Արման Նավասարդյանը Համազգային թատրոնի դերասան է։ Բացի Համազգային թատրոնի ներկայացումներից՝ Արմանին հեռուստադիտողները ճանաչում են նաև «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա» ֆիլմերից ու «Երկու ընկեր` չհաշված կյանքը» և «Արա Գեղեցիկ» կոմերցիոն ներկայացումներից: Նա նկարահանվում է նաև Հանրային հեռուստատեսության նոր սերիալում, որը շատ շուտով կսկսի եթեր հեռարձակվել: Սերիալի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, իսկ Արմանը մարմնավորում է հիմնական կերպարներից մեկին:
Արման Նավասարդյանը Տավուշից է, Երևանում մենակ է ապրում: Պատմում է, որ ծնողները արվեստի հետ գրեթե կապ չունեն: իսկ դերասանական տաղանդը ժառանգել է մորական պապից, ով Տավուշի սիրողական թատրոնում է աշխատել։ Արմանն անկեղծորեն խոստովանում է, որ դերասան դառնալու իր որոշման վրա ազդել է ոչ միայն այս մասնագիտության նկատմամբ ունեցած սերը, այլ նաև այն հանգամանքը, որ ընդունելության քննություններում չկային դժվար առարկաներ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա. «Ի դեպ, ես պարապում էի՝ իրավաբանական ընդունվելու համար, վերջին պահին որոշեցի գալ թատերական: Ընտանիքս կողմ էր, որ իրավաբան դառնամ՝ քննիչ, դատախազ և այլն, բայց ասացի՝ ոչ, որովհետև, եթե դառնամ քննիչ, չեմ սիրելու այդ գործը: Պետք է դերասանություն անեմ, ինչը սիրում եմ: Դպրոցական տարիներին ոսկերչություն, արծաթագործություն եմ սովորել, բայց չզբաղվեցի այդ մասնագիտությամբ, որովհետև չէի սիրում։ Սիրում էի սա, արեցի սա՝ դարձա դերասան: Եթե չես սիրում, անմիջապես երևում է, դահլիճից երևում է վատ խաղը։ Դա նույնն է, որ վատ բժիշկը գնա, վիրահատի ու մարդ սպանի: Վատ դերասանն էլ իր խաղով հանդիսատեսին է սպանում»:
Այսօր դերասանը ճանաչման խնդիր ունի: Արմանի խոսքերով՝ նախկինում միայն թատրոնից դերասաններին հիանալի ճանաչում էին: Սակայն այն ժամանակ նայելու ուրիշ բան չկար, և ժողովուրդը գնում էր թատրոն, իսկ հիմա զվարճանքի բազմաթիվ այլ վայրեր կան: Սակայն, այնուամենայնիվ, պետք է կարողանանք ձևավորել թատերասեր հասարակություն. «Դեռ փոքր տարիքից երեխային պետք է բերել մանկական ներկայացումների: Հետո արդեն, երբ մեծանա, ինքը կգա: Ես ունեմ շատ ծանոթներ, որոնք իրենց կյանքում չեն եղել թատրոնում: Բայց ասել եմ` եկեք նայեք: Մի անգամ եկել, նայել են, ինձ ստիպում են, որ ես նորից իրենց հրավիրատոմս տամ, կամ իրենք են տոմս առնում, գնում այլ թատրոնների ներկայացումներ են նայում: Ամեն մարդ պետք է իր շրջապատին ձևավորի, ասի, որ պետք է գնալ թատրոն»: Արմանի կարծիքով՝ սխալ է ասելը, թե թատրոնը չի նպաստում դերասանի հայտնի դառնալուն: Պարզապես՝ չի նպաստում այնքան, որքան նպաստում են կինոն ու հեռուստատեսությունը: Սակայն թատրոնում դերասանն իրեն ավելի լավ է զգում, քան կինոյում. «Կինոյում հաճախ դադարներ են լինում: Կամ՝ այսօր մի տեսարան ես նկարում, վաղը` մյուսը, այսինքն` կերպարդ չի զարգանում: Հետո կարող է հուզվում ես, ինչ-որ զգացողություն կա մեջդ, որ պիտի արտահայտես, մեկ էլ դադար է տրվում՝ ինչ-որ խնդրի պատճառով: Եթե թատրոնում միմիկաների հզոր առատություն է պահանջվում, ապա տեսախցիկի առաջ մի քիչ ավելի նուրբ պիտի աշխատես, միմիկաներդ ավելի քիչ պիտի լինեն: Կամ էլ կինոյում նկարահանվում, վերջացնում ես ու նայելիս ասում ես՝ ա՛յ, այս մի կտորը ուրիշ կերպ պիտի խաղայի: Թատրոնում դա կարող ես անել»: Խնդիրներից մեկն էլ այն է, որ շատ դերասաններ թատրոնում լավ չեն վարձատրվում և ստիպված են այլ գործով զբաղվել: Արմանը նշում է, որ, անշուշտ, փողը բոլորին է պետք, բայց մյուս կողմից էլ՝ դերասաններն այսօր շատ-շատ են. «Միգուցե լավ դերասաններ քիչ կան, բայց միայն թատերական ինստիտուտը տարեկան 40 դերասան է տալիս: Ո՞ւր են գնում նրանք: Մի մասը տաքսի է քշում, մյուս մասը մատուցող է աշխատում: Դրա համար էլ ավտովթարներն են շատ, Ստանիսլավսկու սիստեմով չեն քշում, մի պահ շեղվում՝ մեքենան Բրեխտի սիստեմով են քշում (ծիծաղում է.- Ն.Հ.): Բայցև լավ դերասանն անգործ չի մնա: Սուտ է, որ ասում են` մեջք ունի և այլն: Եթե ես լինեմ զրո, ինձ ո՞վ կասի՝ արի նկարահանվի, խաղա և այլն: Հետո, ինձ թվում է, որ դերասանը պիտի մի թատրոնում աշխատի, մի գործ անի, որ կարողանա դա նորմալ իր ավարտին հասցնել: Եվ այդ գործի համար էլ պիտի նորմալ վճարվի»:
Արմանի համոզմամբ, դերասանը մի տեղից այնքան փող պիտի ստանա, որ «ուշքը մյուս տեղում չլինի», թե՝ գնամ, այնտեղից էլ փող աշխատեմ. «Նա գնում, ստանում է այդ փողը, բայց որակ չի տալիս: Ու կամաց-կամաց դառնում է միջակություն, վերանում է: Չի կարելի այսպես, դերասանն ափսոս է: Դա պրոֆեսիոնալ չի՝ թող ոչ ոք ինձնից չնեղանա: Ես էլ եմ աշխատում տարբեր տեղերում, պիտի ապրե՞ս, թե՞ չէ: Բայց դա սխալ է»:
Շատերն այսօր պնդում են, որ մեծ դերասաններին փոխարինողներ չունենք՝ չփորձելով երիտասարդների մեջ լավը տեսնել: Արմանը դա համարում է սերնդի հարց, իսկ Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան այդպես էլ չենք ունենալու, քանի որ նրանք արդեն եղել են ու իրենց գործն արել են. «Ունենալու ենք նոր մարդիկ, պետք չէ փնտրել մահացած մարդկանց՝ կենդանիների մեջ: Մարդկանց մեջ լավը փնտրեք: Երբ Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը կամ Խորեն Աբրահամյանը խաղում էին, ինչո՞ւ մարդիկ չէին ասում՝ Փափազյան չունենք, չի ծնվելու: Բայց տեսեք, թե իրականում ովքեր կային: Հիմա եկեք թատրոններ, տեսեք՝ ով կա, ու նոր ասեք՝ կան կամ չկան»: Արմանն ասում է, որ ժամանակաշրջանը փոխվել է, ու վերադառնալով հնին` մենք ապագա չենք ունենա: Մենք պետք է միշտ առաջ նայենք` իհարկե մեր դարանում, մեր հիշողության մեջ ունենալով հինը, որովհետև դա մեզ համար հենարան է։
Ի դեպ, Արմանը նաև հիանալի նմանակում է: Երբ նա խոսում է Սոս Սարգսյանի կամ Նիկոլայ Ծատուրյանի ձայնով, անգամ նրանց հիանալի ճանաչողները չեն կարողանում տարբերել, թե իրականում ով էր խոսողը: Սակայն Արմանն իրեն որպես նմանակող չի տեսնում, դա պարզապես անում է ընկերական շրջապատում. «Շատերն են ինձ ասել՝ համար ստեղծիր: Բայց ես ինձ չեմ տեսնում այդ գործում, չեմ կարծում, թե դա իմ համար է: Ես հիմնականում նմանակում եմ այն մարդկանց, ում հետ շփվում եմ: Օրինակ, մեր քաղաքում շատ զարգացած է տաքսի քշելը, բայց ես չեմ քշում, որովհետև սիրում եմ իմ գործը: Կապ չունի՝ ինչքանով է նմանակելը նման դերասանությանը»: Արմանը հաճախ է նմանակում Սոս Սարգսյանին, սակայն մեծ դերասանը չի նեղանում նրանից. «Մի անգամ առիթ կար, ձայնագրվում էինք միասին, ձայնագրման ռեժիսորը Նիկոլայ Ծատուրյանն էր: Նա ասաց. «Սոս Արտաշեսովիչ, Արմանն ասում էր, որ եթե Դուք չկարողանաք գալ, ինքը կկարդա ձեր փոխարեն»: Սոս Սարգսյանը տեքստը տվեց ինձ, ասաց՝ գնա կարդա, պրոբլեմ չկա: Շատ օյիններ եմ խաղացել Նիկոլայ Ծատուրյանի ձայնով: Քանի անգամ է եղել՝ նրա ձայնով իր ուսանողներին կանչել եմ փորձի: Կնոջ հետ եմ խոսել հեռախոսով, նա չի հասկացել, որ ամուսինը չէ: Մի անգամ էլ կինը նստած էր ամուսնու սենյակում, խոսեցի, մտածեց՝ ամուսինն է, դուրս եկավ»:
Արմանը նախընտրած ժանրի կերպարներ չունի: Ասում է՝ դերասանը չի կարող որոշել` ինքը տրագեդիայի՞ դերասան է, թե՞ կոմեդիայի: Նա անում է այն, ինչ իր ներսից թելադրվում է: Իսկ դրա մեջ աստվածային բան կա. «Ժամանակին եկեղեցին արգելում էր դերասաններին գերեզմաններում թաղել, ասում էր՝ դերասանը սատանա է, մարդկանց խաբում է, խաբելով փող աշխատում: Բայց աստվածային բան կա դերասանի մեջ, և դա ի հայտ է գալիս: Իսկ հանդիսատեսն էլ փող է տալիս ու գալիս է, որ իրեն խաբեն: Մենք էլ հաճույքով խաբում ենք»:
Արմանը դերասանի մասնագիտությունը համեմատում է բժշկության հետ՝ ասելով, որ իրենցն էլ հոգու բժշկություն է: Դերասան դառնալու համար համապատասխան ֆիզիկական տվյալներ պիտի ունենաս, ուժ պիտի ունենաս՝ բեմում այդքան էներգիա ծախսելու համար. «Պատահական չէ, որ տարիքով դերասանները չեն կարողանում խաղալ, որովհետև այդ ուժը չունեն: Ու այդ ուժին գումարվում է հոգու աշխատանքը, որոնք խառնվում են իրար ու տալիս այն, ինչ ուզում է հանդիսատեսը: Իսկ հանդիսատեսն ուզում է այն, ինչ դու իրեն տալիս ես: Ընդհանրապես՝ կուզեի, որ մեր մասնագիտության մասին մարդիկ թյուր կարծիք չունենան: Սա լուրջ մասնագիտություն է, նույնիսկ` գիտություն է: Մեկ կամ երկու օրվա սովորելու բան չի, ամբողջ կյանքում պիտի սովորես: Պատահում է, երբ բեմում այնպիսի բան ես անում, որ հետո ասում ես՝ ե՞ս դա արեցի, ո՞նց եղավ: Նույն խոսքը հազար անգամ լսել ես, բայց մեկ էլ պահի տակ այն լսելիս դող է անցնում միջովդ»:
Նատաշա Հարությունյան
«3 Միլիոն»