Գերմանիայում գրանցել են կապույտ հազի՝ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդության բռնկում: Ինչպես նշում են Բավարիայի առողջապահության և սննդամթերքի անվտանգության նախարարությունից (BOHFS), 2017 թվականին Գերմանիայի հյուսիսարևմտյան և հարավային հողերում, մասնավորապես Բավարիայում կապույտ հազով հիվանդացության թվի աճի հետ գրանցվում է այս ինֆեկցիայով հիվանդացության աշնանային-ձմեռային վերելք:
Մասնագետները հիվանդացության աճը կապում են Բավարիայի բնակիչների՝ հիվանդության դեմ պատվաստվելուց հրաժարվելու հետ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Բավարիայի առողջապահության նախարարությունը շրջանի բնակչությանը համառորեն խորհուրդ է տալիս պատվաստումից չհրաժարվել, հատկապես այն ընտանիքներում, որտեղ երեխայի ծնունդի են սպասում, որի համար կապույտ հազն առանձնապես վտանգավոր է:
Երկրում կապույտ հազի վերաբերյալ հետագա անբարենպաստ կանխատեսումը հիմնված է վիճակագրական տվյալների վրա, որոնց համաձայն՝ 2013-ից 2017 թվականների ժամանակահատվածում հիվանդացության 29 տոկոս աճ է գրանցվել (համապատասխանաբար՝ 2628 և 3409 դեպք):
Հիշեցնենք, որ կապույտ հազը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը հատուկ է մանկական տարիքային խմբերին: Այն արտահայտվում է երկարատև սպազմատիկ հազով, շնչառական, սիրտ-անոթային և նյարդային համակարգերի ախտահարմամբ: Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, վարակվելու աղբյուր են համարվում հիվանդ երեխաները և մեծահասակները: