«Շատ դժվար է պատասխանել հարցին, թե ի՞նչ է հաջողությունը, որովհետև գտնում եմ՝ շարունակական պրոցես է»,- «Հաջողակ կանայք Հայաստանում» թեմայով հրավիրված հանդիպմանն ասաց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը:
Նշենք, որ հանդիպումը, որը կազմակերպել էր «New Technology Education Fund» բարեգործական հիմնադրամը՝ «Technology and Science Dynamics» ընկերության հետ համատեղ, տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին «Մերգելյան ակումբի» շրջանակներում:
Ժ. Կարաասլանյանի խոսքով՝ միգուցե հաջողությունը կարող է չափվել նրանով, թե ինչքան մարդկանց ենք մենք հասնում և ինչ փոփոխություն ենք անում աշխարհում. «Ինձ համար հաջողություն է՝ մարդկանց հասնել, ինչ որ բան տալ ու սովորել նրանցից»:
Խոսելով այն մասին, թե արդյոք Հայաստանում մենք ունե՞նք ամեն ինչ, որ կանայք կարողանան հաջողությունների հասնել՝ Ժ. Կարաասլանյանը կարծիք հայտնեց, որ սա կոնկրետ Հայաստանին վերաբերող հարց չէ, ամբողջ աշխարհում կա այդ խնդիրը:
«Ամեն տեղ մարդիկ այս խնդրի առաջ են կանգնում՝ լինել ինչ-որ կարևոր ընկերության ղեկավար և, միևնույն ժամանակ, քո ընտանիքի մայրը: Երբ կնոջն աշխատանքի են ընդունում, հաշվի են առնում, որ նա կարող է երեխաներ ունենալ: Բայց խնդիրն այն է, որ արդյոք նա կկարողանա՞ այդ երկուսը համատեղել: Կարծում եմ՝ այսօր ամբողջ աշխարհում պատասխանը հստակ է, որ «այո» է: Երիտասարդ կանայք Հայաստանում ունեն մեկ առավելություն: Մենք այնպիսի մշակույթ ունենք, որ չենք տարբերակում տղաների և աղջիկների կրթությունը: Ես կարող եմ շատ հպարտորեն ասել, որ մեր «Լույս» հիմնադրամում մենք ունենք հիանալի գիտնականներ, որոնց 50 տոկոսն աղջիկ է, 50 տոկոսը՝ տղա: Դա շատ յուրահատուկ բալանս է, երբ համեմատում ենք այլ երկրների հետ»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք տղամարդիկ և կանայք նո՞ւյնն են ուզում կարիերայից՝ Ժ. Կարաասլանյանն ասաց, որ ամեն անհատ տարբերվում է մյուսից, ու նա չի կարծում՝ դա գենդերային խնդիր է. «Երբ մարդիկ ստանում են լավ կրթություն, նրանց միտքը բացվում է, նրանց պոտենցիալն է բացվում, և նրանք իրենց չեն սահմանափակում ամուսնանալ-չամուսնանալու հարցով: Ինչքան կրթություն ես ստանում, այնքան շատ մտածելու գործիքներ ունես, հետո դու ես որոշում՝ ինչն է քո համար լավ»:
Հանդիպմանը ներկա «Akron Consulting»-ի գործադիր գործընկեր, «Ճամփորդ» անվճար թերթի հիմնադիր Արիանա Կաոլին կարծիք հայտնեց, որ Հայաստանում չգրված օրենք է գործում, որով գրեթե բոլոր ոլորտներում կանայք չունեն հավասար ուժ, հավասար լսվելու, որոշում կայացնելու ժամանակ. «Երբ տղամարդը խոսում է, բոլորը լսում են, երբ կինն է խոսում, ոչ ոք չի լսում»:
Ժ. Կարաասլանյանը համաձայնեց նրա հետ՝ նկատելով, որ դա փոքր դետալ է, բայց դու՝ որպես կին, զգում ես. «Այնպես չէ, որ մարդիկ դա միտումնավոր են անում, նրանք անգամ դա չեն նկատում, ինչն ամենավտանգավորն է: Դրա համար անընդհատ պետք է խոսվի դրա մասին: Եկեք չմոռանանք, որ մենք նաև որդիներ ունենք, մենք նաև պարտավորություն ունենք մեր որդիներին այնպես դաստիարակել, որ իրենք հավասար են մեր դուստրերին: Ես ունեմ և՛ որդի, և՛ դուստր, և ես միշտ նրանց հավասարապես եմ վերաբերվել, ու կարծում եմ՝ իմ տղային այնպես եմ դաստիարակել, որ կնոջը շատ է հարգում: Մենք ունենք հսկայական դեր այդ հարցում»:
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ պետք է անեն երիտասարդ աղջիկները, որ կարիերայում ճիշտ ընտրություն անեն՝ Ժ. Կարաասլանյանն ասաց, որ սխալներ գոյություն չունեն. «Այն, ինչ դու անում ես հիմա, հիանալի է: Որոշում կայացրու պատասխանատվություն վերցնել դրա համար: Եթե կարծում ես, որ կարիք ունես այն փոխելու, ուրեմն փոխիր: Այն, ինչ դու անում ես հիմա, անում ես այն հանգամանքների բերումով, որոնք շրջապատում են քեզ, և ես կասեի՝ պատասխանատվություն վերցրու դրա համար և այդքան մի բողոքիր քեզնից: Մի ասա՝ ես սխալվեցի, ես չափից դուրս ծեր եմ, և այլն: Ես շատ հաճախ եմ լսել, որ մարդիկ նման բաներ են ասել, բայց դրանք միայն ձեր մտքում են: Այն, ինչ ձեզ դուր չի գալիս, ձևեր գտեք փոխելու: Եթե ձեր շրջապատը «թունավոր է», նկատի ունեմ՝ դուք շրջապատված եք մարդկանցով, որոնք անընդհատ ասում են՝ դու չափից դուրս երիտասարդ ես, ծեր ես, պատրաստ չես, և այլն, մի լսեք բացասական ձայները: Լսեք այն, ինչ դուք ուզում եք, և գտեք մարդկանց, որոնք ոգեշնչում են ձեզ: Ես չեմ ընդունում հաղթելու կամ պարտվելու գաղափարը: Դու երբեք չես պարտվում. այն, ինչ ունես հենց հիմա, գնահատիր, որովհետև գոնե դու սովորեցիր, թե ինչ չես ուզում»:
Անի Քեշիշյան