ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է նաև, որ Արցախի Հանրապետությունն չճանաված երկրների աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ է ներկայացրել:
Ռուբեն Հայրապետյանին նաև հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող ֆուտբոլիստների համար հետագայում խնդիր չի՞ լինի միանալ Հայաստանի ազգային հավաքականին, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ինչին ի պատասխան ՀՖՖ-ի նախագահն ասել է.
«Արևմտյան Հայաստանի հավաքական … ի՞նչ թիմ է դա: Նորմա՞լ եք համարում:
Կարծում եմ` այո, խնդիրներ կլինի ՖԻՖԱ-ի հետ: Ժամանակին այդ առաջնությանը մասնակցում էր նաև Արցախի հավաքականը: Որքանով` ես եմ տեղյակ, Արցախի Հանրապետությունը հայտ է ներկայացրել Ստեփանակերտում այդ առաջնությունն անցկացնելու համար: Ստեփանակերտի մարզադաշտն, ինչպես գիտեք, ամբողջովին վերակառուցվել է: Ու այնտեղի ժողովրդի համար, կարծում եմ, հետաքրքիր կլինի, եթե հայտը բավարարվի»,- իր խոսքում նշել է ՀՖՖ-ի նախագահը:
Հիշեցնենք` Արևմտյան Հայաստանի հավաքականը Հարություն Վարդանյանի գլխավորությամբ նախապատրաստվում է չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որը կկայանա այս տարվա մայիսի 31-ից հունիսի 9-ը Լոնդոնում:
Արևմտյան Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Պենջաբի, Ճապոնիայի միավորված կորեացիների և Կաբիլիայի հավաքականները:
armsport.am