Երևանում ինժեներական քաղաք ստեղծելու հարցը շարունակում է օրակարգում մնալ: Ծրագրի ֆինանսավորման համար հեղինակներն ակտիվ բանակցություններ են վարում Հայաստանի կառավարության և մասնավոր այլ անձանց հետ:
«Արմենպրես»–ի հետ զրույցում ծրագրի հեղինակ ամերիկյան National Instrumnets կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աշխատակից,
համակարգային ինժեներ Գուրգեն Մարդոյանը նշեց, որ ինժեներական քաղաքի շինարարության համար տարածքն արդեն հատկացվել է, և ամեն ինչ պատրաստ է շինարարական աշխատանքները սկսելու համար:
«Այս պահին ֆինանսավորման համար բանակցություններ են գնում, բայց հույս ունենք, որ շատ շուտով կմեկնարկի շինարարությունը, և առաջիկայում կունենանք «ինժեներական քաղաք», որի արդյունքում Հայաստանում շատ լուրջ հաջողություններ կարձանագրենք տարբեր ուղղություններով»,- ընդգծեց Մարդոյանը:
Նա հավելեց, որ կառավարությունը ծրագիրը մասնակի ֆինանսավորելու պատրաստակամություն հայտնել է, տարբեր մարդկանց հետ էլ այս պահին ակտիվ բանակցություններ են տարվում ֆինանսավորումն ապահովելու համար: «Ինժեներական քաղաքը լինելու է հայկական կազմակերպությունների համախումբ, որոնք ունեն ընդհանուր օգտագործման արտադրամաս, ընդհանուր օգտագործման թեստավորման և վավերացման սարքավորումներ և բազա, որոնք միասին մտնում են մեծ համաշխարհային նախագծերի մեջ, որոնք համագործակցում են պոլիտեխնիկի հետ գիտական նոր ուղղություններ մտցնելու համար»,- ասաց Գուրգեն Մարդոյանը:
Ինժեներական քաղաքի շինարարության համար բավականին մեծ տարածք է հատկացվել Ջրվեժին հարակից Բագրևանդի ճանապարհին:
Ավելի վաղ «Արմենպրես»–ի հետ զրույցում Երևանում ինժեներական քաղաք ստեղծելուն անդրադարձել էր նաև
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
Տարասյանը հայտնել էր, որ այն լինելու է հայկական ստարտափերի էկոհամակարգ:
Այս պահին շուրջ 17 ստարտափ կազմակերպություն կան, որոնք պատրաստ են ստեղծել այդ քոթեջային քաղաքը: Դրանք ունենալու են առանձին մասնաճյուղեր: Ստեղծվելիք ինժեներական քաղաքում լինելու է ինկուբատորի վարչական շենք, և այն ստարտափ կազմակերպությունները, որոնք կզբաղվեն ինժեներինգով, սակայն ունակ չեն լինի մի քանի հարյուր հազար դոլար հատկացնել և վարչական շենք կամ լաբորատորիա կառուցել, կարող են տեղ վարձել ինկուբատորում և օգտվել սարքավորումներից, որոնք արդեն տեղադրված են լինելու ինժեներական քաղաքում: