Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 27-ին առաքելական այցով ժամանել է Մյանմա՝ դառնալով Հռոմի կաթոլիկ եկեղեցու՝ այս երկիր ժամանած առաջին ղեկավարը:
Քահանայապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մյանմայի խոշորագույն քաղաքի՝ Յանգոնի օդանավակայանում: Ֆրանցիսկոսի այցն ուղիղ եթերով ցուցադրել է տեղական MITV հեռուստաալիքը: Տեղի բնակիչները քահանայապետի ժամանմանն սպասում էին Յանգոնի փողոցներում և օդանավակայանի շենքի մոտ՝ ձեռքներին բռնած նրա դիմանկարները և ողջույնի մակագրություններով պլակատներ:
Ինչպես հայտնում են այցի կազմակերպիչները, Հռոմի պապը Մյանմայում կգտնվի մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ: Պլանավորված են քահանայապետի հանդիպումները հանրապետության նախագահ Տհին Չժոյի, պետական խորհրդական և Մայանմայի դե-ֆակտո քաղաքական առաջնորդ Աուն Սան Սու Չժիի, ինչպես նաև բանակի գլխավոր հրամանատար Մին Աուն Խլաինգի հետ: Նոյեմբերի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ինչպես սպասվում է, Յանգոնում պատարագ կմատուցի, իսկ հաջորդ օրը կմեկնի երկրից և կուղևորվի հարևան Բանգլադեշ:
Հիսուն միլիոնանոց Մյանման առավելապես բուդդայական երկիր է: Տեղի կաթոլիկների համայնքը ներառում է շուրջ 700 հազար մարդ: Վատիկանի և Մյանմայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են այս տարվա մայիսին: Սուրբ Աթոռի ղեկավարի՝ Մյանմա այցի կազմակերպիչներն ավելի վաղ հայտնել էին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր այցի ընթացքում մտադիր չէ տեղի իշխանությունների հետ քննարկել Ռաքհայն արևմտյան նահանգում ստեղծված ճգնաժամը, որը հանգեցրել է ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների՝ Բանգլադեշ զանգվածային փախուստին: Հոգևորական Մարիանո Սո Նայնի խոսքով՝ պապը «տեղեկացված է Ռաքհայնի իրադրության մասին և այն շատ լավ է հասկանում», սակայն այցի գլխավոր նպատակը «կաթոլիկներին ոգեշնչելն Է՝ պաշտպանելու Մյանմայում տեղի ունեցող փոփոխությունները, քննարկելու փոխգործակցությունը: