Սեպտեմբերի 28-ը կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է
Advertisement 1000 x 90

Սեպտեմբերի 28-ը կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 28-ը կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է: Կատաղությունը (հիդրոֆոբիա) վիրուսային վարակիչ հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական խնդիրներով ու մկանների ջղաձգումներով:

Կլինիկական այս ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:

Մարդու համար վարակի աղբյուր համարվում են հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 1 տարի և ավելին:

Վարակի փոխանցման մեխանիզմը` մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի հետևանքով)։

Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի:

Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է հատկապես թափառող, անհայտ և վայրի կենդանիների կծելու, ճանկռելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար: