Երբ 2017 թվականի փետրվարին մեկնարկեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի 3-րդ փուլը, իբրև ՀՀ Հանրային խորհրդի աշխատակից, որոշեցի դիմել և բնակարան ձեռք բերել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրում:
Անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացրեցի ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե և սպասեցի հետագա քայլերին:
Կոմիտեն ամփոփում և կազմում է բնակարան գնելու հավակնորդ ծառայողների ցանկը և պարտավորվում հավակնորդներին ԾԱՆՈՒՑԵԼ հետագա քայլերի մասին: Օրինակ՝ նախքան վիճակահանությանը մասնակցելը պետք է 400 հազար դրամ վճարես կոմիտեի արտաբյուջետային հաշվեհամարին, որից հետո հնարավորություն ունենաս մասնակցելու բնակարանների վիճակահանությանը, որի անցկացման օրվա, վայրի և ժամի մասին նույնպես ՊԵՏՔ Է ԾԱՆՈՒՑԻ Քաղաքաշինության պետական կոմիտեն:
Ինչևէ, ամիսներ շարունակ սպասելով համապատասխան կառույցի ծանուցմանն ու հասկանալով, որ ողջամիտ ժամկետմերը սպառվել են, որոշեցի հետաքրքրվել ծրագրի ճակատագրով: Երբ զանգահարեցի www.petbnakaran.am կայքում գտնվող հեռախոսահամարով, աշխատակցուհին զարմացած հայտնեց, որ վիճակահանությունը տեղի է ունեցել, և բոլոր բնակարաններն արդեն զբաղված են: Հետո շատ հանգիստ տոնով, ասես ընդամենը ժողովից էի ուշացել, հայտնեց, որ ես դուրս եմ մնացել ծրագրից, քանի որ չեմ կատարել նախնական 400 հազար վճարումը և չեմ մասնակցել վիճակահանությանը: Հիշեցրի, որ իրենք պետք է շահառուին ծանուցեն գործողությունների կատարման կարգի մասին, իսկ ես ոչ մի ծանուցում չեմ ստացել: Աշխատակցուհին նույն հանգիստ տոնով ասաց, որ իրենք ծանուցել են, ես եմ մեղավոր, որ ծանուցումը չեմ ստացել: Հարցնում եմ՝ ինչպե՞ս եք ծանուցել, ինձ ոչ ոք չի զանգահարել: Ասում է՝ մենք չենք զանգահարում, ընդամենը էլեկտրոնային փոստով ենք հայտնում: Նախ զարմանում եմ, որ նման լուրջ ծրագրի իրականացման քայլերի մասին ընդամենը էլ. փոստով են ծանուցում, հետո խնդրում եմ՝ ասի, թե ինչ էլ. հասցեից են նամակ ուղարկել, որպեսզի ստուգեմ փոստս: Ասում է՝ [email protected]: Այստեղ արդեն ծիծաղս է գալիս, որ պետական կառույցը ծրագրի համար անգամ պաշտոնական էլ. հասցե չունի, mail.ru-ից է օգնվում: Ինչևէ, ստուգում եմ փոստս, պարզվում է՝ ոչ մի նամակ այդ հասցեից չեմ ստացել: Աշխատակցուհին պնդում է, որ ուղարկել են և վերաուղարկում է նամակը: Այո, 8 ամիս առաջ ուղարկված նամակը երկրորդ փորձից հասնում է ինձ, բայց արդեն՝ անիմաստ, քանի որ միևնույն է ծրագրից դուրս էի մնացել:
Ինձ մնում էր միայն ցավոտ եզրակացություններ անել. փաստորեն, պետությունը նման լուրջ ծրագիր է իրականացնում, ցանկանում է մատչելի բնակարանով ապահովել պետական աշխատողներին, բայց համապատասխան աշխատակիցները զլանում են գոնե հեռախոսով շահառուինհայտնել բնակարանի ձեռք բերման մասին ամենակարևոր տեղեկությունը՝ վստահ լինելու, որ նա տեղեկացված է: Բավական չէ, որ բավարարվում են էլ. փոստի ծանուցմամբ, այն էլ՝ mail.ru-ի փոստից, չեն էլ փորձում հետաքրքրվել՝ նամակը հասե՞լ է տեղ, թե ոչ կամ ինչո՞ւ շահառուն չի մասնակցում վիճակահանությանը: Իսկ հետո արդեն ամենայն սառնասրտությամբ պատասխանում են. «Դուք չեք մասնակցել վիճակահանությանը, ո՞վ է մեղավոր»: Ուղղակի զավեշտ ու ձևականություն…
Այո, ծանուցման այդ եղանակը, ամենայն հավանականությամբ, միտումնավոր է. ինչքան քիչ շահառուներ մասնակցեն ծրագրին, այնքան հեշտ կլինի յուրայիններին ապահովել բնակարաններով: