ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն 82 տարեկանում ստիպված է նոր կյանք սկսել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելուց հետո: Նա իր զգացողությունների ու ապագա ծրագրերի մասին պատմել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին:
Ջիգարխանյանը նշել է, որ գոհ է դատարանի որոշումից:
«Շատ գոհ եմ, ազնիվ խոսք: Բայց հասկանում եմ, որ սա հաղթանակ չէ ինչ-որ մեկի օգտին: Բոլորովին այլ զգացողություն է, և ես հասկանում եմ, որ պետք է կարողանամ վերապրել այս ամենը»,- ասել է նա:
Դերասանի խոսքով՝ ուժերը կհերիքեն դրա համար:
«Բժիշկները լավն են, հետևում են, որ շաքարս չբարձրանա: Եվ հետո իմ կողքն այնքան շատ են լավ մարդիկ՝ և՛ թատրոնում, և՛ կյանքում: Հիմա կատու էլ ունեմ, որին շատ եմ կարոտում»,- ասել է այս պահին պանսիոնատում գտնվող Ջիգարխանյանը:
Նա ընդգծել է, որ ինքնազգացողությունը լավացել է և խոսել է «չար ոգիների» մասին:
«Չար ոգիները կերպար չունեն, ինչպես շատերն են կարծում: Դա այն է, ինչ կողքիդ է և բարի, պայծառ ու քնքուշ է ձևանում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ամեն ինչ շուտ չի անցնի, և վերջին ամիսներին տեղի ունեցած դեպքերն իրենց հետքը կթողնեն:
Պարբերականը ներկայացրել է նաև մի փաստաթուղթ, որն ապացուցում է՝ այն, ինչ տեղի ունեցավ դերասանի հետ, նախապես ծրագրել էր երիտասարդ կինը: Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հոտեմբերի 10-ին 4 միլիոն ռուբլի է հանել Ջիգարխանյանի բանկային հաշվից: Դրա նախորդ օրը Ջիգարխանյանը հայտնաբերել էր, որ կորցրել է անձնագիրը: