Կայացել է Chess.com խոշորագույն շախմատային կայքի կազմակերպված PRO Chess League մրցաշարի որակավորման փուլը: Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան:
Որակավորմանը մասնակցում էին 38 թիմեր, որոնք բաժանված էին երկու խմբի՝ առաջին խմբում հանդես էին գալիս Եվրոպան, Աֆրիկան և Հարավային Ասիան ներկայացնող 22 թիմ, իսկ երկրորդում Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Ավտսրալիան և Հյուսիսային Ասիան ներկայացնող 16 թիմ:
Մրցաշարին մասնակցում էր «Հայկական արծիվներ» թիմը, որի կազմում հանդես էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և ազգային վարպետ Արտակ Մանուկյանը: Մեր թիմը հանդես էր գալիս առաջին խմբում:
Լարված պայքարի արդյունքում մեր թիմը վաստակեց 37.5 թիմային միավոր և գրավեց առաջին հորիզոնականը: 37 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Estonian Horses» թիմը, որի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Յաան Էլվեստը, Սերգեյ Շիպովը, Ալեկսանդր Վոլոդինը և Մեելիս Կանեպը: Լավագույն եռյակը եզրափակեց «Mumbai Movers» ակումբը, որը գլխավորում էր հանրահայտ գրոսմայստեր Վիդիթ Սանթոշ Գուջրաթին:
PRO Chess League մրցաշարի եզրափակիչը բաղկացած է լինելու մի քանի մրցաշարերից, որոնցից առաջինը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 17-ին: PRO Chess League մրցաշարի եզրափակչում հանդես է գալու նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ինչպես նաև մի շարք այլ առաջատար շախմատիստներ: