Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան (հոր կողմից՝ Բաբասյան —խմբ․) պատմել է, որ տատը պետք է իր հետ Փհենչհանի Օլիմպիադա գնա՝ թոռնուհուն սատարելու։ Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»։
Գեղասահորդուհու խոսքով, մորն իր հետ երբեք մրցումների չի տանում։
«Մայրս ընդհանրապես ելույթներս չի դիտում։ Երևի մեր կապն այնքան ուժեղ է, որ մորս հուզմունքն ինձ նույնիսկ տարածության վրա է փոխանցվում։ Դրա համար մենք պայմանավորվել ենք, որ նա երբեք իմ հետ մրցումների չի մեկնելու և նույնիսկ ուղիղ հեռարձակումները չի դիտելու։ Այս ավանդույթը ձևավորվել է, երբ տասներեք տարեկանում սկսեցի հանդես գալ միջազգային պատանեկան մրցումներին», — պատմել է Ժենյան։
Չնայած կրնկի վնասվածքին՝ գեղասահորդուհին նախատեսում է հանդես գալ Նագոյայում կայանալիք Գրան Պրիի եզրափակիչ փուլում։
Աղջիկը Գրան Պրիի երկու փուլին մասնակցել է աջ կրնկի ոսկորի վնասվածքով, ինչը նրան չի խանգարել հաղթել ու Նագոյայի եզրափակիչ հասնել։ Սակայն Մեդվեդևայի մասնակցությունը Ճապոնիայի մրցումներում դեռ հարցականի տակ է. նրա ոտքը հիմա գիպսի մեջ է։
Թեև գեղասահորդուհու մայրը՝ Ժաննա Մեդվեդևան, նշել է, որ իր դուստրը շատ արագ կվերականգնվի ու սառցադաշտ կվերադառնա։