«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և հանրահռչակման նպատակով էպոսի թեմայով հայկական առաջին էլեկտրոնային հավելվածն է ստեղծվել: Այն իրականացել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի ծրագրի շրջանակում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հավելվածը կարելի է ներբեռնել՝ օգտվելով Android մոբայլ օպերացիոն համակարգի Play market բաժնից` գրելով «ՍասունցիԴավիթ»՝ հայերեն կամ անգլերեն:
Հավելվածի հիմնական բաժիններն են՝ ասմունք, ինտելեկտուալ խաղեր (հարցեր էպոսի մասին և հարցեր էպոսից), փազլ և վիքիպեդիայի «Սասունցի Դավիթ» կինոնկարի, «Սասնա ծռեր» մուլտֆիլմի և Ժան Էլոյանի ասմունքի հղումները: էպոսից հարցերին ճիշտ պատասխանելու նպատակով հավելվածում առկա է նաև էլեկտրոնային գիրք, որտեղ ներկայացվում են էպոսի՝ պատասխաններին առնչվող հատվածները:
Իսկ iOS օպերացիոն համակարգում հավելվածը հասանելի կլինի մի քանի ամիս անց:
Հավելվածի ստեղծումը կարևորվում է որպես ազգային, ավանդական, հոգևոր և մշակութային արժեքների վերաբերյալ մատաղ սերնդի տեղեկացվածության և հայրենասիրական ոգու բարձրացման կարևորագույն միջոց: