Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում հատկապես 2016 թվականի աշնանից մոդա է հիշատակել Սինգապուր-մինգապուրները, եթե ուզում են նկարագրել բաղձալի տեսլականները։ Ասեմ՝ իմանաք, որ սինգապուրյան հրաշքի ճարտարապետ Լի Կուան Յուի հաջողության գաղտնիքներից մեկն էլ գերարդյունավետ ու սուպեր-անողոք ռեպրեսիվ ապարատն էր։ Ինչպես Յուն էր մի անգամ ասել, եթե ուզում ես, որ չգողանան, ապա նստացրու/գնդակահարի գողություն արած ընկերոջդ (ու այդպես էլ անում էր)։ «Խփիր յուրայիններին, որ օտարները վախենան» սկզբունքն է։
Գանք Հայաստան։ Ոմն գազավիկի գողական տնփեսայի զավակներից մեկը ՃՏՊ-ի մեղավոր է դառնում, որի արդյունքում զոհվում է երկու մարդ։ Բացարձակ կարևոր չէ, որ զոհվողները ոստիկան են։ Կարևոր է, որ մարդիկ էին ու այդ մարդիկ էլ չկան, իսկ լպիրշ լակոտը, որը դեպքի վայրից փախել էր, կա, ու վստահ չեմ, որ նա պատժվելու է։ Անվստահությունս ունի լուրջ հիմքեր ու պատմություն։
Հիմքերից մեկն այն է, որ գործի վարույթն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, մի այլ կարգի «բարի համբավ» ու «մեծ վստահություն» ունեցող կառույց է (այնքան մեծ, որ մեծությամբ կարող է մրցակցել կառույցի ղեկավարի ուսադիրների գեներալիսիմուսական աստղերի մեծության հետ)։ Հիշո՞ւմ եք, որ ամիսներ առաջ էլ «ոսկե երիտասարդության» մեկ այլ ներկայացուցիչ՝ Հրազդանի քաղաքապետի որդյակը, մահացու վրաերթ էր արել հորն ամրակցված ծառայողական մեքենայով։ Գիտե՞ք՝ այդ գործն ինչ եզրահանգում ունեցավ։ Չգիտե՞ք։ Դե իմացեք, որ մեր պանծալի Քննչական կոմիտեն, երկա՜ր ուսումնասիրություններ իրականացնելով, ինչպես նաև վստահելով աշխարհի ամենաանաչառ փորձագիտական հետազոտությունների տվյալներին, եզրակացրել էր, որ 17-ամյա Ռազմիկ Դանիելյանը երթևեկության ոչ մի կանոն չէր խախտել, ուստի նրա արարքում հանցակազմը բացակայում է, ու ջհանդամ, որ Ռազմիկը 17 տարեկան էր և իրավունք չուներ առհասարակ ղեկին լինելու, ջհանդամ, որ հոր ծառայողական մեքենան իրենց ընտանեկան դուքյանը չէր, որ ով ուզի, երբ ուզի, քշի, ջհանդամ, որ որդյակին փրկելու համար քաղաքապետ հայրիկը լրիվ անմեղ մարդու էր հանձնարարել մեղքն իր վրա վերցնել։ Այդ ամենը ՔԿ-ն սիրուն ջրեց ու ասեց, որ Рафик чистой уоды невиновни…
Ու այսքանից հետո ինչո՞ւ հանրությունը պետք է մի կաթիլ հավատ ու վստահություն ունենա, որ մեր պանծալի քննիչները Ճվճըվ Արոյի որդյակի գործը քննելիս էլ չեն գա այն եզրակացության, որ այդ հանրությունն է վտանգ ներկայացնում Սաքուլիկի համար ու նրան պետք է գործուղել Մոնակո՝ ռեաբիլիտացվելու ու կազդուրվելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես Comedy Club-ում էր։
Երեկ էլ եմ ասել, այսօր էլ կկրկնեմ․ երկու ոստիկանների մահը նաև այն իրավապահների խղճին է, ովքեր թույլ են տվել այս ու բոլոր մնացած պորճ լածիրակներին ազատության մեջ մնալ նախկին իրավախախտումներից հետո։ Ու սենց պորճ լածիրակներ լինելու են այնքան ժամանակ, մինչև դրանցից առավել ակնառուներից մի քանիսին Սրբխեչի ուլ չսարքեն և հրապարակայնորեն խստագույնս չպատժեն, ինչպես դա ժամանակին անում էին Սինգապուրում»։