Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ PROJECT LA–ի համերգին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ PROJECT LA–ի համերգին. life.tert.am

PROJECT  LA-ն 2 տարի առաջ հայ հանդիսատեսին ներկայացրեց նոր նախագիծ, որը ներառում է Լևոն Արևշատյանի հեղինակային երգերը` գրված  Էդգար Պոյի, Վահան Տերյանի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի, Լորդ Բայրոնի բանաստեղծությունների հիման վրա։ Այս ընթացքում նախագծի երգացանկը համալրվել է, և PROJECT  LA-ն արդեն 2 ալբոմ ունի։

Դեկտեմբերի 1-ին PROJECT LA-ն ներկայացավ հերթական համերգով։ Նախագծի ակումբային համերգի հանդիսատեսի շարքերում էին մի շարք հայտնի մարդիկ։  Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառման ու իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի հետաքրքիր պահերը։

Օրվա ընտրությունը պատահական չէր։ Երեկոյի հանդիսավար Դիանա Մալենկոն հայտնեց, որ 16 տարի առաջ դեկտեմբերի 1-ին նախագծի հեղինակ Լևոն Արևշատյանը  ստեղծել է իր ընտանիքը, իսկ 7 տարի առաջ այս օրը միացել իր աշխատանքային ընտանիքին։ Լևոն Արևշատյանը բեմից խոսել չի սիրում, փոխարենն իր ասելիքը ներկայացնում է երաժշտության միջոցով, որն արժանացավ ներկաների ջերմ ծափերին ու բարձր գնահատականին։

PROJECT  LA-ի մենակատարներն են Գոռ Սուջյանը, Նարինե Դովլաթյանը, Ջիվան Խաչատրյանը և Սյուզան Մելքոնյանը։ Երգերի գործիքավորումներն արել են Խաչիկ Սահակյանը, Հայկ Գասպարյանը և Էդգար Հայրապետյանը։

Tert.am Life-ի հետ զրույցում Նարինե Դովլաթյանը նշեց, որ իր համար հաճելի է աշխատել պրոֆեսիոնալ, իրենց գործի գիտակ մարդկանց հետ։ «2 տարի առաջ ինձ զանգահարեց դաշնակահար Խաչիկ Սահակյանը և ասաց, որ կա նախագիծ, որում ուզում են ներգրավել նաև ինձ։ Հանդիպեցինք, տարբեր երգեր ցույց տվեցին։ The Village Street-ն ամենահարազատն էր ինձ։ Հետագայում համագործակցությունը շարունակական դարձավ։ Շատ ուրախ եմ, որ այս նախագծում եմ։ Սա այն եզակի նախագծերից են, որտեղ բոլորը պրոֆեսիոնալ են»,- ասաց նա։

Գոռ Սուջյանի համար ևս նախագիծը եզակի է, քանի որ սովորաբար նա ներկայանում է իր հեղինակային երգերով։ «Սա միակ նախագիծն է, որտեղ կատարում եմ ոչ իմ ստեղծագործությունները, սակայն այնքան հարազատ են ինձ, որ կատարում եմ որպես իմ ստեղծագործություններ»,- ասաց Գոռը։