Քիմ Քարդաշյանի ավստրալիական երկրպագուները անհամբեր սպասում էին, թե երբ են կարողանալու սիրված աստղի թողարկած օծանելիքը գնել, բայց Ավստրալիայում այդ ապրանքանիշի վաճառքն արգելվել է։
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ներկայացուցիչները կվերադարձնեն օծանելիքի պատվերների գումարն Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բնակիչներին։
Ինչպես հայտնում է Լոս Անջելեսի TMZ առցանց պարբերականը, FedEx բեռնափոխադրումների միջազգային ընկերությունը հրաժարվել է օծանելիքն Ավստրալիա և Նոր Զելանդիա տանել սպիրտ պարունակող դյուրավառ նյութի պատճառով։
Քարդաշյանի օծանելիքի սիրահարներն իրենց հերթին բողոքել են, որ կայքում օծանելիքը գնելիս նրանց ոչ ոք չի տեղեկացրել առաջացած խնդրի մասին։
2017 թվականի նոյեմբերին Քիմ Քարդաշյանը ներկայացրել էր իր նոր օծանելիքի երեք տեսակները` Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus և Crystal Gardenia Oud։ Օծանելիքի գինը տատանվում է 35-ից 60 դոլարի սահմանում։ Օծանելիքի վաճառքին սպասում էին Քիմի բոլոր երկրպագուները, բայց ավելի ուշ պարզվեց, որ օծանելիքը ոչ բոլորին է հասանելի։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին աղմկահարույց պատմություն ծավալվեց Քիմ Քարդաշյանի քրոջ` Քայլի Ջեների և ավստրալիացի երգչուհի Քայլի Մինոկի միջև։ Վերջինը դատարան է դիմել` հայտնելով, որ Քարդաշյանների գերդաստանի գեղեցկուհու` Kylie անվանումով ապրանքանիշը հարվածի տակ է դնում 80-ականների փոփ-աստղի համբավը. շատերի մոտ Քայլի անունն ասոցացվում է հենց ավստրալիացի աստղի հետ։
Նշենք, որ երբ Քարդաշյանի թողարկած օծանելիքը նրա կայքում հայտնվելուց մեկ ժամ անց օգտատերերն արդեն 1.3 մլն դոլարի օծանելիք էին գնել, իսկ մեկ օր անց գումարը տասնապատկվեց։