40-ից հետո կինն ավելի է ծաղկում. Անի Քոչարյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

40-ից հետո կինն ավելի է ծաղկում. Անի Քոչարյան. life.panorama.am

Այսօր դերասանուհի Անի Քոչարյանի տարեդարձն է: Տոնական օրվա կապակցությամբ դերասանուհին պատասխանել է Life.panorama.am-ի հարցերին:

Կինը 40-ից հետո. Ձեր բնորոշմամբ և Ձեր օրինակով:

-Կարծում եմ՝ կնոջ համար 40-ից առաջ և հետո պետք է տարբերություն չլինի: Կինը բոլոր տարիքներում պետք է մնա կին: 40-ից հետո կինը ծերանո՞ւմ է, չէ, չեմ կարծում, և նույնիսկ հակառակը՝ ավելի ծաղկում է: Կինը գնալով ավելի խոհեմ է դառնում:

-Ի՞նչն է Ձեզ համար կյանքի գլխավոր արժեքը:

Ընտանիքս:

-Որո՞նք են Ձեր կյանքի ամենակարևոր ձեռքբերումները:

-Դրանք շատ են՝ ընտանիքս, ընկերներս, հարազատներս:

-Բացթողումներ ունե՞ք:

-Ես սիրում եմ և իմ սխալները, և բացթողումները, քանի որ դրանք իմն են: Կյանքն անհետաքրքիր կլինի, եթե ամեն բան հարթ ու իդեալական լինի: Միաժամանակ, բացթողումներիս մասին չեմ հիշում, և առհասարակ, աշխատում եմ վատ բաները չհիշել և չմտապահել:

-Ճիշտ ընտրություն մասնագիտության հարցում: Ըստ Ձեզ՝ հետևել սրտին, թե գիտակցությանը:

-Ես իմ սրտին եմ հետևել և նույնն էլ խորհուրդ կտամ բոլորին: Եթե գիտակցաբար ընտրելիս, որևէ ակտուալ մասնագիտություն, բայց այն չսիրես, հաստատ դա քեզ համար պատիժ կլինի:

-Բնավորության, ո՞ր գիծն եք համարում Ձեր առավելությունը:

-Ես շատ գծեր ունեմ, որոնք առավելության շարքից են: Ինձ համար իմ բնավորության բոլոր գծերն էլ լավն են, եթե նույնիսկ դրանց շարքում կան վատ գծեր: Ես սիրում եմ իմ լավ ու վատ կողմերը, որովհետև դրանք իմն են:

Ինչի՞ մասին եք երազում:

-Երազում եմ, որ մեր երկիրը խաղաղ լինի, որ մեր երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն, որ մենք երբևէ չլսենք զինվորի կորստի մասին:

-Ի՞նչ եք ինքներդ Ձեզ մաղթում:

-Առողջություն և երջանկություն: Ինչպես յուրաքանչյուրն՝ ինձ ամենալավն եմ մաղթում:

-Աստծուն դիմելիս շնորհակալություններն են շատ լինելու, թե հարցերը:

-Ո՞վ եմ ես, որ հարցեր տամ նրան, դրա իրավունքը ես չունեմ: Աստծուն ես երբեք հարցեր չեմ տալիս, քանի որ նրա գործերն անքննելի են, նրա կամքին ես պարտավոր եմ ենթարկվել: Նրանից ես միայն ներողություն եմ խնդրում և շնորհակալություն հայտնում:

life.panorama.am



Նման նյութեր