Ամազոնուհիներ
Advertisement 1000 x 90

Ամազոնուհիներ

Ըստ հին հունական դիցաբանության, լեգենդար ամազոնուհիները բնակվել են Սև ծովի ափին, Փոքր Ասիայի հյուսիս-արևելյան հատվածում: Նրանց գլխավոր քաղաքը Թեմիսկիրան էր, որը գտնվել է այժմյան Թուրքիայի Տրապիզոն և Սինոպ քաղաքների միջև ընկած տարածքում:

Ամազոնուհիները համարվել են պատերազմի աստված Արեսի և Նիմֆա Հարմոնիայի դուստրերը (շատերը կարծում էին, որ նրանք Աֆրոդիտեի և Արեսի դուստր Օտրերուի զավակներն են): Նրանք երկրպագում էին իրենց հորը՝ Արեսին և Արտեմիս աստծուն:

Ամազոնուհիների մասին գոյություն ունի երկու լեգենդ: Համաձայն առաջինի, Հերակլեսի 9-րդ սխրագործությունն էր արշավանքը դեպի ամազոնուհիների երկիր՝ Հիպոլիտե թագուհու գոտին ձեռք բերելու համար: Ըստ երկրորդ լեգենդի, Թեսևսը նվաճում է ամազոնուհիների Թեմիսկիրա քաղաքը և գերի վերցնելով նրանց թագուհի Անտիոպեին, իր հետ տանում է Աթենք: Անտիոպեն դառնում է Թեսևսի կինը: Զայրացած ամազոնուհիները ներխուժում են Ատտիկա և պաշարում քաղաքը՝ մտադրվելով վրեժխնդիր լինել իրենց քաղաքն ավերելու և սիրելի թագուհուն առևանգելու համար: Անտիոպեն Թեսևսի հետ կողք կողքի մարտնչում է ամազոնուհիների դեմ, քանի որ չի ցանկանում լքել իր սիրելի ամուսնուն: Ճակատամարտի ժամանակ Անտիոպեն զոհվում է ամազոնուհիներից մեկի արձակած նետից: Ամազոնուհիները մասնակցում են նաև Տրոյական պատերազմին՝ կռվելով հույների դեմ, մինչև որ Աքիլեսը չի սպանում նրանց թագուհուն և կոտրում նրանց մարտական ոգին:

Հերոդոտոսը գտնում էր, որ ամազոնու-հիները հետագայում վերաբնակեցվել են Սկյութիայում և խառնվել սկյութացիների հետ: Ավելի ուշ շրջանի աղբյուրներից մենք տեղեկանում ենք, որ ամազոնուհիները բնակվել են նաև Լիբանանի տարածքում:

Ամազոնուհիները հիմնել են Սմիրնա և Էֆես քաղաքները: Հենց Էֆեսում էր գտնվում Արտեմիսի տաճարը՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:

Ամազոնուհիների միությունը համարվել է «ethnos gynaikakratoumenoi», այսինքն՝ ազգ, որտեղ իշխում են կանայք: Ամազոնուհիները մշտական ամուսնական զուգընկեր չեն ունեցել: Սերունդը շարունակելու համար նրանք տարվա մեջ 2 ամսով սեռական հարաբերություններ էին ունենում հարևան ցեղերի տղամարդկանց հետ: Նորածին աղջիկներին նրանք պահում էին իրենց մոտ՝ դաստիարակելով որպես ապագա մարտիկներ, իսկ արու զավակներին սպանում էին:

Գոյություն ունի թյուր կարծիք, թե իբր ամազոնուհիներն այրում էին իրենց աջ կուրծքը, որպեսզի այն չխանգարեր նետ ու աղեղից կրակելու ժամանակ: Ըստ այս կարծիքի, ամազոնուհիների անվան ստուգաբանությունը կապված է «A mazos» բառի հետ, որը թարգմանաբար նշանակում է` «առանց կրծքի»: Իրականում կուրծքը ոչ մի կերպ չի կարող խանգարել նետով կրակելու ժամանակ: Բացի այդ, ամազոնուհիները նետ ու աղեղի փոխարեն նախընտրում էին կռվել մարտական լաբրիս (labrys) կոչվող կացնով:

Ամազոնուհիների մասին պատմությունները երկար ժամանակ լեգենդ էին թվում, սակայն հետագայում պարզ դարձավ, որ դրանք ունեն իրական հիմքեր:

1928թ. խորհրդային գիտնականները Սև ծովի ափի մոտ գտնվող Զեմո-Ախվալ վայրում՝ այնտեղ, որտեղ ժամանակին բնակվել են ամազոնուհիները, պեղումներ կատարելիս սենսացիոն հայտնագործություն կատարեցին: Նրանք նախապատմական շրջանի մի դամբարան հայտնաբերեցին, որտեղ թաղված էր սպառազինված իշխան, որի կողքին երկկողմանի կացին էր դրված: Ավելի մանրակրկիտ հետազոտությունները ցույց տվեցին, որ հանգուցյալն իշխանուհի էր:

1971թ. Ուկրաինայում գիտնականները հայտնաբերեցին թագավորական շուքով թաղված մի կնոջ, ում կողքին գտան փոքրիկ աղջկա կմախք՝ նույնքան շքեղ զարդարված: Նրանց հետ թաղված էին զենքեր և բազմաթիվ ոսկյա իրեր։

1993-1997թթ. Ղազախստանի Պոկրովկա բնակավայրում գիտնականները հայտնաբերեցին կին զինվորների գերեզմաններ: Կանանց կողքին դրված էին դաշույններ և նետեր: Կմախքները մոտ 2500 տարեկան են: Կարծիք կա, որ սրանք Տրոյական պատերազմից հետո կենդանի մնացած ամազոնուհիներն են, ովքեր թաքնվել են կովկասյան լեռներում, հետո քոչել ղազախական տափաստաններ:

Այսօր Վոլգայի և Ուրալի միջև ընկած տարածքը դարձել է գիտնականների աշխատավայրը: Հնէաբան Լեոնիդ Յաբլոնսկին և նրա ամերիկացի գործընկերուհի դոկտոր Ժանին Դևիս Քիմբելը պեղումների ժամանակ հայտնաբերեցին 6 դատարկ անցքեր: Գերեզմանի դիրքն ու չափը հույս էր ներշնչում, որ այն կարող էր լինել ամազոնուհիների գաղտնիքի բացահայտման բանալին: Գիտնականներն այստեղ հայտնաբերեցին լավ պահպանված մարդկային գանգ, որի կողքին դրված էր հայելի: Հայելին քոչվոր ցեղերի համար հոգևոր սիմվոլ էր: Գտնված ոսկորի փորձաքննությունը թույլ է տալիս եզրակացնել, որ մահացածը կին է: Մեկ այլ կարևոր հանգամանք ևս. ենթադրյալ կնոջ կոնքոսկրերը անսովոր ձև ունեն՝ ծռված են: Սա կարող է նշանակել, որ նա հաճախ է ձիավարել:

Գտնված ոսկորների տարիքը համընկնում է այն շրջանի հետ, երբ ամազոնուհիների մասին լեգենդները տարածված էին ողջ աշխարհով: Պեղումների վայրում գիտնականները գտան նաև 110 նետի ծայր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ խոսքը գնում է կին զինվորի մասին: Հնէաբանները կարծում են, որ այս գերեզմանաբլուրը կառուցվել է ամազոնուհիների թագուհու համար: Հանգուցյալը թաղվել է հարձակման դիրքով: Մնում է պարզել մի կարևոր հանգամանք: Ամազոնուհիներին նկարագրել են բարձրահասակ և շիկահեր, իսկ ինչպիսի՞ն են եղել նրանք իրականում: Վերջնական ապացույց ունենալու համար անհրաժեշտ է ճշտել հանգուցյալի սեռը: Օգնության է գալիս դոկտոր Յոահիմ Բուրգերը` Գերմանիայից, եզակի մասնագետներից մեկն, ով կարողանում է նման հին ոսկրային նյութից ԴՆԹ-ի հուսալի օրինակներ հանել և որոշել հանգուցյալի սեռն ու ծագումը: Պարոն Բուրգերն այդ փորձերի մասին ասում է. «Ոսկորները լավ տեսք ունեն, դրանք շատ սպիտակ են և սղոցելիս հոտ են արձակում, իսկ դա նշանակում է, որ ոսկորի մեջ դեռ բավական օրգանական նյութ կա և դա՝ 2500 տարի գերեզմանաբլրում լինելուց հետո»:

Մյունհենում Քիմբելը ցանկանում է համեմատել Ռուսաստանում հայտնաբերված գտածոները պատմական տվյալների հետ: Քիմբելը հանդիպում է Մյունհենի պետական հնագիտական թանգարանի պատմաբան Վինցենտ Բրիկմանի հետ: Այս թանգարանում են գտնվում ամազոնուհիներին պատկերող ամենաարժեքավոր կտավները: Կտավներում պատկերված հագուստը համապատասխանում է Ռուսաստանում պեղումների ժամանակ հայտնաբերված իրերին: Կտավներում ամազոնուհիները պատկերված են լուսանի մորթուց կարված հագուստներով և երկարաճիտ կոշիկներով, իսկ հայտնաբերված դամբարանների պատերին պատկերված էին լուսաններ: Կտավներում և դամբարանում հայտնաբերված իրերի նույնիսկ ամենափոքր դետալների նմանությունն ապշեցնում է:

 

Կենդանի լեգենդ. Ուղևորություն դեպի Մոնղոլիա

Ամազոնուհիների սերունդների հետքերը գտնելու նպատակով Քիմբելն ուղևորվում է Մոնղոլիայի հեռավոր սահմանամերձ Ուլգիի շրջան՝ քոչվորների երկրի միակ բնակեցված վայրը: Այստեղ հոգ են տանում ավանդույթները պահպանելու մասին: Կրկնակի ճկված աղեղն այստեղի ավանդական զենքի տեսակն է, այն նույնիսկ ամենաչնչին դետալներով նման է ամազոնուհիների զենքին: Ուլգիում կա մի փոքրիկ անհայտ թանգարան, որն իսկական գանձարան էր Քիմբելի համար: Թանգարանի աշխատողները ցույց են տալիս հագուստները և այլ իրեր, որոնք իրենց են տրամադրել քոչվոր ընտանիքները: Մարգարիտով զարդարված սրածայր գլխարկները նման են անապատի գերեզմաններում հայտնաբերված գլխարկներին: Հին հույները ամազոնուհիներին պատկերում էին հենց այդպիսի գլխարկներով:

Ժամանակակից ամազոնուհու որոնումները

Այժմ մնում է միայն ապացուցել, որ ամազոնուհիների մասին գոյություն ունեցող անհամար պատմությունները հեքիաթ չեն: Հարց է ծագում՝ կարո՞ղ են այսօր գոյություն ունենալ ամազոնուհիներ: Պատասխանը Քիմբելը որոնում է Մոնղոլիայի սարերում: Քոչվորների հեռավոր ամառային ճամբարում հազվադեպ են այցելուներ լինում: Այս մարդիկ, կարելի է ասել, ապրում են նույն կերպ, ինչ 2500 տարի առաջ: Այստեղ պատմությունը սերնդից սերունդ փոխանցվում է բանավոր կերպով։

Մայնցի համալսարանում Յոահիմ Բուրգերը և նրա թիմը 6 ամիս շարունակ հետազոտում էին անապատի մարտիկների գենետիկական կոդը: 15-ից 14-ի դեպքում գիտնականները կարողացան ստանալ ԴՆԹ-ի ցանկալի տվյալները: Արդյունքներն ապշեցուցիչ էին: «Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ առկա է միայն X քրոմոսոմը»,- ասում է դոկտոր Բուրգերը: Փաստորեն, խոսքը գնում է կին մարտիկների մասին, որոնք էլ հավանաբար հիմք են ծառայել ամազոնուհիների մասին բազմաթիվ պատմությունների համար: Տասնյակ հազարավոր ԴՆԹ բազաներում Բուրգերը գտավ յուրահատուկ «Haplotyp» տեսակի շատ հազվագյուտ ժառանգական ինֆորմացիան, որից մինչ այդ աշխարհում հայտնաբերվել էր միայն չորս անգամ: Սա ամազոնուհիների հետքն է:

theseus_amazons

Վիրտուալ ամազոնուհին

Ամազոնուհիները համարվում էին Արես աստծո դուստրերը, նրանք պետք է որ եվրոպական արտաքին ունենային և բարձրահասակ լինեին: Եվ եթե խոսքը գնում է արտաքինի մասին, ապա մոնղոլ քոչվորները արտաքնապես շատ քիչ նմանություն ունեն մեր պատկերացրած ամազոնուհիների հետ:

Վիսբադենի Ոստիկանության Դաշնային քրեական բաժանմունքում գոյություն ունի մարդկանց իդենտիֆիկացման բաժանմունք: Այստեղ են աշխատում դեմքի ռեկոնստրուկցիայի աշխարհի լավագույն մասնագետները: Նրանք կարողանում են ստանալ մահացած մարդու պատկերը, նույնիսկ, եթե նա մահացել է 2500 տարի առաջ: Մասնագետներին բավական են միայն գանգի չափման և ԴՆԹ-ի տվյալները: Անապատում հայտնաբերված գանգի միջոցով հնարավոր է լինում ստանալ ամազոնուհու կենդանի պատկերը. կին՝ ուժեղ, համարյա տղամարդկային դիմագծերով: Առաջին հայացքից սա ավելի եվրոպական տիպ է և ոչ մի ընդհանրություն չունի քոչվոր ցեղերի հետ: Սակայն վերջնական արդյունքի համար որոշիչ դեր են խաղում ոչ թե արտաքին տվյալները, այլ ԴՆԹ-ի արդյունքները:

Մայրամգյուլ անունով փոքրիկ ամազոնուհին

Ամազոնուհիների որոնումների վերջնակետն անցնում է 4000մ բարձրության վրա՝ Չինաստանի սահմանի մոտ: Քոչվորների ընտանիքն այստեղ միակն է, ուրիշ ճամբար չկա: Նրանք ապրում են զինվորների նման և թաղում են հանգուցյալներին` ինչպես 2500 տարի առաջ: Նրանք իրենց մոնղոլ չեն համարում, ասում են՝ ղազախներ են: Հարյուրամյակներ շարունակ նրանք միախառնվել են այլ ցեղերի հետ: Սակայն, ընտանիքի մոր ասելով, պատահում է, որ ժամանակ առ ժամանակ նրանց ընտանիքում մի աղջիկ է ծնվում, ով առանձնանում է բոլորից: Խարտյաշ մազերով աղջիկ: Աղջկա աչքերը շագանակագույն են, ոչ թե սև, ինչպես հատուկ է մոնղոլներին։ Դիմագծերը մոնղոլական են, սակայն խարտյաշ մազերը բնորոշ են եվրոպացիներին: Այս արտաքինն իրոք անսովոր է մեր օրերում: Ամեն դեպքում, Մայրամգյուլը (այդպես են կոչում աղջկան) կապ ունի ամազոնուհիների հետ, թե ոչ, կապացուցի ԴՆԹ անալիզը: Թեև մայր և աղջիկ արտաքնապես շատ տարբեր են, նրանք հանդիսանում են միևնույն ժառանգական ինֆորմացիայի կրողը: Կնոջ ԴՆԹ-ն հազարամյակներով անցնում է սերնդից սերունդ: Կրկին անհրաժեշտ է Դոկտոր Յոահիմ Բուրգերի և Մայնցի լաբորատորիայի խմբի օգնությունը: Մայրն ու աղջիկը հետազոտման համար թքի նմուշ հանձնեցին: Արդյունքները պարզ դարձան մի քանի օր հետո։ Սա իսկական սենսացիա էր. գտնված ամազոնուհու գենը նույնական էր մոնղոլ աղջնակի գենի հետ: Սա նշանակում է, որ նրանք գենետիկորեն ընդհանուր նախնիներ ունեն: Ամազոնուհին ապրում է: Մայրամգյուլը տափաստանի մարտիկների հետևորդն է, այն կանանց, որոնք ապրել են 2500 տարի առաջ և ոգեշնչել են տարբեր լեգենդների ստեղծումը:

Մերի Հովհաննիսյան

«3 Միլիոն»