Armtimes.com-ի՝ Ազգային ժողովի աղբյուրները փոխանցում են, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ ղեկավարությանը, որպեսզի ԱԺ-ն փոխհատուցի Երևանում վարձակալած իր բնակարանի գումարը: Մեր այս տեղեկությունն armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց նաև պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
«Օրենքը դա թույլ է տալիս, և ես ուզում եմ օգտվել օրենքի՝ ինձ ընձեռած հնարավորություններից»:
Նշենք, որ Վարդան Ղուկասյանը մինչ այս աշխատանքի գալիս էր Գյումրիից: Դիտարկմանը, թե ամեն օր Գյումրիից Երևան գնալ-գալը բա՞րդ է, Ղուկասյանն ասաց.
«Դա ու՞մ գործն է, ինչո՞ւ եք իմ անձնականից հարցնում: Եթե ասեմ, որ դժվար է, ո՞վ է օգնելու, դու կարո՞ղ ես մի բանով օգնել»,-ասաց Ղուկասյանը:
Armtimes.com-ի այն հարցին, թե մայրաքաղաքում տուն չունե՞ք, պատգամավորն ասաց. «Չէ, ցավոք սրտի: Ես օլիգարխ չեմ»:
Նշենք՝ օրենքը թույլ է տալիս, որ ԱԺ բյուջեից փոխհատուցել պատգամավորի վարձակալած բնակարանի համար: Ինչպես armtimes.com-ին տեղեկացրեց ԱԺ լրատվության վարչության պետ Ասեն Բաբայանը, այդ գումարը չի կարող գերազանցել 100 հազար ՀՀ դրամի սահմանը:
Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի բնակարաններին՝ նշենք, որ նա Գյումրու սկանդալներով ամենահայտնի «Սլաբոտկա» կոչվող թաղամասում ունի շքեղ երկհարկանի առանձնատուն:
Նշենք նաև, որ ԱԺ պատգամավորները ստանում են բազային աշխատավարձի`66 հազար ՀՀ դրամի տասնապատիկը: Այն կազմում է 660 հազար ՀՀ դրամ: