Մշակութային քաղաքականության, այդ քաղաքականության հետևանքների ու հասարակական կյանքում դրանց արտացոլումների թեմայով այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում, որին հրավիրված էին արձակագիր Գուրգեն Խանջյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ՝ Առաջին ալիքով եթեր հեռարձակվող, մեծ աղմուկ բարձրացրած 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական նախագծին՝ «Ամենակարող երգիչը» ծրագրին: Հիշեցնենք, որ այս ծրագիրը շատերի օբյեկտիվ վրդովմունքն էր առաջացրել: Խնդրին նույնիսկ Հանրային հեռուստաընկերություն օրերս կատարած այցի ընթացքում անդրադարձել էր նաև ՀՀ նախագահը:
Արձակագիր Գուրգեն Խանջյանը, պարզվում է, լավատեղյակ չէ օրեր շարունակ հանրային և մշակութային կյանքն ալեկոծած թեմայի մանրամասներին.
«Չգիտեմ՝ դա ի՞նչ նախագիծ է, կամ ովքե՞ր են դա նախաձեռնել, ովքե՞ր են ժյուրիի կազմում: Առաջին անգամ ձեզանից եմ լսում և փորձում եմ արագ կողմնորոշվել ինֆորմացիոն դաշտում: Ռաբիսը ենթակուլտուրա է, և, եթե հեռուստատեսությունն ամբողջ դաշտն է վերցրել իր ձեռքը, օպերայից սկսած՝ ջազով ավարտված, մի տեղ էլ գուցե ռաբիսին է տեղ հատկացրել: Ավելի լավ է դա հեռուսատեսության սահմաններում լինի և այդքան ձերբազատված ու գռեհիկ չլինի, քան բոլորովին բաց թողելն է: Չեմ կարծում՝ շատ բարդ բան կա այստեղ»:
Ի տարբերություն Գ. Խանջյանի տեսակետի, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, ով կանգնած է վերոհիշյալ նախագծի դեմ սկսված արշավի հիմքերում, խիստ վրդովված է.
«Այսօրվա համատարած ռաբիսացումը մշակութային կյանքում թույլ տված բարձիթողումների արդյունք է: Մի հեռուստատեսությունում, որը գոյություն ունի և կառավարվում է պետական բյուջեի միջոցներով և մեր գրպաններից մուծված հարկերի շնորհիվ, իսպառ բացակայում է մշակութային վերահսկողությունը, որի մասին ես այսքան բարձրաձայնում եմ: Սա բացարձակ աղետ է և չափազանց վիրավորական, հատկապես, երբ միևնույն ժամանակ հնչեցնում է, թե՝ դա մեր ժողովրդի պահանջարկն է: Այս ձևակերպումը լսելուց ես ամեն անգամ վիրավորանք եմ ապրում, որովհետև չեն էլ հասկանում, որ դա ասելով՝ այս ժողովրդին իջեցնում, հասցնում են զրոյական մակարդակի: Հարկավոր է վերահսկել այս ոլորտը, սա մեզ տանում է ինքնաոչնչացման: Սա հատուկ ծրագրված քաղաքականություն է, որ ներարկում են մեր ժողովրդի մեջ: Մենք չենք էլ հասկանում, որ թշնամու զենքով ինքնաոչնչացման ենք գնում»:
Գուրգեն Խանջյանը, այնուամենայնիվ, չի պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է վերահսկել համատարած ռաբիսացման տենդենցը. «Հիմա ժողովուրդը դա է լսում, հո չե՞ս կարող գնալ վզից բռնել, ասել՝ սա մի´ լսի, ուրիշ բան լսի: Մոռացե՞լ եք, որ ռաբիսի նկատմամբ այս սերը գալիս է դեռևս խորհրդային տարիներից, երբ ամեն օր՝ երեկոյան ժամը 5-ին, բոլորը միացնում էին Բաքվի ռադիոն՝ լսելու Զեյնաբ Խանլարովային»:
«Երբ Արմենչիկին տալիս են վաստակավոր արտիստի կոչում՝ սրանով արդեն ռաբիսը բարձրացվում է պետական մակարդակի վրա՝ դնելով ամենաբարձր հոգածության աստիճանի վրա: Սրանից հետո կլինեն և´ ամենակարող երգիչներ, և´ հարսանիքի թագավորներ, և՛ սրանց նման երևույթներ… Չեմ դադարի կրկնել՝ ամեն ինչի մեղավորը տան մեծն է: Պատմությունը կերտում է անհատը, քաղաքականությունը ստեղծվում է վերևից: Ժողովուրդը միևնույն պահին կարող է լինել և՛ ժողովուրդ, և հաջորդ պահին դառնալ ամբոխ»,- քննարկմանն արձագանքեց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:
Անդրադառնալով Զեյնաբ Խանլարովայի առնչությամբ ակնարկին, Կարինե Խոդիկյանը հիշեց:
«Այո, այդպես էր, ինչպես նկատում է պարոն Խանջյանը: Այդ թվերին Երևանի փողոցներով քայլելուց երեկոյան ժամը 5-ին միայն դա էին լսում, բայց դա չէր նշանակում, որ այս երգչուհու արվեստը պետական հոգածության առարկա էր դառնում: Որևէ ռաբիս երգիչ Ռադիոպետկոմի կողքից անցնելուց 10 կմ հեռու էր քայլում, որովհետև նրա մտքով անգամ չէր անցնում, թե իրեն թույլ կտան մոտ քայլել այդ կառույցին: Դրա վառ օրինակը՝ երբ երևանյան համերգից հետո Զեյնաբ Խանլարովայի մեքենան ձեռքերի վրա տարան, Հանրային հեռուստատեսությամբ նույնիսկ չակնարկվեց այդ մասին: Իսկ գիտե՞ք՝ ինչու, որովհետև Կարեն Դեմիրճյանը Զեյնաբ Խանլարովայի արվեստի երկրպագուն չէր: Նա հրաշալի տիրապետում էր օպերային և դասական արվեստին: Ասեմ ավելին, Երևանում չէր լինում որևէ պրեմիերա, որի ժամանակ Օպերային թատրոնի կառավարական օթյակը դատարկ լիներ: Այսօրվա ղեկավարությունն ի՞նչ է անում՝ գնում է հարսանիքներին Արմենչիկի երգերի տակ պարելու, ուրեմն ի՞նչ էիք սպասում այս ամենից»: Ապա դրամատուրգը հավելեց. «Ես Հանրային հեռուստատեսությունից այսպիսի հարված չէի սպասում»:
ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ