Պատմաբան Վահեն Անթանեսյանը իր միկրոբլոգում մանրամասն ներկայացրել է պատմական Այնթապի պաշտպանության պատմությունը:
1915-1922 թվականների հայոց ցեղասպանությունը հայության խարանն է:
Մի քանի տարվա ընթացքում հայությունը կորցրեց իր պատմական հայրենիքն ու շուրջ 1,5 միլիոն մարդկային կորուստ ունեցավ:
Անկախ նրանից, թե ի՞նչ մեթոդներ կիրառեցին երիտթուրքերը ցեղասպանության իրագործման ժամանակ, հայությունն արժանապատիվ դիմադրություն չցուցաբերեց ոսոխին:
Շուրջ կես միլիոն քառակուսի կիլոմետր ընդգրկող մեր պատմական հայրենիքում սոսկ մի քանի բնակավայրեր ապստամբեցին թուրքերի դեմ: Ապստամբեցին՝ հիմնականում անկազմակերպ, տարբեր ժամանակամիջոցներում, հաշվի առնելով ոչ թե հայության համահավաք շահերը, այլև՝ սոսկ գոյամարտի ելան…
Մինչդեռ, անցյալ դարասկզբին Հայկական բարձրավանդակի բնակչության մոտ 70 տոկոսը հայաբնակ էր, և, եթե հայությունը կամք ու ինքնակազմակերպման որակներ ցուցաբերեր, Օսմանյան Թուրքիան ոչ միայն չէր կարող իր դիվային ծրագիրը կյանքի կոչել, այլև մենք այսօր մեծ ու հզոր պետություն կունենայինք…
Երիտթուրքերի ծրագրերի դեմ ապստամբած փոքրաթիվ բնակավայրերից էր նաև Այթապը…
Այնթապը ներկայումս կոչվում է Գազիանթեպ: Իր գրեթե մեկ միլիոն բնակչությամբ, Թուրքիայի հանրապետության մեծությամբ, վեցերորդ քաղաքն է այժմ: Գազիանթեպ թուրքերեն նշանակում է Քաջ Այնթապ: Ի նշանավորումն 1921 թվականին ֆրանսիական բանակի դեմ մղած Այնթապի թուրքերի պայքարի, Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը քաղաքը 1928 թվականին այդպես է անվանակոչել:
Այնթապը գեղեցիկ քաղաք է: Այն գտնվում է Կիլիկիո սահմանագլխին, Եփրատի վտակ Սաջուր գետի ափին:
Պատմական գրականության մեջ Այնթապը որպես բերդաքաղաք հիշատակվում է 10-րդ դարից: Այն նախ մտել է Գող Վասիլ Կամսարականի, ապա՝ Եդեսիայի խաչակիր իշխանության կազմի մեջ: 13-րդ դարում Կիլիկիո հայոց արքաները փորձեր ձեռնարկեցին գրավել Այնթապն ու միացնել Կիլիկիայի հայոց թագավորությանը, սակայն հաջողության չհասան: 14-րդ դարում քաղաքը գրավեցին եգիպտական մամլուքները, քիչ անց՝ Լենկ-Թեմուրի զորքերը: Իսկ 16-րդ դարի սկզբից այն վերջնականապես գրավեցին օսմանյան թուրքերը:
1915 թվականին Այնթապն ուներ շուրջ 50,000 բնակիչ, ուր հայերը (շուրջ 20,000) պարզ մեծամասնություն էին կազմում: Մնացյալը թուրքեր, քրդեր և արաբներ էին: Քաղաքում կային 6 հայկական եկեղեցիներ, 18 հայկական դպրոցներ, ամերիկյան միսիոներների հիմնած օրիորդաց վարժարան, որի սաների հիմնական մասը հայուհիներ էին, ճեմարան: Այնթապում նաև ,,Մենտոր,, հայատառ, թուրքերեն թերթն էր հրատարակվում:
Պետք է նշել սակայն, այս ամենի հետ մեկտեղ, Այնթապի հայության կեսը թրքախոս էր:
Այնթապի ողջ տնտեսությունը հայերի ձեռքում էր: Հայերը հաջողակ էին առևտրում, երկրագործության մեջ և բարեկարգ տներում էին բնակվում: Թուրքական տարրը հիմնականում հոտաղությամբ էր զբաղվում:
Դեռևս 1895 թվականին Այնթապում մեծ լարվածություն առաջացավ հայերի և թուրքերի միջև, բայց բախումը հաջողվեց կասեցնել:
Սակայն դա ազդակ էր, որ քաղաքի հայությունը զինվի: Հենց այնթապահայերի զինված լինելը նրանց փրկեց 1909 թվականների կոտորածից, երբ Ադանայում տասնյակ հազարավոր հայեր զոհ գնացին թուրքական յաթաղանին:
1915 թվականի եղեռնի օրերին, չնայած տեղի հայության շրջանում մարտական ոգու և զենքի առկայությանը, այթապահայությունը չդիմադրեց թուրքերին: Առհասարակ, կիլիկիահայության դիմադրությունն այդ օրերին կազմալուծվեց Կիլիկիո Սահակ կաթողիկոսի դավաճան կեցվածքի պատճառով:
Քանի, որ Այնթապը յուրահատուկ ճամփաբաժան էր Մարաշից դեպի Դեր Զոր տանող ճանապարհին, Կիլիկիայի հայաբնակ բնակավայրերից բոլոր քարավաններն անցնում էին հենց Այնթապի միջով: Եվ այնթապահայերը 1915 թվականի մայիսից ականատեսն էին դեպ մահ գնացող առաջին քարավաններին: Սակայն ցավոք, դրանից այնթապահայերը դաս չքաղեցին:
Բուն Այնթապում տեղահանությունն ավելի ուշ սկսվեց: Այնթապի կառավարիչ Շյուքրու Բեյը և ռազմական հրամանատար Հիլմի բեյը մինչև վերջ ընդդիմացան Այնթապի հայաթափմանը: Բայց, ընկրկեցին երիտթուրքերի կառավարության կոշտ դիրքորոշման առաջ: Իսկ բուն Այնթապում երիտթուրքական կուսակցության ներկայացուցիչներ Ալի Ջենանի և Ֆադըլ բեյերը շարունակ գրգռում էին թուրքերին՝ հայերին կոտորելու կոչերով:
Նրանք Ստամբուլ հեռագրեր են ուղարկում և կառավարությանը հայտնում, թե հայերը նախապատրաստվում են հարձակվել տեղի մզկիթների վրա, ուզում են սպանել թուրքերին, վառել ու ավերել թուրքերի տները, թալանել ինչքը: Թուրքիայի Ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշան իր տեղակալ Ֆեհրի փաշային ուղարկում է Այնթափ՝ տեղում իրավիճակը քննելու համար։ Ֆեհրի փաշան իր զեկուցագրում հերքում է այդ հերհյուրանքները:
1915 թվականի հուլիսի վերջին «Միություն և առաջադիմություն» կուսակցության պատասխանատու քարտուղար Ջեմալ բեյը Այնթափ է գալիս։ Նրա նպատակը տեղի թուրքերի միջոցով կառավարությանը համոզելն էր, որ աքսորեն այնթապահայությանը: Տասնյակ հեռագրեր են ուղղվում դեպ Ստամբուլ: Ի վերջո, կառավարությունը որոշում է կազմակերպել այնթապահայության տեղահանությունը: Իմանալով այդ մասին՝ Շյուքրու Բեյը և Հիլմի բեյը հրաժարական են ներկայացնում: Շյուքրու բեյին փոխարինում է Ահմեդ բեյը, ով իրականացրեց հայերի տեղահանությունը:
1915 թվականի օգոստոսի 1-ից 13-ը այնթապահայերի վեց քարավաններ բռնում են Դեր-Զորի ճամփան: Հայերի հեռանալուց անմիջապես հետո սկսվում է թալանը:
1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրուսի զինադադարով, Թուրքիան իրեն պարտված ճանաչեց պատերազմում: Դա առիթ հանդիսացավ, որ ցեղասպանությունը վերապրած շատ այնթապցիներ վերադառնան բնօրրան ու նոր կյանք կառուցեն: Քաղաքում հաստատվեցին 10,000 այնթապցիներ և 8000 սեբաստացիներ:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիան ձգտելով տեր կանգնել թուրքական ժառանգությանը, զորքերը մտցրեց Կիլիկիա և Այնթապն անցավ ֆրանսիական տիրակալության տակ: Թվում էր, դա հայության կյանքի և ինչքի ապահովության երաշխիք կարող է հանդիսանալ:
Սակայն Թուրքիան անձնատուր չեղավ: Ասպարեզում հայտնվեց թուրքական ազգայնականությունը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ: Վերջինս իր շուրջը համախմբելով թուրքական բանակի մնացորդներն ու ազգայնական ոգով տոգորված թուրք գործիչներին՝ նպատակ էր դրել Թուրքիան ազատել օտար բանակներից և ստեղծել մեծ, ամուր պետություն:
1919 թվականի աշնանից Այնթապում դարձյալ սրվեց իրավիճակը: Քաղաքում հաստատված ֆրանսիական բանակն ու հրամանատարությունը երկդիմի քաղաքականություն էին վարում:
Հաշվի առնելով նախորդ, դառը փորձը, հայությունն սկսեց զինվել: Զենքի կոչվեցին տղամարդիկ: Զինված խմբերում ընդգրկվեցին նաև երիտասարդ աղջիկներ ու կանայք: Ընդհանուր առմամբ՝ զենքի կոչվեցին 750 հոգի: Հայերը քաղաքը բաժանեցին պաշտպանական 11 շրջանների: Ստեղծվեցին զինվորական, պարենավորման, դատական հանձնախմբեր: Առանձին մարդիկ զինագործությամբ էին զբաղվում. հնամաշ, գործածությունից դուրս եկած հրացաններն էին վերանորոգում, ռումբեր պատրաստում: Հայերին հաջողվեց անգամ վերանորոգել լքված ու գործածությունից դուրս եկած մի հին թնդանոթ ու կիրառել մարտերի ընթացքում:
Այնթապում հայության ինքնապաշտպանության կազմակերպման համար ձևավորվել էր հատուկ կոմիտե՝ Արթուր Լևոնյանի և Ավետիս Գալեմքարյանի ղեկավարությամբ: Ինքնապաշտպանական կռիվների ակտիվ կազմակերպիչներից մեկը ծխական քահանա Ներսես Թավուգճյանն էր: Ինքնապաշտպանության առաջնորդները իսկապես, հանդես բերեցին աննկուն կամք և մեծ գիտելիքներ՝ փոքրաթիվ ուժերով հակահարված տալով թուրքերին:
1920 թվականի մարտի վերջին թուրքական զորքերն արշավեցին Այնթապի վրա: Այնթապի ինքնապաշտպանությունն ամենաերկարատևը դարձավ 1915-1921 թվականների հայ-թուրքական բախումներում: Շուրջ 314 օր՝ 1920 թվականի ապրիլի մեկից, մինչ 1921 թվականի փետրվարի 8-ը քաղաքի հայությունը հերոսական դիմադրություն ցուցաբերեց թուրքերին:
Կռիվը կատաղի էր: Հայերը կարողացան բոլոր ճակատներում հերոսական դիմադրություն ցուցաբերել և հաղթանակներ տոնել: Թուրքերը հազարավոր զոհեր տալով՝ նահանջում էին, վերախմբավորում ուժերն ու կրկին դիմում հարձակման:
Հայերը պաշտպանվում էին հմտորեն՝ ամրոցի վերածելով յուրաքանչյուր շենք, եկեղեցի ու մզկիթ:
Այնթապի ապստամբությունն աշխարհի հայության ուշադրության կենտրոնում էր: Շատերը նյութական մեծ միջոցներ զոհաբերեցին՝ այնթապահայության կարիքները հոգալու համար: Հատկապես եգիպտահայությունը, որ դրամով ու սնունդով ժամանակին օգնության հասավ պաշարված հայությանը: Մեծ օգնություն ցուցաբերեց նաև Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Այդ օգնությունը փրկեց մարտնչող այնթապահայերին սովամահությունից:
Ամեն դեպքում, ուժերն անհավասար էին, և այնթապահայերն ստիպված էին լքել իրենց հայրենիքը: Հեռանալով Կիլիկիայից՝ նրանք տարագրվեցին ողջ աշխարհով: Նրանց մի մասը հետագայում, հայրենադարձության տարիներին հաստատվեց Խորհրդային Հայաստանի տարածքում: Մասիսի տարածաշրջանի (Արարատի մարզ) Թազագյուղ գյուղը վերանվանվեց Այնթապ:
Մարտնչող այնթապցիներն ստեղծեցին իրենց քայլերգը, որի հեղինակը Հարություն Աղայանն էր:
-Հեռու կեցէ՛ք, դուք վախկոտներ,
Մենք նոր սերունդ նոր Հայկեան.
Մկրտուած ենք հայ արիւնով
Դիւցազներուն, որ ինկան:
Ձայնը ահեղ մեր ռումբերուն
Ի զէն հայեր կը գոռան.
Նահատակաց թարմ դիակներ
Հողին տակէն կը խայտան:
Ա՛խ, հայրենիք, դու Կիլիկիա,
Սրբէ՛ արցունքդ ալ յետին,
Զի քու սիրոյդ տառապանքիդ
Ապրիլ գիտցաւ այնթապցին: