ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվել էին Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինվորների, Երկրապահ կամավորների միության, ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ընտանիքների երեխաները, թոռնիկները:
Երեխաներն այսօր եւս ուրախ էին, անհամբերությամբ սպասում էին տոնական միջոցառման մեկնարկին, որը բավականին հագեցած էր. նրանց համար կազմակերպվել էր հյուրասիրություն: Երեխաների հետ երգեցին եւ պարեցին մուլտֆիլմերի հերոսները, ապա նրանց միացան Ձմեռ պապը եւ Ձյունանուշը:
9-ամյա Գոհարը ապրիլյան պատերազմի հերոս, զոհված Հրաչյա Մուրադյանի դուստրն է: Նա տոնական միջոցառմանը մասնակցում էր քրոջ՝ Արմինեի հետ: Գոհարը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Ամանորը ամենասիրելի տոներից է, եւ նա անհամբեր ամեն տարի սպասում է այս տոնին:
«Ուզում եմ, որ 2018 թվականը լինի խաղաղության ու երջանկության տարի»,-ասաց Գոհարը եւ հավելեց, որ Ձմեռ պապից որպես նվեր ցանկանում է ստանալ գեղեցիկ զգեստ:
11-ամյա Սերգեյ Ստեփանյանը ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանի որդին է: Սարգիս Ստեփանյանը վիրավորվել էր 2014 թվականին ականապատ դաշտում վիրավոր ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ: Նա վերջերս դարձավ բազկամարտի աշխարհի չեմպիոն` հաշմանդամություն ունեցող անձանց մրցումներում։
Հարցին, թե արդյոք որոշել է՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, Սերգեյը միանշանակ պատասխանեց.
«Շարունակելու եմ հորս ուղին, զինվորական եմ դառնալու: Հայրս հետախույզ է»:
2018 թվականի համար Սերգեյ ցանկացավ, որ այլեւս սահմանին զոհեր չլինեն, զինվորները վերադառնան իրենց ընտանիքներ, իսկ ծնողները երբեք չտխրեն:
Մանե Մարկոսյանը 13 տարեկան է, սովորում է 8-րդ դասարանում: «Պատանի երկրապահ» ակումբի անդամ է: Սիրում է գրքեր կարդալ, նկարել, ցանկանում է դառնալ իլյուստրատոր:
«Պատանի երկրապահ ակումբի անդամ լինելը շատ մեծ պատասխանատվություն է, բոլոր պատանիները անդամները ունեն պարտականություններ, պետք է լավ, պատասխանատվություն ունենան բոլորի, ընկերների հանդեպ, օգնեն բոլորին: Իմ պապիկը՝ Գրիգոր Մկրտչյանը, ազատամարտիկ է: Մի անգամ մասնակցելով երկրապահների միջոցառմանը՝ որոշեցի, որ ես էլ ուզում դառնալ ակումբի անդամ: Մեր դպրոցում շատերն են դարձել ակումբի անդամ»,-ասաց Մանեն եւ հավելեց, որ ցանկանում է՝ գալիք տարին լինի հաջողակ եւ հանգիստ:
10-ամյա Աստղիկ Առաքելյանը ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ, գյումրեցի հերոս Ալեքսան Առաքելյանի դուստրն է: Նշեց, որ մեծ սիրով է դասերին պատրաստվում, լավ է սովորում, սիրում է բոլոր առարկաները: Երգում ու նկարում է: Հերոսի դուստրը բոլոր երեխաներին եւ մեծերին ցանկանում է առողջություն եւ երջանկություն:
«Թող բոլորը միշտ ժպտան, իսկ եթե աչքերին արցունքներ լինեն, դրանք թող լինեն միայն երջանկության արցունքներ»,-ասաց փոքրիկը:
11-ամյա Խաչատրյան Էլենան «Արաբո» ջոկատի անհետ կորած ազատամարտիկ Գագիկ Չանախչյանի թոռնուհին է: Նա նշեց, որ արդեն երկրորդ տարին է մասնակցում տոնական միջոցառմանը, ուրախ է եւ բարձր տրամադրությամբ է պատրաստվում Ամանորին: Գալիք տարում բոլորին ցանկանում է առողջություն եւ երջանկություն: