղծագործական թիմում:
– Ո՞վ է Ձեր հերոսուսհին:
– Գիտեք, բացի այն, որ փակագծեր բացելու իրավունքը չունեմ, նաև կարծում եմ, որ օբյեկտիվ չեմ լինի հերոսուհուս նկարագրելիս, ինչպես մարդն է ոչ օբյեկտիվ ինքն իր մասին խոսելիս: Միայն կասեմ, որ շատ հետաքրքիր կերպարներ են ստեղծվել, որոնց շուրջ ծիծաղաշարժ իրադարձություններ են զարգանում:
– Ջեմմա, գիտեմ, որ Ձեր հերոսուհու ամուսինը Սերժոն է, ով ևս առաջին անգամ է նկարահանվում: Դժվար չէ՞ այս առումով:
– Այո, հերոսուհիս` Մաշան ամուսնացած է Անրիի` Սերժոյի հերոսի հետ: Անկեղծ ասաց, ես չեմ էլ զգում, որ Սերժը փորձ չունի, նա իրեն շատ լավ է մատուցում, հետևաբար խնդիրների առաջ չենք կանգնել, միաժամանակ, երկուսս գնում ենք դեպի ավելի լավ խաղի:
– Ջեմմա, հիմա, երբ Ձեզ կճանաչի ոչ միայն հեռուստադիտողն, այլև ֆիլմարտադրողները, գուցե առաջիկայում հրավերներ ունենաք: Հնարավո՞ր է, որ թողնեք թատրոնը ու գաք Երևան:
– Նախ ես շնորհակալ եմ մեր թատրոնի ղեկավարությանը, որ ինձ հնարավորություն են տվել համատեղել: Ինչ վերաբերվում է դուրս գալուն, ոչ, նման բան չի լինի, քանի որ ես հոգով եմ կապված թատրոնին: Ես սովորել եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, հետևաբար պատրաստ եմ համատեղել` երկու տեղում էլ հնարավորինս բարձր որակի աշխատանք ստեղծելով: