Աշխարհի տասը լավագույն գինիներից մեկն արտադրվում է Հայաստանում. businessnews.am
Advertisement 1000 x 90

Աշխարհի տասը լավագույն գինիներից մեկն արտադրվում է Հայաստանում. businessnews.am

Ամպերի ստվերներն ընկել էին Վայոց ձորի Ռինդ գյուղի լեռների լանջերին: Մի պահ թվում էր, թե երկնքում ինչ-որ մեկը լվացք է փռել: Ձորաբերանին կանգնած` 2012թ. ամերիկյան «Բլումբերգ բիզնեսուիկլի» (Bloomberg Businessweekly) պարբերականում աշխարհի լավագույն գինիների տասնյակում ներկայացված հայկական գինու հիմնադիր Զորիկ Ղարիբյանը տիկնոջ` Երազ Թովմասյանի հետ մատնացույց են անում խաղողի այգին:

Աշխարհի լավագույն գինիների տասնյակում հայտնվելու մասին Զ. Ղարիբյանը իմացել է պատահաբար` հոդվածի հրապարակումից հետո: «Մյուս 9 գինիները մի քանի սերունդ է` շուկայում են»,- ավելացնում է նա՝ որպես օրինակ նշելով «Domaine de la Romanee-Conti Romanee Conti» գինին, որն արժե 14.000-18.000 դոլար կամ 1963թ. արտադրվող «Quinta do Noval Nacional port»-ը` 4,500-6,500 դոլար, իսկ «Զորահ կարասի արենի նոյրը»՝ 45 դոլար:2012թ. նշյալ պարբերականի սյունակագիր էլին Մըքքոյը (Elin McCoy) աշխարհի 10 լավագույն գինիները առանձնացրել է 4000 տեսակի գինիների նմուշարկումից: Ամերիկացի լրագրողն իր հոդվածում հիմնավորել է կատարած ընտրությունը: Նա նշել է, որ հայկական գինի առաջին անգամ համտեսել է Թուրքիայում` Իզմիրում, որը նկարագրել է որպես ծխագույն և մետաքսանման վայելչություն ունեցող գինի: Դա համարել էր սենսացիա գինու պատմության մեջ: Այնուհետ անդրադարձել է հայկական գինու ստեղծման վայրին, որը, ըստ հոդվածի, մոտ է Արենի 1 քարանձավին: Է. Մըքքոյը նաև գրել է, որ հնէաբանների կողմից հայտնաբերված այդ վայրում է գտնվում աշխարհի ամենահին գինու գործարանը, որը մոտ 6100 տարվա պատմություն ունի:

Զորիկ Ղարիբյանն այս անդրադարձի մասին հպանցիկ է նշում, ընդհանրապես ընդգծված համեստությամբ է խոսում իր արտադրանքի՝ դրսում ձեռք բերած հեղինակության մասին:

Ռինդի «Իտալիայում»

Զորիկ Ղարիբյանը գյուղի բարձրադիր կետից հպարտությամբ նայում է հորիզոնին, որտեղ գտնվում է խաղողի այգին: Այգում տեղացի գինեգործ Արսենի պրոֆիլն է նշմարվում: Գյուղացիները գործարանն ու այդ տեղանքն անվանում են «Իտալիա», իսկ ընկերության հիմնադիրն էլ իրեն կիսով չափ ռնդեցի է համարում: Գործարանը գյուղի ծայրամասում է՝ գերեզմանոցից փոքր-ինչ հեռու: «Հետագայում այստեղ բարդիներ ենք տնկելու, որպեսզի հանգստարանը չերևա: Որոշել ենք հենց մեր կանգնած տեղում փոքրիկ տուն կառուցել, բայց դրանք ապագայի ծրագրեր են»,- գերեզմանոցի կողմը նայելով՝ ասում է Երազ Թովմասյանը: «Զորահ» ընկերությանը պատկանող հողատարածքը 40 հա է, որից 9 հա-ը հատկացրել են խաղողի հայկական սորտերի հետազոտությանը: «Ես ինձ բիզնեսմեն չեմ կոչում, որովհետև շատ բաներ, որ անում եմ, բիզնեսից հեռու է՝ կարասները, այգու հետազոտական աշխատանքները, սորտերի միջից ճիշտը կղզիացնելը: Դա անում եմ իմ մտքի հանգստության համար»,- նշում է զրուցակիցս:

Նա բնակվում է Իտալիայի Միլան քաղաքում: Ավարտել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, այնուհետ սովորել է Մխիթարյան միաբանությունում: Մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց, ինչպես ինքն է ասում, միշտ եղել է գինու սիրահար: Մինչ 1998թ. որոշել էր գինու արտադրություն սկսել Իտալիայի Տոսկանա քաղաքում, բայց հենց այդ տարի որպես զբոսաշրջիկ եկել էր Հայաստան: Այդ այցը փոխել էր նրա որոշումը: Դրանից 2 տարի անց Հայաստանում սկսել էր փնտրել տարածք, որտեղ կարող էր արտադրել լավ գինի: Ի վերջո, ընտրությունը կանգ առավ Ռինդ գյուղի վրա:«Այն ինձ գրավեց սարերի, քարերի հզորությամբ, որը ծովի մակերևույթից 1400 մ բարձրության վրա է: Իմ առաջին քայլն այն էր, որ հողի պարունակությունը և միկրոկլիման 40 տարվա կտրվածքով անալիզ անել տվեցի Իտալիայի 2 համալսարաններում: Անալիզների եզրակացությունն այն էր, որ իմ հողը համաշխարհային մակարդակով գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա»,- բացատրում է «Զորահի» հիմնադիրը, ապա ավելացնում, որ այդ բարձրության վրա խաղող ստանալը համաշխարհային խաղողագործության տեսակետից հազվագյուտ երևույթ է: Բացի դա` կա նաև երկրորդ կարևոր հանգամանքը. այդ տեղանքում արդյունաբերություն չկա:

Հագուստի և գինու կապի մասին

Խաղողագործության վայրն ընտրելուց հետո մոտ 10 տարի զբաղվել է խաղողի հայկական տեսակների ուսումնասիրությամբ: «Իմ նպատակն այն է, որ կարողանամ ստանալ այն մակարդակի գինի, որ համաշխարհային չափանիշներով բարձրագույն նիշը գնահատի հայկական բնիկ սորտը, և Հայաստանի գինեգործությունը կարողանա տեղ գտնել քարտեզի վրա»,- նշում է նա ու նորից շեշտում, որ գինեգործությունը բիզնես չէ իր համար, հակառակ դեպքում 12 տարի ստիպված չէր լինի զբաղվել խաղողի հայկական սորտերի հետազոտությամբ:

Նա Իտալիայում ունի հագուստի արտադրություն: Իր կարած հագուստը մատակարարում է ամերիկյան մեծ հանրախանութների ցանցերին, որոնց հետ աշխատում է պայմանագրերով: Այդ բիզնեսից ստացած գումարն էլ ներդնում է Հայաստանում: «Միակ կապը, որ տեսնում եմ հագուստի և գինու միջև, այն է, որ երկու դեպքում էլ գործ ունես գեղեցկության հետ: Հագուստի պարագայում որոշողը դու ես: Գինու առավելությունը հագուստից գոնե ինձ համար այն է, որ սկսում ես շփվել բնության հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ տարվա մեծ մասը դու աշխատում ես բնության մեջ և դեռ չես իմանում՝ բերք կունենա՞ս, թե՞ ոչ: Այդ դեպքում որոշողը բնությունն է»,- մեղմ ժպտում է Զ. Ղարիբյանը, ով իր անունով էլ կոչել է ընկերությունը: «Մայրս փոքր ժամանակ ինձ Զորահ էր ասում, ես էլ որոշեցի ընկերությունն անվանել հենց այդպես»,- պարզաբանում է նա:Իր կատարած ներդրումների մասին խուսափում է խոսել, որպեսզի ինքն էլ «չվախենա» մեծ թվերից: Նրա խոսքով` տեղացիները երբեմն չեն հավատում, որ ինչ-որ մեկը կարող է գալ այդ լեռների մեջ գինի արտադրել, բայց ինքը նրանց պատասխանում է, որ գինեգործությունը խաղաղություն է սիրում, իսկ գինին էլ երևույթ է, որն ապրում է, և որտեղ պետք է ներդնել սեր: Այնուհետ ասում է, որ գինեգործության մեջ լուրջ արդյունքները լինում են շատ տարիներ հետո:

Շուկայի մասին

Այսօր «Կարասի արենի նոյրը» ընկերության արտադրած առայժմ միակ գինին է, որ առկա է վաճառքում: Այն արտահանվում է Անգլիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Բալթյան երկրներ, Ռուսաստան, առաջիկայում վաճառքի կհանվի նաեւ Ավստրալիայում, Հունաստանում: Այս երկրների շարքում նա իր անձնական հաղթանակն է համարում Իտալիայում վաճառքը: Հայաստանում այն վաճառվում է մասնագիտացված խանութներում և մի քանի ռեստորաններում, որտեղ մեկ շիշն արժե 80 դոլար:«Ես շատ եմ հպարտանում, որ մանավանդ սփյուռքահայերը գնահատում են մեր գինին, բայց իմ նպատակը շեշտադրված է դրսի աշխարհի վրա, որպեսզի Հայաստանը բերվի քարտեզի վրա, որովհետև դրսում, որտեղ վաճառվում են մեր գինիները, ամենաբարձր նիշի վրա են: Ինձ համար ամենակարևորն այն է, որ իմ գինին գնահատի գինու սիրահարը»,- ասում է նա:

businessnews.am



Նման նյութեր