Ղազախստանում պահանջում են քանդել բոլշևիկ Լևոն Միրզոյանի պատվին կանգնեցված հուշասյունը
Advertisement 1000 x 90

Ղազախստանում պահանջում են քանդել բոլշևիկ Լևոն Միրզոյանի պատվին կանգնեցված հուշասյունը

Ղազախստանում Ակտոբե քաղաքի բնակիչները տեղական իշխանություններից պահանջել են քանդել բոլշևիկ Լևոն Միրզոյանի պատվին կանգնեցված հուշասյունը, գրում է Rusarminfo-ն:

Նախաձեռնող խմբի անդամներից մեկը՝ Բախիժան Կումանովը, ասել է, թե նախկինում Լևոն Միրզոյանին լավն էին համարում, սակայն ղազախների կարծիքը փոխվել է Միրզոյանի մասին Ռուսաստանի պետական արխիվի փաստաթղթերի հրապարակումից հետո:

«3 տարի առաջ ՌԴ պետական արխիվը հրապարակել է Միրզոյանի` 1937-ի դեկտեմբերի 1-ին ստորագրած ծածկագրված նամակը Ստալինին, որով Միրզոյանը խնդրում է ավելացնել գնդակահարության ենթակա անձանց ցուցակները: Այդ օրվանից նրա անունը կրող փողոցի անվանափոխման և դասագրքերից նրա մասին տեղեկությունների վերացման հարցը մի քանի անգամ բարձրացվել է»,- ասել է Կումանովը:

Ակտոբեի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին դեմ են հուշարձանի քանդմանը և պնդում են, որ Ղազախստանը պետք է երախտապարտ լինի Միրզոյանին: «Վերոնշյալ փաստաթուղթը ոչ ոք չի տեսել, ոչ մի տեղ այն չի հրապարակվել: Հրապարակեք, հետո դատենք այդ մասին»,- ասել է Ակտոբեի հայ համայնքի ղեկավար Հարություն Մելիքյանը:

2017-ի օգոստոսի 22-ին Ակտոբեի իշխանությունները հավանություն տվեցին Միրզոյանի անվան փողոցի վերանվանելու որոշմանը, սակայն փողոցը դեռ նրա անունն է կրում:

2001-ին Ղազախստանի նախագահի արխիվը թողարկել է «Լևոն Միրզոյանը Ղազախստանում: Փաստաթղթերի և նյութերի հավաքածու» գիրքը, որում ներկայացված են տեղեկություններ, ըստ որոնց, Միրզոյանը նպաստել է Ղազախստանի գյուղատնտեսության վերելքին խորը ճգնաժամից, մշակույթի և գյուղատնտեսության զարգացմանը, ազգային կադրերի ձևավորմանը: Սկզբում փորձել է զսպել բռնաճնշումների ալիքը, սակայն ավելի ուշ, հասկանալով, որ ինքը ևս պոտենցիալ զոհ է, ակտիվ մասնակցություն է ունեցել»:

armtimes.com