Հագուստի մոդելավորող Միքայել Շարաֆյանը ցանկանում է իր ներդրումն ունենալ օպերային թատրոնի զարգացման գործում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հագուստի մոդելավորող Միքայել Շարաֆյանը ցանկանում է իր ներդրումն ունենալ օպերային թատրոնի զարգացման գործում

Սիրված դերասան Լևոն Շարաֆյանի որդին՝ հագուստի ձևավորող Միքայել Շարաֆյանը, նշանակալի հաջողությունների է հասել ԱՄՆ-ում: Նա Լոս Անջելեսի մոդելավորողների գիլդիայի միակ հայ անդամն է: Համագործակցում է հայտնի դերասանների հետ, որպես հագուստի մոդելավորող աշխատում է հոլիվուդյան ֆիլմերում: Հայաստանում Շարաֆյանը փորձում է յուրովի նպաստել օպերային թատրոնի առաջընթացին:

Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»ի թղթակիցը զրուցել է Միքայել Շարաֆյանի հետ:

– Վարպետության դասընթացներ անցկացնելու և այլ նպատակներով բավականին հաճախ եք լինում հայրենիքում: Այս անգամ ի՞նչն է ձեզ  բերել Հայաստան:

– Հայաստան եմ եկել Կոնստանտին Օրբելյանի հրավերով: Մենք երկար տարիներ մտերիմներ ենք: Մեկ տարի է՝ Օրբելյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, արդեն՝ նաև տնօրենը: Նա ցանկացավ, որ ես իմ ներդրումն ունենամ թատրոնի զարգացման գործում:

Ներկայումս օպերային թատրոնում իմ աշխատանքն անմիջականորեն կապված է սոցիալական մեդիայի հետ: Այս թատրոնն ունի ներկայացումներ, որոնք պետք է պատշաճ մատուցվեն հանրությանը: Սոցիալական մեդիայի օգնությամբ փորձում ենք թատերասերներին ներկայացնել արտիստների աշխատանքը ետնաբեմում, ուղիղ միացումների միջոցով հատվածներ ենք ցուցադրում թատրոնի ողջ աշխատանքային գործընթացից: Դա շատ կարևոր է, հանրությունը պետք է տեսնի, որ այն, ինչ կատարվում է բեմում, իրականում լուրջ աշխատանքի արգասիք է: Ընդգծեմ, որ հետագայում  աշխատելու եմ երկու ներկայացումների զգեստների ձևավորման վրա:

90-ականներին օպերային դահլիճները լեփ-լեցուն էին, անգամ ցերեկային ներկայացումներ կային: Հիմա էլ կարող է այդպես լինել:

– Ձեր հայրը հայտնի դերասան է,  մայրը՝ օպերային թատրոնի կոնցերտմայստեր: Դուք բոլորովին այլ մասնագիտություն ընտրեցիք: Ինչպե՞ս դա պատահեց:

– Մանկությունս անցել է օպերային թատրոնում: Թատրոնը մեծ դեր է խաղացել իմ մասնագիտության ընտրության հարցում: Վերջերս վերանայում էի փոքր հասակում նկարած գործերս: Թղթի վրա պատկերել եմ հետաքրքիր ու գեղեցիկ կերպարների, որոնց տեսել եմ բեմում՝ «Ձյունե թագուհի», «Ժիզել» և այլ բեմադրություններում: Այդ ներկայացումներն իմ կայացման վրա մեծ ազդեցություն են թողել:

Հայաստանում սովորել եմ Երևանի Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում: Երբ տեղափոխվեցինք ԱՄՆ, ծնողներիս ասացի, որ ցանկանում եմ զգեստների նկարիչ դառնալ: Նրանք դեմ էին իմ որոշմանը, հայրս՝ հատկապես: Բայց ամեն բան իմ ցանկությամբ եղավ, և ընդունվեցի Լոս Անջելեսի Fashion Institute of Design and Merchandising (FIDM):
Երաժշտի և դերասանի որդի եմ, ինչպես նրանք, այնպես էլ ես արվեստով եմ զբաղված: Կարծում եմ՝ կարող եմ այդ երկու մասնագիտությունների կապող օղակը լինել:

Սիրում եմ կինո, թատրոն ու աշխատում հենց այդ ասպարեզում: Ինձ համար շատ կարևոր են կերպարները, նրանց առանձնահատկությունները, հետաքրքիր են բոլոր մարդիկ, ես բոլորին սիրում եմ:

– Ամերիկայում ձեզ փորձել եք նաև կինոյում և հայրենիքում «Տարվա լավագույն դերասան» ճանաչվել «Հարսնացուն Վեգասից» ֆիլմի համար: Կպատմե՞ք այդ մասին:  Կարո՞ղ է այդ փորձը շարունակություն ունենալ:

– Ի սկզբանե պետք է այդ կինոնկարի հերոսների հագուստների ձևավորմամբ զբաղվեի: Արդեն սկսել էինք աշխատանքը դերասանական կազմի հետ, սակայն ինչ-որ բան պատահեց, և գլխավոր դերակատարի հետ համագործակցությունը չկայացավ: Ժապավենի ռեժիսոր Արթուր Բաբայանը մի քանի ամիս անց զանգահարեց ինձ և ասաց, որ ցանկանում է գխավոր դերում ինձ տեսնել: Անգամ վիրավորվեցի: Ասացի՝ դա պրոֆեսիոնալ չէ,  բացի այդ, ես չեմ ցանկացել դերասան դառնալ, ի՞նչ կապ ունեմ ես այդ կերպարի հետ, անգամ գյուղում երբեք չեմ ապրել:

– Նա չէ՞ր պատճառաբանում, թե ինչու է հենց ձեզ ընտրել այդ դերի համար:

– Արթուրն ասում էր, որ դերասանությունն իմ գեներում է: Անմիջական անձնավորություն եմ: Գուցե նա ցանկանում էր, որ իմ անձնային որակներն ու հատկանիշներն ունենա նաև ֆիլմի հերոսը՝ Մկոն:

Ի վերջո, համաձայնեցի նկարահանվել, բայց հրաժարվեցի ձևավորել ֆիլմի կոստյումները: Պետք է խոստովանեմ, որ ինձ դուր եկավ տեսախցիկի առաջ լինելը:  Հիմա հստակ գիտեմ, թե ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել դերասանը նկարահանումների ընթացքում: Ավելի եմ գնահատում նրանց աշխատանքը: Այդ ժապավենում նկարահանվեցի հորս՝ Լևոն Շարաֆյանի,  սիրված դերասանուհի Ալլա Թումանյանի, օսկարակիր դերասանուհի Սալի Քիրքլենդի հետ:

Ֆիլմը Հայաստանում ցուցադրվեց 2014 թվականին: Հիշում եմ՝ ինչ տարօրինակ զգացում ունեի քաղաքում շրջելիս, երբ ցուցապաստառների վրա իմ մեծ նկարն էի տեսնում: Զարմանալի է՝ շատերը տարիներ շարունակ աշխատում են, տանջվում, երազում ֆիլմերում նկարահանվելու, մրցանակների արժանանալու մասին, իսկ ինձ ստիպեցին նկարահանվել կինոնկարում և անգամ մրցանակ շնորհեցին:

– Կրկին վերադառնանք ձեր տարերքին: Որպես զգեստների նկարիչ-ձևավորող ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել այս տարիներին:

– Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում Costume Designers Guild-ի անդամ եմ: Ներկայումս միակ հայ նկարիչ-ձևավորողն եմ այդ գիլդիայում: Ինքս եմ ստեղծագործական թիմ հավաքում, ինչը չափազանց կարևոր է:
Ինձանից առաջ գիլդիայում իր ուրույն տեղն էր զբաղեցրել օսկարի ներկայացված դիզայներ Ռեյ Աղայանը: Նա նաև Շերլին Սարգսյանի հետ էր համագործակցում:

– Հոլիվուդյան հայտնի դերասանների հետ աշխատել եք տարբեր ֆիլմերում որպես հագուստի ձևավորող: Որո՞նք են այն կինոնկարները, որոնք յուրահատուկ են ձեզ համար:

– Սիրով համագործակցել եմ Անժելա  Սարաֆյանի,  Ջեննի Քենեդիի, Իլեյն Հենդրիքսի, Շերլին Մաքլեյնի և այլ նշանավոր արտիստների հետ: Շատ հետաքրքիր է: Նրանք հաճախ մատնանշում են տարրեր, որոնց վրա ես ուշադրություն չէի դարձրել, մանրակրկիտ ներկայացնում են իրենց կերտած կերպարները, միասին քննարկում ենք դրանք ու հետաքրքիր լուծումներ գտնում:

Խոսելով կինոնկարների մասին՝ ասեմ, որ հատկապես հաճույքով եմ աշխատել «Dirty bomb» ժապավենում, «And then there was eve» ֆիլմում, մեծ սիրով եմ աշխատել «Կորած-մոլորածը Հայաստանում» ժապավենում:

Շուտով պատրաստվում եմ վերադառնալ ԱՄՆ: Այնտեղ աշխատելու եմ նոր նկարահանվող սերիալի վրա: