Կցանկանայի իմ «երանգը» ավելացնել ասպարեզում. Երգչուհի Աննա Մարտիի խորհրդավոր ֆոտոշարքն ու առաջին քայլերը հայկական շոու-բիզնեսում (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կցանկանայի իմ «երանգը» ավելացնել ասպարեզում. Երգչուհի Աննա Մարտիի խորհրդավոր ֆոտոշարքն ու առաջին քայլերը հայկական շոու-բիզնեսում

Հայկական շոու-բիզնեսում հաճախ են հայտնվում նոր անուններ: Ոմանք կարճ ժամանակում մոռացվում են, ոմանք էլ շարունակում  են համառորեն աշխատել` իրենց ուրույն տեղը գրավելու համար:

Երգչուհի Աննա Մարտիի մուտքը հայկական երգարվեստ մեկնարկեց անցած տարի` «Սիրո հեղեղ» երգով և դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակով: Այն կարճ ժամանակում գրանցեց խոստումնալից քանակի դիտելիություն` երգչուհուն դրդելով նոր ու բազմապիսի աշխատանքների:

Վերջերս Աննան լուսանկարվել է լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանի ֆոտոշարքում, որն իրականացնելիս համագործակցել է նաև ոճաբան Արմեն Գալյանի և ռեժիսոր Արեն Բայադյանի հետ:

Լուսանկարները երգչուհին առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

Աննա, անցած տարի ներկայացրեցիք Ձեր առաջին տեսահոլովակը։ Այս տարի երաժշտական նորություններ սպասվո՞ւմ են:

-Առաջին տեսահոլովակիս՝ «Սիրո հեղեղի» թողարկումից անմիջապես հետո սկսեցինք մտածել նոր երգի մասին։ Հիմա արդեն մեր ամբողջ ուժերը կենտրոնացրել ենք նոր երգի ձայնագրման ու տեսահոլովակի ստեղծման ուղղությամբ։ Հավանաբար փետրվարի մեջ արդեն կներկայացնենք նոր տեսահոլովակը:

Նոր ֆոտոշարքի մասին կխոսե՞ք:

-Այս ֆոտոնախագծում աշխատել ենք մի քանի՝ իրարից բավական տարբեր կերպարներ ստանալ, որոնցից միայն մեկն ենք այստեղ ներկայացնում։ Կերպարների ստեղծմանը մասնակցել են Հայաստանի լավագույն մասնագետները. Բացի լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանից, ոճաբան Արմեն Գալյանից,  և ռեժիսոր Արեն Բայադյանից` աշխատել ենք նաև դիմահարդար Աշխեն Կոստանդյանի և վարսահարդար Նանո Ջուլհակյանի հետ:

Ինչո՞ւ սև ու սպիտակ: Դա կախվա՞ծ էր տրամադրությունից:

-Սև ու սպիտակ լուսանկարները զերծ են զարդարանքներից, շեղող հանգամանքներից ու դիտողի հայացքը ավելի լավ է կենտրոնանում նրա վրա, ինչ տեղի է ունենում նկարում։ Սև-սպիտակ նկարներում զգացմունքները ավելի ցայտուն են, իրականությունը՝ ավելի շոշափելի։ Քանի որ մենք ցանկանում էինք այս շարքի լուսանկարներում շեշտը դնել իմ տարատեսակ տրամադրությունների ու զգացմունքների վրա, դրա համար ընտրեցինք այս տարբերակը, իսկ Ռուբենը կարողացավ շատ պրոֆեսիոնալ լուսանկարներ ստանալ:

Երգիչները, սովորաբար, գալիս են երգարվեստ` ինչ-որ բան փոխելու կամավելացնելու նպատակով: Ձեր առաքելությունն, ըստ Ձեզ, ո՞րն է:

-Իմ կարծիքով 21-րդ դարում երաժշտության մեջ ինչ-որ տեսակի նորամուծություն անելը բավականին բարդ է։ Երգարվեստի ասպարեզը շատ հագեցած է ու ասել, որ ես մի բան փոխելու առաքելությամբ եմ եկել, մեծամիտ կհնչեր։ Ես պարզապես կցանկանայի իմ «երանգը» ավելացնել ասպարեզում։ Տեսահոլովակի թողարկումից հետո շատ նամակներ ստացա, որոնցում մարդիկ իրենց զգացմունքներն էին արտահայտում, ասելով, որ կատարումս անկեղծ էր ու հուզել էր իրենց։ Միայն այն, որ արված աշխատանքը մարդկանց դուր է գալիս, մեր թիմին անընդհատ աշխատելու և թարմ աշխատանքներ ներկայացնելու ձգտում է տալիս:

Հայկական երգարվեստի ներկայացուցիչների հետ համագործակցություններսպասվո՞ւմ են:

-Քանի որ ճանապարհը դեռ նոր է սկսվում, վերջին շրջանում կենտրոնացած եմ նոր երգի ու տեսահոլովակի վրա։ Զուգերգի մասին գուցե մտածենք հաջորդ երգից հետո: