Հունվարի 3-ից աշխատանքի. Կարեն Կարապետյան
Advertisement 1000 x 90

Հունվարի 3-ից աշխատանքի. Կարեն Կարապետյան

Ամանորի տոներն ու տոնական արձակուրդները հաջորդ տարվանից կտևեն ընդամենը մի քանի օր։ Կառավարության առաջիկա նիստում գործադիրը կքննարկի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության աշխատակազմի ներկայացրած նախագիծը։

Առաջարկվում է տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։

Այսինքն` ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։

Հիշեցնենք, որ իր այս մտադրության մասին վարչապետ Կարապետյանը հայտարարել էր դեռ անցած Ամանորից առաջ` 2016թ-ի դեկտեմբերին, լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ։

Ի դեպ, հետաքրքրական է օրենքի փոփոխությունների վերաբերյալ կառավարության առաջարկի հիմնավորումը։

Կառավարության նիստի օրակարգում ներառված որոշման նախագծի այդ բաժնում բերված է տարբեր երկրներում տարվա ընթացքում ոչ աշխատանքային օրերի վիճակագրությունը։

Դրա համաձայն, ԱՄՆ-ում տարվա ընթացքում ոչ աշխատանքային ընդամենը 10 օր կա, Բրազիլիայում` 41, Լեհաստանում` 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում`25, Ավստրիայում` 38, Հնդկաստանում `40, Չինաստանում` 31, Թաիլանդում` 28, Ֆիլիպիններում` 25։

Հայաստանում ոչ աշխատանքային վճարվող օրերը` ազգային տոների հետ միասին 45-ն են։ Կառավարության կարծիքով` «ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ  գերազանցում է շատ զարգացած  և առավելևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»։

«Նախագծի ընդունումը միտված է  պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության  ապահովմանը»,- ասված է որոշման նախագծում։

Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում, օրենքը կուղարկվի ԱԺ։ Իսկ խորհրդարանի հավանությանն արժանանալուց հետո ուժի մեջ կմտնի 2018թ-ի հունիսի 1-ից, և հաջորդ Ամանորը կտևի ընդամենը 3 օր։