Հինգ անուն՝ Հրանտ Բագրատյանի ձայնադարանից. hetq.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հինգ անուն՝ Հրանտ Բագրատյանի ձայնադարանից. hetq.am

Այն մասին, թե Հրանտ Բագրատյանը նաև կիթառ է նվագում, հիմնականում իմացանք նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ, երբ նա հայտնվեց էկրանին՝ բլյուզային անակնկալ մի կատարմամբ: Սակայն քչերին է հայտնի, որ ՀՀ նախկին վարչապետը, մինչ քաղաքական դաշտ մտնելը, նվագել է Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնում, 1982-1985թթ., ասպիրանտուրայում ուսանելուն զուգահեռ: Նվագել է ջազ, այն էլ՝ այդ տարիներին արդեն հայտնի ու կայացած երաժիշտների հետ, նրանց նվագախմբերում: Դեռևս սովետական բանակում ծառայելու տարիներին երկու երգ է գրել, որոնցից մեկն արժանացել էր Կենտրոնական ռազմական օկրուգի հատուկ մրցանակի:

Հրանտ Բագրատյանը բլյուզի մեծ երկրպագու է, ունի հեղինակային գործեր, որոնք երբեմն նվագում է նաև արտերկրի ակումբներում: Ինքն է գործիքավորել և արդեն քանի տարի է՝ ցանկություն ունի ալբոմ թողարկելու: Վաղուց մտադիր է բլյուզային մի երգ գրել՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին: Հիշողության մեջ անվերջ շրջում է մի դրվագ, երբ միասին շրջել են ռազմաճակատի տարբեր գոտիներով և Մոնթեն մեքենայի մեջ երաժշտություն է լսել: « Իրիկնամուտ էր, նա երաժշտություն էր միացրել, և ես հիշում եմ, որ մի կողմից պատերազմն էր, մյուս կողմից՝ երաժշտություն,- պատմում է նա,- շատ զգայուն վիճակ էր, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ նման գործ գրելը մեծ պատասխանատվություն է հերոսի հանդեպ և չափազանց պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում: Ժամանակ է պետք, հուսով եմ՝ մի օր կիրականացնեմ»:

Խոստանում է մինչև 2019 թվականը ալբոմի աշխատանքներն  իրականացնել, բայց երբ պատմում է, թե այս ընթացքում տնտեսագիտական ինչ ծավալուն աշխատություններ է պատրաստվում ներկայացնել, հասկանալի է դառնում՝ ալբոմ կստացվի 2019 թվականին, եթե տնտեսագիտությունը որոշի երաժշտությանը ժամանակ զիջել:

«Սկզբում ինձ հետաքրքրում էր ռոքը, որտեղ կար մի ֆենոմեն՝ Ջիմի Հենդրիքս անունով,- ասում է Հրանտ Բագրատյանը:-Նա անկրկնելի է մինչև այսօր, որովհետև հենց նա՛ ցույց տվեց բարդ տեխնիկա կիրառող մերօրյա հայտնի կիթառահարներին, թե ինչպես կարելի է այդ գործիքը գործածել: Հետո ինչ-որ տարիքում ( հավանաբար՝ 15-16 էի), ես սկսեցի տարվել Ռեյ Չարլզի երգով, ձայնով: Այդ շրջանում արդեն սկսել էի նաև որոշ չափով հետաքրքրվել բլյուզով»:

Այդ տարիներից նա արդեն գիտեր Բեսի Սմիթին, Լուի Արմսթրոնգին, Ջոն Լի Հուկերին, Բի Բի Քինգին և ուրիշների: Ասում է, որ առավելապես հետաքրքիրված էր բլյուզի կատարման նրբությամբ և այն երևույթով, թե ինչպես կարելի է աֆրոամերիկյան գեղջկական, օրորոցային ռիթմերը երաժշտական մի մեծ դարաշրջանի ձևավորման ակունքը դարձնել:

«Այսօր շատերի մոտ (անգամ հայտնի երաժիշտների) կարծրատիպ կա, թե բլյուզը բաժանված զույգերի սենտիմենտալ երաժշտություն է,- ափսոսանքով նկատում է Հ. Բագրատյանը,- բայց դա սխալ վերաբերմունք է, սխալ պատկերացում: Բլյուզն ավելի խորքային է և, ի վերջո, ջազը, ռոքնռոլը, ռոքը և այլ ժանրեր ու ոճեր առաջացել են բլյուզից: Այդ երաժշտությանը պետք է արժանին մատուցել»:

Ամեն ինչ կտրուկ ու գլխապտույտ արագությամբ փոխվեց, երբ ԽՍՀՄ-ում և դեռևս նրա կազմում գտնվող Հայաստանում հրաշքի նման մի բան տեղի ունեցավ: 70-ականների վերջն էր: Ոչ ոք չգիտի, թե այդ ժամանակ աստղերը երկնքում ինչպես են դասավորվել, և թե այդ ինչ տրամադրության մեջ է հանկարծ հայտնվել խորհրդային տրամաբանությունը, որ տեղի է տվել ոչ սովետական հրաշքին: Միայն գիտեն, որ ԽՍՀՄ է այցելել ամերիկացի մի սևամորթ երգիչ ու տեղում՝ հանդարտորեն, առանց ավելորդ աղմուկի քանդել խորհրդային անսամբլների կառուցած համերգային կարծրատիպերը: Չի դիմացել անգամ կիթառի՝ հանրահայտ «Լյուսիի» լարը՝ նրա աներևակայելի կատարմանն ակնդետ հետևող հանդիսատեսի հիացմունքը բազմապատկելով:

Բի Բի Քինգը Երևանում էր, համերգային շրջագայությամբ: Իսկ հանդիսատեսի շարքերում նրան կախարդված հետևողներից մեկն էր նաև Հ. Բագրատյանը:

« Ինձ վրա վճռական ազդեցություն ունեցավ Բի Բի Քինգի երևանյան համերգը: Երբ ես նրան լսեցի, հասկացա, որ մինչ այդ այդքան լրջորեն չէի զգացել կիթառի մեղեդին,- պատմում է Հ. Բագրատյանը:- Դա ինձ ամբողջովին փոխեց: Ջիմի Հենդրիքսն իր տեղն այդպես էլ չի զիջել իմ երաժշտական ընկալումներում, պարզապես ես արդեն հստակ հասկացա, թե այսուհետ որն է իմը: Հենդրիքսն ինձ համար երաժշտության մեջ խնդիրներ կազմողն է, իսկ Բի Բի Քինգը՝ այդ խնդիրները լուծողը: Երաժշտության հադեպ ունեցած իմ վերաբերմունքի մեջ Բի Բի Քինգը անմիջական ու վճռորոշ ազդեցություն ունեցավ, և չեմ կարծում, թե մինչև կյանքիս վերջ իմ նախասիրությունը բլյուզից կտեղափոխվի մեկ այլ տարածք»:

Այս համերգից հետո նա սկսել է բլյուզ նվագել ու ավելի խորանալ երաժշտության այս մեղեդիների մեջ:

«Երաժշտական կրթություն չունեմ,- ասում է Հ. Բագրատյանը,- ամեն ինչ ինքնուրույն եմ սովորել: Դասական գործեր էլ եմ նվագել, օրինակ՝ Բախ: Կարծում եմ, եթե այն ժամանակ կոնսերվատորիա ընդունված լինեի, տնտեսագետից բացի, պրոֆեսիոնալ երաժիշտ էլ կդառնայի: Վարչապետության տարիներին  համարյա չեմ նվագել, բայց արդեն 25 տարի է, եթե ուզում եմ որևէ բան լսել կամ նվագել, ապա կիթառ է ու բլյուզ: Ես երբեք չեմ մտածել տնտեսագիտության, քաղաքականության և երաժշտության հանդեպ իմ ունեցած վերաբերմունքի մասին: Այո դրանք տարբեր են, բայց … չեմ կարող բացատրել, թե ինչու և ինչ կապ կա իմ այս տարածքների միջև: Ինձ դուր է գալիս բլյուզը և վերջ»:

Հինգ անուն առանձնացնելը թերևս ամենաբարդ աշխատանքներից մեկն էր Հ. Բագրատյանի համար: Նա այդպես էլ չէր կարողանում մեր փոքրիկ սահմանի մեջ տեղավորել իր համար այդքան ազդեցիկ անունները: « Բա էղա՞վ… ո՞նց չասեմ Ջոն Լի Հուկեր, Բեսի Սմիթ, Սթիվի Ռեյ Վոըն, Ջոն Մայալը՝ իր նվագախմբով… բա Ալբերտ Քի՞նգը»:

Էրիկ Քլեփթոն, «John Mayall & the Bluesbreakers», Գարի Մուր, Բադի Ուիթինգթոն, Ջո Բոնամասա…  Նրա ձայնադարանը ոչ միայն հարուստ է, այլև իսկապես դժվար է սեղմելը, քանի որ այստեղ ամեն մեկն ունի իր ներկայության արդարացումը: Այդ արդարացումները երաժշտական անփոխարինելի ներդրումներ են, որոնց պարոն Բագրատյանը մեծագույն հարգանքով է վերաբերվում: Բայց քանի որ բանակցող կողմը երաժշտությունն է, այն էլ՝ մեղեդային, հաշտեցնող ու ժողովրդական ակունքներով բլյուզը, հարցը լուծվում է՝ ի օգուտ ամփոփող  5-ի: Սա թերևս այն բացառիկ դեպքերից է, երբ «կառավարությունն» ու «ժողովուրդը» ընդհանուր համաձայնության են գալիս:

Ամբողջությամբ՝ hetq.am