Հայաստանին հեպատիտ A-ի բռնկման վտանգ չի սպառնում
Advertisement 1000 x 90

Հայաստանին հեպատիտ A-ի բռնկման վտանգ չի սպառնում

Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին արձանագրվել է հեպատիտ A-ի 32 դեպք։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Հայաստանի համար վտանգավոր է վերջերս ԱՄՆ-ում և Եվրոպայում արձանագրված հեպատիտ A-ի բռնկումը։

Ըստ Լիանա Թորոսյանի, դեպքերի փոքր թիվը նշանակում է, որ Հայաստանն այդ առումով ապահով և կայուն երկիր է։ Նրա հավաստմամբ՝ հիվանդության դեպք արձանագրելիս հիվանդի հետ շփված բոլոր անձանց կանխարգելիչ պատվաստումներ են կատարում, քանի որ այդ հիվանդության դեմ պատվաստումներն ազգային օրացույցում ներառված չեն, այլ կատարվում են համաճարակաբանական ցուցումներով: Մասնագետը պարզաբանեց, որ հեպատիտներից կանխարգելիչ պատվաստում կատարում են միայն հեպատիտ B-ի դեմ՝ նորածինների շրջանում:

Լիանա Թորոսյանի խոսքով՝ վերջին տարիների համաճարակաբանության դիտարկումները վկայում են, որ Հայաստանում հեպատիտ A-ով հիվանդացությունը զգալի նվազման միտում ունի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում գրանցվել է վերջին 20 տարում հեպատիտ А-ի ամենախոշոր համաճարակը։ Հիվանդության բռնկումներ են գրանցվել Քալիֆորնիայի, Միչիգանի և Կոլորադոյի նահանգներում։ Սան Դիեգոյում, Սանտա Քրուզում և Լոս Անջելեսում պաշտոնապես գրանցվել է հեպատիտ А-ի 560 դեպք, որից մահացել է 17 մարդ։ Քալիֆորնիայի նահանգապետը նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։

Վերջերս «Ռոսպոտրեբնադզորը» նույնպես նախազգուշացրել էր ԵՄ երկրներում հեպատիտ А–ի բռնկման մասին։