Հունվարի 18-ին Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը հրավիրել է այս տարվա առաջին նիստը։ Վահե Նիկոյանը՝ աշխատանքային խմբի ղեկավարը և Երևանի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։
Ըստ նոր նախագծի, ներկա պահին գործող երթուղային 115 գծերի փոխարեն գործելու է 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցի փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Տրանսպորտային միջոցներն այսուհետ փոխլրացման տարբերակով են աշխատելու։ Բացառվելու են կրկնվող գծերը, նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։
«Ներկայացված նախագծով բացառվելու են կրկնվող գծերը։ Միևնույն ժամանակ տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Ի պատիվ խորհրդատու կազմակերպության, հարկ է նշել, որ նոր ցանցի նախագծման շրջանակում իսկապես մանրակրկիտ աշխատանք է կատարվել, որի շնորհիվ շուրջ երեք անգամ կրճատվում է առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը, որոնք նախկինում ձևավորվել էին իրավիճակային լուծումների հետևանքով և որպես այդպիսին տրամաբանական ցանց չէին կազմում։ Անհրաժեշտ է նաև նշել, որ նոր ցանցի նախագծման համար այսօր առկա երթուղիները հիմք չեն հանդիսացել», – հանդիպման ընթացքում նշել է Վահե Նիկոյանը։
Նոր նախագծի շնորհիվ այլևս չեն գործելու միկրոավտոբուսները, դրա փոխարեն տրանսպորտային շեշտադրումն ուղղվելու է ավտոբուսների, տրոլեյբուսների ու մետրոյի վրա, որոնք նախ գրագետ կերպով պետք է ինտեգրվեն ու ներառեն քաղաքի ամբողջ տարածքը։
Ըստ նախագծի, մայրաքաղաքի մոտակա գյուղերը չեն սպասարկվելու։ Նոր ցանցի գործարկումից հետո այդ գյուղերում ապրող մարդկանց Երևան հասնելու նոր տարբերակներ են առաջարկվելու:
Գործող ցանցով ուղևորների 94 տոկոսը երթևեկում է առանց տեղփոխի, երթուղային նոր ցանցի դեպքում, խորհրդատուի առաջարկությամբ, երթևեկողների 38 տոկոսը կունենա մեկ տեղփոխ: Այսինքն՝ անհրաժեշտ վայր կհասնի երկու տրանսպորտով: Երթևեկողների 10 տոկոսի դեպքում տեղփոխը կլինի երկուսը, այսինքն՝ երեք տրասնպորտ: 3 տեղփոխի կամ չորս տրանսպորտ փոխելու անհրաժեշտություն կունենան ուղևորների 3 տոկոսը:
Նոր ցանցի մասնագիտական ուսումնասիրությանն ու վերջնական հաստատմանը հաջորդելու են բարեփոխման մյուս փուլերի շուրջ աշխատանքները, ինչպես նաև նոր ցանցի առանձնահատկությունների վերաբերյալ հանրային լայն իրազեկումը։ Քաղաքապետարանի ներկայացրած համեմատական գրաֆիկը՝ ստորև։
Սյունե Սևադա
Ավելի մանրամասն՝ champord.am