Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն երկու խաղ դուրս է մնում անգլիական թիմի հայտացուցակից:
Այս հարցն անհանգստացնում է ոչ միայն հայ երկրպագուներին, այլև մանչեսթերյան ակումբի երկրպագուներին և մարզական մամուլին:
Վերջին օրերին պարբերաբար քննարկվում են Մխիթարյանի՝ խաղից դուրս մնալու տարբեր վարկածներ, որոնք թե՛ շատ տրամաբանական են, թե՛ շատ հեռու են տրամաբանությունից: Քննարկենք այդ վարկածներից մի քանիսը:
1. Մխիթարյանը վատառողջ է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բազելի» հետ հանդիպմանը Մխիթարյանը թիմակիցների հետ էր ժամանել մարզադաշտ և խաղային հագուստով էր: Սա թույլ է տվել լրագրողներին ենթադրել, որ Մխիթարյանը կլինի հայտացուցակում, սակայն վերջին պահին նա բացակայել է:
Մամուլը ենթադրում է , որ Մխիթարյանը վատառողջ էր, և դա է պատճառը, որ բացակայեց:
Ակումբի բժիշկները և մարզիչ Մոուրինիոն ոչ հերքել, և ոչ հաստատել են այս տեղեկատվությունը:
2. Մոուրինիոյի հերթական փորձարկումները
Մխիթարյանի մասին հարցին Մոուրինիոն բարկացած պատասխանեց, որ ինքը չի կարող խաղացնել 11 ֆուտբոլիստից ավելի: Մարզիչը նշում է, որ ունի շատ տարբերակներ կիսապաշտպանության գծում և փորձարկումներ է անում: Ըստ մարզչի՝ լրագրողները շատ են ֆիքսվում Մխիթարյանի վրա և երբեք չեն հարցնում, թե ինչու չեն խաղում մյուս ֆուտբոլիստները:
Շրջանառվում է վարկած, որ Մխիթարյանի անշուք խաղի ֆոնին՝ մարզիչը որոշել է հանգիստ տալ հայ ֆուտբոլիստին և կիսապաշտպանության գծում փորձարկել այլ ֆուտբոլիստների:
Հիշենք, որ նախորդ տարի Մոուրինիոն նույնն էր անում՝ փորձարկելով Հենրիխին անգամ պաշտպանական գոտում:
3. 1 քայլ հետ՝ 3 քայլ առաջ անելու համար
Իր մասին ֆիլմում Հենրիխը նշում է, որ ամեն անգամ անկումից հետո ինքը վերադառնում է ավելի ուժեղ: Իր ակումբային կարիերայում Հենրիխն ունեցել է անկումներ և, իրոք, դրանից հետո գրանցել է հրաշալի արդունքներ: Այստեղ շատ մեծ է մարզչի դերը: «Բորուսիայում» Մխիթարյանն ասում էր, որ իրեն շատ է օգնել Թոմաս Տուխելը, ով նրան ասել էր, որ նա պետք է լինի լավագույնը:
Մոուրինիոն հայտնի է պայքարի այլ մեթոդներով: Շատ հավանական է, որ Ժոզեն, ճանաչելով Հենրիխին, ցանկանում է անել այնպես, որ հայ ֆուտբոլիստը մոտիվացվի և պայքարի մեկնարկային կազմում տեղ ունենալու համար:
Սովորաբար մարզիչներն անում են այնպես, որ ֆոտբոլիստների մեջ լինի առողջ մրցակցություն, սակայն ֆուտբոլիստին մրցակցության համար հայտացուցակից դուրս թողնելը բնորոշ է միայն «Յուրահատուկին»: Հույս ունենանք, որ Մոուրինիոն կհասնի իր նպատակին:
4. Մխիթարյանը չընտրեց Մոուրինիոյին
Սա, թերևս, ամենաանհավանական վարկածն է:
Հիշեցնենք, որ վերջերս կայացած The Best մրցանակաբաշխության ժամանակ Մխիթարյանը չէր ընտրել Մոուրինիոյին՝ որպես լավագույն մարզիչ: Ընդունված է, որ ֆուտբոլիստներն ընտրում են կամ իրենց հավաքականի, կամ իրենց ակումբի մարզչին:
Շրջանառվում է վարկած, որ Մոուրինիոն վրեժ է լուծում Մխիթարյանից նման պահվածքի համար:
Հիշեցնենք, որ անգլիական մամուլը գրել էր, որ Հենրիխն իր այդ քայլով արհամարհել է մարզչին:
Կարծում ենք ՝ այս վարկածը պետք չէ լուրջ ընդունել, քանի որ Մոուրինիոն պրոֆեսիոնալ է և սովորաբար չի տրվում մամուլի սադրանքներին:
Ամեն դեպքում, հույս ունենանք, որ Մխիթարյանն արագ կանցնի իր կարիերայի այս փուլը: Իր մասին ֆիլմում Մխիթարյանը նշում է, որ ձախողումներն իրեն ստիպում են աշխատել ավելի ու ավելի շատ: Հայ ֆուտբոլիստը հայտնի է իր աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ: Կարծում ենք, որ շատ շուտով մենք կտեսնենք այն Հենրիխին, ում համար մանչեսթերյան ակումբի սկաուտները պայքարում էին «Բորուսիայի» տնօրեն Վատցկեի հետ:
Սիրարփի Աղաբաբյան