«Տաղանդավոր միստր Անգլիացին»
Advertisement 1000 x 90

«Տաղանդավոր միստր Անգլիացին»

Մարտի 18-ին համաշխարհային կինոարվեստը մեծ կորուստ ունեցավ: 54 տարեկան հասակում ծանր վիրահատությունից հետո արյունազեղությունից կյանքից հեռացավ բրիտանացի տաղանդավոր ռեժիսոր և դրամատուրգ Էնթընի Մինգելան: Իտալական ծագում ունեցող այս կինոգործիչն ընդամենը 8 ֆիլմ է նկարահանել, որոնցից վերջինը նույնիսկ չհասցրեց էկրան բարձրանալ:

5 երեխաներից բաղկացած ընտանիքի երկրորդ զավակը` Էնթընին, կարող էր շարունակել հոր հաջողակ գործը` իսկական իտալական gelato պաղպաղակի արտադրությունը: Սակայն նա որոշեց դրամատուրգ դառնալ: Ընդունվելով Հալլի համալսարան` նա ձեռնամուխ եղավ իր երազանքի իրականացմանը` գրեց իր առաջին պիեսը: Համալսարանն ավարտելուց հետո Մինգելան տեղափոխվեց Լոնդոն, որտեղ շարունակում էր պիեսներ գրել և աշխատել փոքր թատրոններում: Իհարկե, նրա եկամտի հիմնական աղբյուրը հեռուստատեսային սերիալների համար գրված սցենարներն էին: Մինգելայի առաջին աղմկոտ հաջողությունը կապված էր 1986թ. գրված «Ստեղծված է Բանգկոկում» պիեսի հետ, որը բեմադրվեց լոնդոնյան թատրոններից մեկում: Հենց այդ ժամանակ էլ բրիտանական հեղինակավոր թերթերից մեկը նրան շնորհեց «խոստումնալից երիտասարդ դրամատուրգի» կոչումը:

1990թ. 36-ամյա Մինգելան անսպասելիորեն որոշեց մուտք գործել մեծ կինոաշխարհ: Նրա առաջին ֆիլմը` «Ազնվորեն, խելահեղորեն, խորը», որը նկարահանել էր սեփական սցենարի հիման վրա, մեծ ճանաչում գտավ Մեծ Բրիտանիայում և արժանացավ տարբեր մրցանակների:

filmz.ru_f_144712

«Անգլիացի խնամյալը»: Մինգելայի այս ժապավենը 1997 թ. լիակատար հաղթանակի արժանացավ` 9 «Օսկար» և մի քանի տասնյակ այլ մրցանակներ: Կանադացի Մայքլ Օնդատժեի համանուն վեպից, որն ավելի շատ դառը հիշողությունների էր նմանվում, Մինգելան կարողացավ կառուցողական սցենարով հիանալի դրամա ստեղծել: Իհարկե, նրան օգնեց նաև դերասանների ճիշտ ընտրությունը` Ռալֆ Ֆայնս, Կրիստին Սկոտ-Թոմաս, Ժյուլիետ Բինոշ, Ուիլյամ Դեֆո, Նևին Էնդրյուս: Մի քանի տարի անց ռեժիսորը խոստովանեց, որ այս ֆիլմն իրենից հսկայական ջանքեր է պահանջել:

1999թ. Մինգելան կրկին վճռականորեն փոխեց Պատրիցիա Հայսմիտի վեպի սցենարը և ստեղծեց համաշխարհային կինոյի գլուխգործոցներից մեկը` «Տաղանդավոր միստր Ռիփլին»: Օրինակ, գեղեցկուհի Մերեդիթի կերպարը, որը ֆիլմում օժանդակում է, որ Թոմ Ռիփլին վերափոխվի Դիկի Գրինլիֆի, ամբողջովին ստեղծվել է Մինգելայի կողմից: Եվ ստեղծվել է հատուկ դերասանուհի Քեյթ Բլանշետի համար, որին ռեժիսորը պարզապես պաշտում էր:

2004 և 2006 թթ. էկրան բարձրացան «Ցուրտ լեռը» ու «Կոտրել և մտնել» ժապավենները: Թեև դրանցից ոչ մեկը չկրկնեց «Անգլիացի խնամյալի» հաջողությունները, սակայն երկուսն էլ սիրվեցին ամբողջ աշխարհում և արժանացան քննադատների ուշադրությանը: Երկու ֆիլմում էլ նկարահանվել է Մինգելայի սիրելի դերասանը` իր հայրենակից Ջուդ Լոուն:

Մինգելայի վերջին նախագծերից մեկը «No1 Ladies՚ Detective Agency» սերիալն էր, որի պրեմիերան նախատեսված է այս ապրիլին: Ֆիլմերի նկարահանման արանքում Մինգելան շարունակում էր աշխատել թատրոնում: 2000-ականների կեսերին նրա գլխավոր աշխատանքը Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայի բեմադրությունն էր: Սկզբում այն մեծ հաջողություն ունեցավ Լոնդոնում, հետո` Նյու Յորքում:

Կինոյի պատմության մեջ Մինգելայի անունը կմնա որպես մի ռեժիսոր, ով ունակ էր կերտել իրականում մեծ գործեր և ով միշտ պատրաստ էր խոնարհվել մարդկանց, նրանց արարքների, բնության և արվեստի գործերի գեղեցկության առջև:

Զավեն Սարգսյան

«3 Միլիոն»