Կառուցվածքային փոփոխություններ, որոնք գաղտնի են պահվում. Վիրահայոց թեմում նոր սկանդալ է հասունանում. hetq.am
Advertisement 1000 x 90

Կառուցվածքային փոփոխություններ, որոնք գաղտնի են պահվում. Վիրահայոց թեմում նոր սկանդալ է հասունանում. hetq.am

Վիրահայոց թեմի առաջնորդի հանրայնացրած՝ թեմում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին լուրերը տարաբնույթ մեկնաբանությունների և վրդովմունքների առիթ են դարձել: Հիշեցնենք՝ այլ ծառայության կոչվելու և փոխառաջնորդարանում սպասվող կառուցվածքային փոփոխությունների հիմնավորմամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Նոր փոխանորդ դեռ չի նշանակվել: Նշանակվելու է, թե ոչ՝ հստակ չէ: Եվ ընդհանրապես՝ կառուցվածքային ինչ փոփոխություններ նկատի ուներ Վիրահայոց թեմի առաջնորդը, նույնպես դեռևս հայտնի չէ:

Լուրը անակնկալի է բերել նաև Տեր Բաբգէն Վարդապետ Սալբիյանին, քանզի վերջինս 16 տարի ծառայություն էր իրականացնում Ախալքալաքում: Ջավախքահայությունը հեռահար նպատակ էր փայփայում, որ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխանորդությունն ի վերջո կդառնա առանձին թեմ:

«Հետք»-ի հետ զրույցում Տեր Բաբգէն Վարդապետ Սալբիյանն ասաց, որ ոչնչից տեղյակ չէ՝ չգիտե նույնիսկ՝ ինչ պաշտոնի և ծառայության մասին է խոսքը, որտեղ է ինքը շարունակելու իր գործունեությունը: Ասաց, որ ինքը Մայր Աթոռի միաբան է, Մայր Աթոռն ինչ որոշում կայացնի, այնտեղ էլ ծառայություն կիրականացնի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Բաբգէն վարդապետ Սալբիյանը մնալու է Վիրահայոց թեմում, սակայն թե ինչ կարգավիճակում և որտեղ է ծառայելու կոնկրետ, խուսափեց ասել՝ հորդորելով մանրամասները Վիրահայոց թեմի առաջնորդից ճշտել: Վիրահայոց թեմի առաջնորդը հեռախոսազանգերին չի պատասխանում: Նրա հետ կապ հաստատել առայժմ չի ստացվել: jnews.ge-ի հետ զրույցում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նույնպես խուսափել է հստակ որևէ բան ասել նոր փոխառաջնորդի կամ արդեն նախկինի ազատման մասին: Ասել է, որ ինքն է շարունակելու աշխատանքները որպես առաջնորդ:

Ջավախքում Հայր Բաբգէնի ազատումը կապում են վերջերս հայաբնակ Գումբուրդո գյուղում խաչքարի տեղադրման հետ: Սակայն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հերքել է Գումբուրդոյի կապը նրա ազատման հետ:

Հասարակական գործիչ Վահագն Չախալյանը կարծում է, որ որքան էլ ոմանք հերքեն նրա հեռացման կապը Գումբուրդոյի դեպքերի հետ, դա միանշանակ է: Հոգևորականի հեռացումը Գումբուրդոյի դեպքերի շարունակությունն է: Գումբուրդոյի դեպքերից հետո ջավախքահայության շրջանում լուրջ բողոքի ալիք է բարձրացել, որը մտահոգության տեղիք է տալիս, և այդ դժգոհությունը, Չախալյանի կանխատեսմամբ, կարող է վերածվել մի նոր սկանդալային պատմության: Այդ դժգոհությունը, սակայն, Հայր Բաբգէնի գլխին կոտրվեց: Մինչդեռ ջավախքահայության դժգոհությունը կապված էր Գումբուրդոյի եկեղեցին վրացական ճանաչելու` Վազգեն Միրզախանյանի ստորագրած ու արած հայտարարության հետ։

«Որքանով ես տեղյակ եմ՝ Հայր Բաբգէնն այդ հանդիպմանը ներկա չի եղել և ոչ էլ այդ հայտարարության տակ ստորագրել է: Թույլ օղակը Հայր Բաբգէնն էր, և նրա գլխին ջարդվեց այս ամենը»,- ասում է Վահագն Չախալյանը:

Արդեն իսկ կարծիքներ են շրջանառվում, որ Ջավախքի առաջնորդական փոխանորդությունը կարող է վերանալ կամ ձուլվել թեմին: Սակայն նման որոշումը, Չախալյանի կարծիքով, հղի է անկանխատեսելի հետևանքներով:

«Հայ առաքելական եկեղեցում քահանաների փոխատեղումները բնականոն գործընթաց են, բայց դատելով Վազգեն Սրբազանի ուշագրավ մեկ այլ հայտարարությունից, թե դեռևս չգիտեն ինչ ճակատագիր է սպասվում փոխանորդությանն ընդհանրապես, և ինքն է առայժմ զբաղվելու այդ հարցերով՝ մտահոգվելու առիթ կա։ Պարզ չէ՝ խնդիրը կոնկրետ անձի հետ է կապված, թե փոխանորդութան հետ առհասարակ։ Փոխանորդության վերացումն ուղղակի անթույլատրելի է, Ջավախքում հոգևոր կյանքին ահռելի վնաս է հասցնելու։ Ջավախքցիների տարակուսանքն ամբողջովին հիմնավորված է, ու լավ կլինի Հայ առաքելական եկեղեցին ու անձամբ Վազգեն Սրբազանը մտածեն ոչ թե փոխանորդությունը վերացնելու, եթե օրակարգում իսկապես կա նման հարց, այլ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առանձին թեմ ստեղծելու մասին»,- գրում է «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը։

Ջավախքյան որոշ շրջանակներ սոցիալական ցանցերում արդեն կաթողիկոսին անստորագիր բաց նամակներ են հղել՝ Հայր Բաբգէնին իր պաշտոնին թողնելու խնդրանքով: Բացի դրանից, ստորագրահավաք են կազմակերպել:

«Արդ մենք, Ձեր հավատացյալ զավակներս դիմում ենք Ձեզ խնդրանքով.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանի ողջ թեմն է այսօր մտահոգված մեր հոգևոր կյանքի բարոյական ցնցմամբ, որ մեր հոգևոր կյանքի վերաբերյալ հարցերը առանց հոգևոր հոտի հետ քննարկումների կարող է հանգեցնել բազում հավատացյալ մարդկանց օտարացմանը եկեղեցուց, խնդրում ենք վերանայել Ձեր որոշումը՝ անաչառ վճիռ կայացնելու մեր թեմի հոգևոր կյանքում ծագած վերոհիշյալ հարցի հարթեցման համար»,- ֆեյսբուքյան իր էջում այդ նամակը տարածել է Ախալքալաքի շրջանային վարչության նախկին նախագահ Նաիրի Իրիցյանը:

Հատուկ թե պատահաբար, բայց Վիրահայոց թեմի այս իրադարձությունները համընկան Կարս-Ախալքալաք երկաթգծի բացման հետ:

«Տպավորություն է ստեղծվում, որ որոշ մարդիկ փորձեցին ջավախքահայության ուշադրությունը շեղել Ջավախքի, Վրաստանի և Հայաստանի համար նման կարևոր իրադարձությունից: Հիմա քննարկվում է Հայր Բաբգէնի հեռացման հարցը, նամակներ ու ստորագրություններ են հավաքում, բայց պատմական այս ժամանակահատվածում որքանով էր նպատակահարմար նման հարց առաջ քաշելը»,- մտահոգվում է Վահագն Չախալյանը:

Այս ամենը, Չախալյանի տպավորությամբ, բնավ էլ ուղղված չէր ջավախքահայության  խնդիրների լուծմանը: Հակառակը՝  դրանք տանում են եղած խնդիրների խորացմանը:

hetq.am