Ադրբեջանցի գնդապետն առաջնագծում էր և վտանգ էր ներկայացնում. Տիգրան Աբրահամյան. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցի գնդապետն առաջնագծում էր և վտանգ էր ներկայացնում. Տիգրան Աբրահամյան. armtimes.com

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի՝ հունվարի 18-ին Կրակովում տեղի ունեցած հանդիպումից առաջ և հետո իրավիճակը հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին կրկին լարվել է: Առաջին անգամը չէ, որ նման հանդիպումներից առաջ և հետո  Ադրբեջանը փորձում է սահմանին սադրանքների դիմել:

Այս անգամ էլ, ինչպես փոխանցում է Արցախի ՊԲ-ն, հանդիպումից երկու օր հետո Ադրբեջանը հաշվի չառնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:

Հանդիպումից մի քանի օր առաջ էլ հունվարի 7-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Իսկ ահա հանդիպումից մեկ օր առաջ՝ հունվարի 17-ին, հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշում ինժեներական աշխատանքներ կատարող պայմանագրային զինծառայող Ադիբեկ Միկոյանի ուղղությամբ: Կրակոցի հետևանքով զինծառայողը աջ ազդրի վերին երրորդականի հատվածում հրազենային-գնդակային վիրավորում է ստացել:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ հունվարի 20-ին «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն: Սպանված գնդապետը եղել է 2016 թ․Ապրիլյան պատերազմի ընթացքում «Լելե թեփե» կոչվող բարձունքի գրավման գործողության ինժեներական գծով պատասխանատուն: Նրա մահվան հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում:

Սահմանային այս իրադարձությունների և ներկա իրավիճակի վերաբերյալ մեր հարցերին պատասխանեց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Պարոն Աբրահամյան, ՆալբանդյանՄամեդյարով հանդիպումից առաջ և հետո արցախաադրբեջանական, հայադրբեջանական սահմանին իրավիճակի սրացում է նկատվում: Այս պահին իրավիճակը ինչպե՞ս է գնահատվում, լարվածություն, սրացում կա՞, թե՞ ոչ:

– Նախ պետք է նշեմ, որ մինչև Կրակովում տեղի ունեցած հանդիպումն էլ իրավիճակն իրականում այդքան էլ հանգիստ չէր, որովհետև մինչև այդ ադրբեջանական դիպուկահար խմբերն առաջնագծի տարբեր ուղղություններով, բավականին ակտիվ գործում էին և փորձում էին անընդհատ լարվածություն մտցնել առաջնագծում: Կրակովյան հանդիպումից հետո հետևեց անօդաչու սարքի գործածումը, ինչը սադրանքի մեկ այլ ձև էր առաջնագծում: Իրավիճակը դրանով չեմ կարող մեկնաբանել որպես բավականին ակտիվ: Համեմատաբար ակտիվություն կա, սակայն այս պահին էսկալացիայի կամ կտրուկ ակտիվության վերաճելու միտումներ դեռևս տեսանելի չեն:

Նշեցիք ադրբեջանական դիպուկահար խմբեր են առաջնագծում գործել, հայկական կողմը պատասխան գործողությունների դիմե՞լ է, վնասազերծե՞լ է նրանց:

 – Հայկական կողմի գործողություններ են ադրբեջանական կողմին ստիպել, որպեսզի ադրբեջանական կողմն իր դիպուկահարների մասով պասիվանա, որովհետև այն խնդիրը, ինչ դրվել էր դիպուկահարների միջոցով իրականացնելու համար՝ այն է իրավիճակը սրել, Ադրբեջանին չի հաջողվել:

Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական բանակի գնադապետ է մահացել: Ձեզ այդ մասով ի՞նչ տեղեկություններ են հայտնի:

– Ավելի շատ նրա մահը ներկայացվել է որպես ականի պայթյուն, համենայնդեպս, ադրբեջանական սոցիալական ցանցերն այդպես են ներկայացնում, թե իրականում ինչն է եղել պատճառը, մի փոքր դժվարանում եմ ասել: Սակայն հայկական կողմը, ըստ անհրաժեշտության, առաջնագծի տարբեր ուղղություններով համապատասխան գործողություններ է իրականցնում՝ թույլ չտալու իրավիճակի հետագա լարում:

Նույն սոցցանցերում շրջանառվող վարկածներից մեկն էլ այն է, որ գնդապետը մահացել է ինժեներական աշխատանքներ կատարելիս կամ ղեկավարելիս: Այդ մասով տեղեկություն ունե՞ք, մասավորապես, եթե այդպես է, ապա ո՞ր հատվածում է ինժեներական աշխատանքներ ղեկավարել: Եվ որքանո՞վ է հավանական, որ հայկական կողմն է նկատել և վնասազերծել նրան:

– Նշյալ գնդապետն ադրբեջանական կորպուսներից մեկի ինժեներական ծառայության պետն էր, գործել է հարավային ուղղությամբ, այդ ժամանակ գտնվել է առաջնագծում, ենթադրում եմ մարտական խնդիր լուծելիս: Նաև տեղեկություն եղավ, որ նա բավական ակտիվ  է եղել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ: Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է եղել, ամեն դեպքում վերոնշյալ սպան արդեն չկա, շարքից դուրս է հանվել: Այս պահին դժվար է ասել, մարտական խնդիր լուծել է նոր հարձակվողական հնարավարություններ ստեղծելո՞ւ նպատակով, թե՞ օրինակ հետախուզական դիվերսիոն խմբերի համար, ամեն դեպքում գտնվել է առաջնագծում, և ամեն դեպքում իր գործողություններով վտանգ է ներկայացրել:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ նախօրեին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանը դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչութռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ: Սա ի՞նչ է նշանակում, ապրիլյան պատերազմից հետո նման բան առաջին անգա՞մ է կիրառվում:

– Վերջին տարիներին ադրբեջանական կողմն անօդաչու սարքեր միշտ էլ օգտագործել է՝ հատկապես ակտիվ էին ապրիլյան մարտական գործողությունների օրերին: Ըստ իրենց ֆունկցիոնալ նշանակության, անօդաչու ինքնաթիռները մի քանի տեսակ են լինում՝ զուտ հետախուզություն իրականացնելու, որոնց մենք ավելի հստակ տեսանք ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, և անօդաչու սարքեր, որոնք արկեր են արձակում: Ինչ-որ առանձնահատուկ նշանակություն չեմ ուզում սրանց տալ, տարբեր տեսակի անօդաչու սարքեր միշտ էլ կիրառվել են ու սա ինչ-որ առանձնահատուկ նշանակություն չուներ:

Պարոն Աբրահամյան, անցած շաբաթվա վերջին տեղեկություններ տարածվեցին, նաև ռուսական կողմը հաստատեց, որ Բաքվի նավահանգիստ Ռուսաստանից հասցվել է ժամանակակից զինտեխնիկայի խոշոր խմբաքանակ ու ռազմամթերք: Տեղյա՞կ եք սա հին գնում է, որը նոր է մատակարարվում, թե՞ նոր գնումների մասին է խոսքը:

– Որքանով ես հետևում էի այդ մասին տեղեկատվությանը, դա, թերևս, մի քանի տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածություն է: Հատկապես նման քանակությամբ ռազմական տեխնիկան, մեկ օրում, մեկ ամսում կամ մեկ տարում տեղափոխել հնարավոր չէ: Եթե ես չեմ սխալվում, այդ գործարքը եղել է 3-4 տարի առաջ և սա այդ գործարքի մի հատվածն է: Ամեն դեպքում, տարածքաշրջանի լրացուցիչ ռազմականացումը լրացուցիչ լարվածություն ստեղծելու հիմքեր է ստեղծում, անկախ նրանից, թե այդ մատակարարողները որ երկրից են՝ Թուրքիայի՞ց, թե՞ Ռուսաստանից: Այս իրավիճակում այդ մատակարարումները ցանկալի չէին՝ հատկապես Ադրբեջանի նման անկանխատեսելի երկրին:

Զինտեխնիկայի խոշոր խմբաքանակի ձեռքբերումը, ի՞նչ եք կարծում, նոր զարգացումների կբերի:

– Չեմ կարծում, որ այս մատակարարումները ուժերի հավասարակշռությունում այնպիսի փոփոխություններիեն բերելու, որոնց արդյունքում առաջնագծում մեզ նոր զարգացումներ կսպասվեն: Սա հերթական խմբաքանակ էր, ինչը չեմ կարծում, թե կտրուկ սրելու է իրավիճակը առաջնագծում:

armtimes.com



Նման նյութեր