Տունը, որտեղ ծնվել է Սոֆիկո Չիաուրելին, կարծես հեքիաթային սիրո վայր լինի: Մինչև հոգու խորքը սիրահարված տղամարդը միայն կարող է առաջին համբույրից և ամուսնության առաջարկից հետո խոսք տալ, որ ի նշան այդ համբույրի և մեծ սիրո, պատրաստ է առաջին համբույրի վայրում տուն կառուցել՝ ապագա ընտանիքի համար: Եվ ինչպես իսկական տղամարդ՝ նա իր խոստումը կատարեց՝ սարի վրա կառուցեց իրենց սիրո տունը, որտեղ և ծնվեց Սոֆիկո Չիաուրելին։
Նա ծնվել է 1937թ.մայիսի 21-ին: Չնայած այդ տարին դժվար տարի էր, բայց երբ Սոֆիկոն առաջին անգամ տեսավ աշխարհը, ոչ մի վատ բան այնտեղ չզգաց: Ուրախ էր, որ ծնվել է ոչ թե հիվանդանոցում, այլ իր սենյակում, սարի վրա գտնվող այն տանը, որտեղ տարիներ առաջ հանդիպել էին նրա ծնողներն ու առաջին անգամ համբուրվել: Այդ սարի և սիրո ուժը տարիների հետ փոխանցվել է Սոֆիկո Չիաուրելիին: Սոֆիկոն ծնվել է արվեստագետների ընտանիքում: Հայրը՝ Միխայիլ Չիաուրելին՝ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, բազմակողմանիորեն զարգացած վառ անհատականություն էր: Նա իր մեջ կրում էր դերասանի, նկարչի, քանդակագործի տաղանդներ, նվագում էր գրեթե բոլոր երաժշտական գործիքների վրա: Բոլոր այս մասնագիտությունները նա միավորել էր ռեժիսուրայի մեջ։
Մայրը՝ Վերիկո Անջափարիձեն, հանրահայտ դերասանուհի էր, ում անգլիական մշակույթի ակադեմիան ընդգրկել է հարյուրամյակի 10 լավագույն դերասանուհիների շարքում: Սակայն կյանքը դաժան գտնվեց Սոֆիկոյի ծնողների հանդեպ: Բացի Սոֆիկոյից, նրանք ևս 2 որդի ունեին, երկուսն էլ ստեղծագործող անձնավորություններ, բայց երկուսն էլ մահացան 49 տարեկան հասակում: Ինստիտուտում ուսանելու ժամանակ Սոֆիկոն ամուսնանում է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի բաժնում սովորող Գեորգի Շենգելայի հետ: 1958թ. ծնվում է նրանց առաջին որդին՝ Սոֆիկոյի առաջին երջանկությունը՝ Նիկոլայը, իսկ հետո՝ Ալեքսանդրը: Երբ Սոֆիկոյի մասնակցությունը որևէ ֆիլմում հաստատվում էր, նա գնչուհու պես իր երկու տղաների հետ մի բարձունքից մյուսն էր բարձրանում: 1980թ. Սոֆիկոն ամուսնալուծվեց և ամուսնացավ Կոտե Մախարաձեի հետ։
Դեռ ուսանողական տարիներին նա նկարահանվում է «Մեր բակը» ֆիլմում, որն արժանանում է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի Ոսկե մեդալին: ՎԳԻԿ-ն ավարտելուն պես Սոֆիկոն բազմաթիվ հրավերներ է ստանում տարբեր թատրոններից, բայց հավաքում է իրերն ու վերադառնում հայրենիք՝ ընդունվելու Ակադեմիական թատրոն՝ իր մայրիկի թատրոնը, որտեղ Սոֆիկոն անցկացրել էր իր մանկությունը: Այդ օրվանից նա կինոյում և թատրոնում հարյուրից ավելի դերեր է խաղացել: Շնորհիվ կինոյի` նա շրջել է ամբողջ աշխարհը, մասնակցել գրեթե բոլոր կինոփառատոներին: Դերերից շատերը նրան բերել են սեր, ուրախություն, մրցանակներ: Իրենց տանը, որտեղ գտնվում է «Չիաուրելի և Անջափարիձե» տուն-թանգարանը, Սոֆիկո Չիաուրելին և Կոտե Մախարաձեն ստեղծել են Վերիկո Անջափարիձեի անվան «Մի դերասանի թատրոնը»։ «Հայրս և մայրս բոլորովին տարբեր անձնավորություններ էին, բայց ես նրանցից յուրաքանչյուրից վերցրել եմ այն, ինչն իմն է: 27 տարեկանում 70-ամյա այրի կնոջ եմ մարմնավորել: Երբեք չեմ ձգտել գեղեցկուհիների մարմնավորել, ինձ համար կարևորը կերպարն է, բնավորությունը, պատմությունը»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Սոֆիկոն։
Առաջին սերն ու խանդը՝ 6 տարեկանում
Սոֆիկոն 6 տարեկան էր, երբ սիրահարվեց Սուլիկո անունով մի երիտասարդ նկարչի՝ հայրիկի և մայրիկի ընկերոջը: Մի անգամ ամռանը փոքրիկ Սոֆիկոն մայրիկի հետ մեկնում է Գագրա: Անհամբերությամբ էր սպասել այդ ուղևորությանը, քանի որ ողջ մանկության ընթացքում Սոֆիկոն հիվանդագին կերպով կարոտում էր մորը, ով կամ նկարահանման էր շտապում, կամ թատրոնի փորձերին: Սոֆիկոն կարոտած հայացքով նայում էր տնից շտապ դուրս եկող մորն ու հարցնում՝ մա՛մ, ե՞րբ ես վերադառնալու: Թեև մայրը, գնչուհու պես, ամենուր աշխատում էր իր հետ տանել Սոֆիկոյին: Մինչև մոր վերադառնալը Սոֆիկոն երբեմն-երբեմն բացում էր դարակը, վերցնում մայրիկի դիմափոշին կամ իրերը, շնչում այդ իրերի վրա մնացած մայրիկի բույրն ու կրկին փակում այն։ Իսկ միասին մեկնել՝ նշանակում էր՝ ամբողջ 10 օր անբաժան լինել մայրիկից: Բայց դեռ նոր էին տեղ հասել, երբ ցավալի լուր եկավ. մահացել էր Սոֆիկոյի մորեղբայրը: Մայրը ստիպված էր վերադառնալ: Սակայն Սուլիկոն՝ նկարիչը, ում հետ մտերիմ էին Սոֆիկոյի ծնողները, առաջարկում է Սոֆիկոյին թողնել իր մոտ: Մայրն այդպես էլ վարվում է՝ ի ուրախություն մինչև ականջները Սուլիկոյին սիրահարված Սոֆիկոյի։ Բայց Սուլիկոն այդ ժամանակ սիրահետում էր մի երիտասարդ աղջկա և ամեն օր նրան ծաղիկներ էր տանում: 6-ամյա Սոֆիկոն, իմանալով այդ մասին, խանդի տեսարան սարքեց, ասելով, որ եթե մեկ անգամ էլ այդ աղջկան ծաղիկներ ուղարկի և իր վրա ուշադրություն չդարձնի, ապա ինքն անմիջապես կհեռանա: Արիստոկրատ Սուլիկոն, ով 6-ամյա աղջկան դիմում էր «Դուք»-ով, ներողություն խնդրեց Սոֆիկոյից: Իսկ հաջորդ առավոտ արթնանալով` Սոֆիկոն իր բարձի մոտ ծաղկեփունջ հայտնաբերեց: Եվ այդպես՝ ամեն առավոտ: Երբ Սոֆիկոն բարկանում էր Սուլիկոյի վրա, դառնում էր անկառավարելի փոքրիկ մի արարած: Եվ իր բողոքն արտահայտում էր ծովում լողալով: Սուլիկոն լողալ չգիտեր, իսկ Սոֆիկոն դիտմամբ լողում էր այնքան խորը, որ գրեթե կորչում էր տեսադաշտից: Վախեցած նկարիչը կանչում էր. «Սոֆիկո, ես Ձեզ խնդրում եմ՝ վերադարձեք: Ես կնկարեմ Ձեզ»: Սոֆիկոն պահպանել է այդ նկարը…
Սոֆիկոն ասում էր, որ սերը փոխվում է տարիքի հետ: Ինչպես մարդ նիհարում է, գիրանում, այդպես էլ սիրո չափերն են փոխվում: «Սերը Տիրոջ պարգևն է: Շատերը ծնվում և մահանում են՝ այդպես էլ չզգալով այն: Սերը և՛ հսկայական երջանություն է, և՛ սարսափելի տանջանք: Դա այն զգացմունքն է, որ կարող է մարդուն երկինք բարձրացնել կամ էլ ստիպել նրան սարսափելի արարքների գնալ: Մարդիկ հանուն սիրո նույնիսկ մարդ են սպանում, բայց ես չէի նախանձի այն մարդուն, ով երբևէ չի սիրել»,- ասում էր Սոֆիկո Չիաուրելին։
Ինչպիսին էր Սոֆիկոն
Մի անգամ Սոֆիկոյի տուն թղթակից էր եկել և հարցրել, թե ինչպես է նա անցկացնում իր օրը: Սոֆիկոն էլ իրեն հատուկ հումորով պատասխանել էր. «Արթնանում եմ, կաթի վաննա եմ ընդունում, հետո գալիս է մատնահարդարս, որից հետո ինձ համար բարձրաձայն թերթեր են կարդում, և ես գնում եմ թատրոն: Իսկ քնելուց առաջ շամպայնի ցնցուղ եմ ընդունում»։ Լրագրողը հավատացել էր։ Սակայն իրականությունն այլ էր. դեռ աչքերը չբացած, մտածում էր՝ ի՞նչ եփել այդ օրը, պետք է վճարել հեռախոսի և լույսի դիմաց, շուտով գալու են բանվորները. տունն է վերանորոգում: Հա, չմոռանալ գնալ թատրոնի փորձերին։ «Գիտեք, ես այնպես եմ զգում ժամանակի արագ ընթացքը, որ երբեմն թվում է՝ չեմ հասցնում ապրել: Տղաս 46 տարեկան է, տաղանդավոր նկարիչ է, բայց ալարկոտ է: Ավելի շուտ, ոչ թե ալարկոտ է, այլ պարզապես չի զգում, թե ինչպես է սլանում ժամանակը, իսկ ես ոչ մի կերպ չեմ կարողանում նրան բացատրել… Ես ինձ վրա չափազանց շատ եմ պարտականություններ վերցրել, չնայած, որ կին եմ. տուն, ընտանիք, թոռներ, թատրոն, շինարարություն, վերանորոգում: Չնայած լավ գիտեմ, որ, եթե վաղը չլինեմ, աշխարհը փուլ չի գա, բայց ընտանիքս շատ ծանր կտանի իմ բացակայությունը: Ծանր կլինի ուշքի գալ և բաժանել միմյանց մեջ այն ամենը, ինչ ես անում եմ միայնակ: Մեզնից յուրաքանչյուրն իր խաչն է կրում, բայց այդ խաչը մենք պետք է ոչ թե տխրությամբ, այլ ուրախությամբ կրենք: Չկա մարդ առանց խաչի»,- ասել է նա հարցազրույցներից մեկի ժամանակ։
Իր հուշերը Սոֆիկո Չիաուրելիի մասին պատմում է դերասան Աշոտ Ադամյանը, ով «Կտոր մը երկինք» ֆիլմում մարմնավորել է Թորիկին
«Նրանք, ովքեր չգիտեն Սոֆիկո Չիաուրելի անունը, կարծում եմ՝ այնքան էլ ծանոթ չեն կինոյին, մասնավորապես` վրաց կինոյին։ Երևի ոչ այնքան լավ գիտեն նաև հայկական կինոն: «Արևիկ» ֆիլմից հետո Սոֆիկոն այնքան սիրվեց հայ հանդիսատեսի կողմից, որ նրան չէին ընկալում որպես հարևան երկրի դերասանուհի, այլ ընդունում էին որպես Արևիկ: «Կտոր մը երկինք» ֆիլմից հետո նա ընդունվեց՝ որպես Թուրվանդա: Նա այնքան վարպետորեն էր կերտում իր յուրաքանչյուր դերը, որ հանդիսատեսի համար կերպարն ու դերասանուհին անբաժանելի էին դառնում: Իմ անձնական շփումը Սոֆիկո Չիաուրելիի հետ կայացավ Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմի ժամանակ: Թուրվանդայի երկարատև որոնումներից հետո Մալյանն իր ընտրությունն արեց՝ այդ դերի համար հրավիրելով Սոֆիկոյին: Հարցը, թե՝ ինչո՞ւ ոչ հայ դերասանուհի, այլ՝ վրաց, բազմիցս բարձրացվել է: Իհարկե, այդ հարցին ավելի լավ կպատասխաներ Մալյանը, բայց, քանի որ ես տեղյակ եմ այդ պատասխանին, ապա ասեմ։ Ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ Հենրիկ Մալյանը հստակ տեսնում էր իր ֆիլմերի կերպարներին, շատ լավ պատկերացնում էր, թե որ դերասանը որ կերպարի համար է ստեղծված: Այստեղ խնդիրը լավ ու վատ, հայ կամ վրաց դերասանուհիների մեջ չէ, պարզապես այդ դերի համար Մալյանը տեսնում էր Սոֆիկոյին: Երբ Սոֆիկոն առաջին անգամ զգեստավորվեց իր կերպարի համաձայն, դեռ նկարահանման հրապարակ չմտած, բոլորս, նրան նայելով՝ հասկացանք, որ նա պարզապես ստեղծված էր այդ դերի համար: Նրա կեցվածքի, հայացքի, նրա ողջ էության մեջ կար հայ կնոջ ներքին հպարտությունը, ամրությունը, ուժը: Որպես մարդ՝ Սոֆիկոն արտակարգ մի անձնավորություն էր: Լինելով ճանաչված, հետևում ունենալով հսկայական ֆիլմերի շարան՝ կյանքում չափազանց պարզ էր, ազնիվ: Քանի որ ֆիլմ նկարահանելը նման է երեխա ծննդաբերելուն. այն ևս տևում է մոտավորապես 9 ամիս, նկարահանումների ընթացքում ֆիլմի վրա աշխատող մարդիկ հասցնում են դառնալ ընտանիք: Երբ նկարահանման օրն ավարտվում էր, Սոֆիկոն ասում էր՝ ընտանիք, գնացինք: Նկարահանումներից հետո և ընդմիջումների ժամանակ, բնականաբար, հավաքվում էինք, քննարկում նկարահանված տեսարանները, հերոսներին, խոսում էինք ֆիլմի շուրջ: Ֆիլմում կա 3 Թորիկ, փոքր ու միջնեկ Թորիկները բավականին չարաճճի էին, և պետք էր տեսնել այն դաստիարակչական աշխատանքները, որ Սոֆիկոն տանում էր այդ 2 Թորիկների հետ: Նրանք անընդհատ ինչ-որ պատմությունների մեջ էին ընկնում, և Սոֆիկոն ստիպված էր նրանց մայրություն անել: Սոֆիկոն նկարահանման էր բերում նաև իր տղային, որ ընդհանրապես չար չէր, բայց այդ չարաճճիության պակասն իր որդու մեջ լրիվ լրացնում էին այդ 2 Թորիկները: Որպես խաղընկեր՝ նա միայն իր կերպարի մեջ չէր փակվում: Նրա կերպարի զգացողական դաշտը սփռվում էր բոլորիս վրա, և այդ հաղորդակցությունը հեշտ էր տեղի ունենում: Երբևէ չի եղել, որ Սոֆիկոն իր բարձր դիրքից ուղղումներ աներ որևէ դերասանի: Եթե դա արվում էր, ապա արվում էր անչափ նրբորեն, գրեթե աննկատ: Սոֆիկոն մի անգամ ասել էր. «Եթե եղել են ռեժիսորներ, որոնց հետ ես անհամաձայնության եմ եկել կերպարի այս կամ այն քայլի վերաբերյալ կամ չեմ իմացել, թե ինչ պետք է անեմ, ապա «Կտոր մը երկինքի» նկարահանման ժամանակ ինձ անընդհատ թվում էր, որ ես անդադար գիտեմ, թե ինչ պետք է անեմ»։
Քրիստինե Հակոբյան
«3 Միլիոն»