«Հիասթափված եմ պաշտպանության նախարարության ղեկավարությունից». Ավետիք Չալաբյան
Advertisement 1000 x 90

«Հիասթափված եմ պաշտպանության նախարարության ղեկավարությունից». Ավետիք Չալաբյան

««Ազգ-բանակ» գաղափարախոսության մասին առաջինը խոսել է Ժիրայր Սէֆիլյանը»,- այսօր «Հայաստանի անվտանգության խնդիրները. բարեփոխումների արդյունավետությունը պաշտպանության ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը:

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ նման կոնցեպտը մինչև հայկական իրականության մեջ շրջանառության մեջ դրվելը, եղել է այլ երկրների, ազգերի պատմության մեջ, մասնավորապես, այն երկրների, որոնք ունեն անվտանգության անհամաչափ մեծ խնդիրներ, որոնք պահանջում են ազգի մոբիլիզացիան:

«Իսրայելն այն օրինակներից է, որտեղ անվտանգության խնդիրներն անհամաչափ են, այսինքն՝ երկիրն ունի հարևանների մի այնպիսի շղթա, որոնք չէին ընդունում նույնիսկ Իսրայելի գոյության իրավունքը: Դա անվտանգության անհամաչափ խնդիր է, ինչը պահանջում է մոբիլիզացիա: «Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմքն այն է, որ մինչև այդ անվտանգության խնդիրներն ինչ-որ հանգուցալուծման են գալիս, դուք որոշ ժամանակ ապրում եք բարձր մոբիլիզացիայի պայմաններում: Այսինքն՝ ազգի ռեսուրսներն օգտագործում եք ազգի անվտանգության խնդիրները լուծելու նպատակով: Եթե մենք վերադառնանք մեր կոնցեպտին, իհարկե, կարելի է դա մեր գաղափարախոսական հենքի վրա կառուցել, կապել մեր պատմությանը, բայց եթե մենք պարզեցնենք հարցը, ապա այն հանգում է հետևյալին. այն պայմաններում, որ մենք ունենք անվտանգության խնդիրներ, մենք պետք է ունենանք բարձր մոբիլիզացիա, որը մեզ հիմք է տալիս նաև այդ խնդիրները քաղաքական մեթոդներով լուծել:

Այսինքն՝ մեզ բարձր մոբիլիզացիա պետք է ոչ թե՝ նրա համար, որ մենք պատերազմենք և հաղթենք, այլ նրա համար, որ մեզ հետ չուզենան պատերազմել: Որ այն երկրները, որոնք ունեն նկրտումներ մեզ հետ ռազմական ճանապարհով խնդիրները լուծելու, հրաժարվեն դրանցից, գան այն գիտակցության, որ մեզ հետ քաղաքական հարցերը պետք է լուծել քաղաքական հարթությունում, ուժային ճնշումն արդյունքի չի բերի: Այդ դեպքում ես իսկապես լիահույս եմ, որ 5-10 տարվա հեռանկարում մենք գուցե կկարողանանք քաղաքական դաշտում լուծել այն խնդիրները, որ անվտանգության ճնշում են ստեղծում մեզ համար»,- նշեց Ա. Չալաբյանը:

Նա գտնում է, որ այսօրվա իշխանությունները շատ ավելի լուրջ ջանք կարող էին գործադրել՝ ձևավորելու հասարակական համաձայնություն՝ կոնսենսուս անվտանգության խնդիրների շուրջ.

«Անցյալ տարվա ապրիլին, երբ մենք բախվեցինք այդ անվտանգության իրական մարտահրավերին, տեսանք՝ ինչպես մի քանի օրվա ընթացքում ռազմական գործողությունները պարուրեցին Արցախը և կարող էին անգամ տարածվել Հայաստանի սահմանների վրա, հասկացանք, որ սա իրական է, և այս ամեն ինչը պահանջում է համապատասխան արձագանք: Դա հրաշալի հնարավորություն էր՝ և՛ մեծ քանակությամբ բարեփոխումներ սկսելու բանակում, և՛ հասարակական համաձայնություն կառուցելու»:

Ա. Չալաբյանը հիասթափված է, որ իշխանությունները, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, ունենալով այդ հասարակական համաձայնությունը՝ կառուցելու այդպիսի կարևոր պլատֆորմ, շտապողականության, ինչ-որ տեղ՝ նաև սեփական անսխալականության գիտակցության պատճառով՝ երկու օրենսդրական նախագիծ բերեց, որոնք այնքան էլ միանշանակ չընկալվեցին հասարակության կողմից:

«Նախագծերից մեկը կապված էր զինծառայողների սոցիալական ապահովությանը, և, ցավոք, ստացավ «1000 դրամներ» անվանումը, որովհետև խնդիրը 1000 դրամների մասին չէր: Մենք վիճարկում էինք այն մեթոդը, որով այդ կոմպենսացիայի ֆոնդն է հավաքվում: Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ խոսելու և ասելու, որ դա արդարացված մեթոդ չէ, սոցիալական արդարությանը չի համապատասխանում:

Հաջորդ խնդիրը, որ կապված է զինծառայությանը և զինծառայողների կարգավիճակին, այդ օրենքը ևս բազմաթիվ կարևոր հարցադրումներ ունի, կարևոր խնդիրների լուծման հիմք է պարունակում, բայց այդ ամբողջ օրենքի մեջ կար մի խնդիր, որը վերաբերում էր տարկետումների հարցին, և այդ խնդրի ծայրահեղական, շտապողական, ոչ ամբողջական լուծումը բերեց նրան, որ մենք խորհրդարանում ունեցանք բավականին տհաճ քննարկում, ուսանողների ընդվզում, և այլն: Դա այն օրինակն է, որ իսկապես այն խնդիրներում, որոնք վերաբերում են հասարակության մոբիլիզացիային, հանրային անվտանգությանը և այլն, պետք է ունենալ շատ ճկուն և զգույշ մոտեցում»,- նշեց բանախոսը:

ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ