Ծնվելուց մի քանի օր հետո երեխա է մահացել. պատճառը սրտի արատն էր. բժիշկներ
Advertisement 1000 x 90

Ծնվելուց մի քանի օր հետո երեխա է մահացել. պատճառը սրտի արատն էր. բժիշկներ

Հունվարի 25-ին Էջմիածնում ծնված և մի քանի օր հետո մահացած նորածնի մոտ սրտի բնածին արատ է եղել և ներարգանդային ինֆեկցիա: Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին Էջմիածնի ծննդատնից, երեխան անհաս է ծնվել՝ հղիության 36-րդ շաբաթում, ունեցել է 2200 գրամ քաշ:

Երեխայի մայրը՝ Ռ. Կ.-ն (1992 թվականի ծնված), ծննդատուն է ընդունվել հունվարի 25-ին, մոտ ժամը 17:10-ին, և քանի որ սա նրա 4-րդ ծննդաբերությունն էր, շատ արագ տղա է ունեցել: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահտել, չնայած ծնվել էր ժամկետից 2-4 շաբաթ վաղ և նորմայից քիչ է կշռել, շնչառոթյան և սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել, և Ապգարի սանդղակով նրան 8 միավորով են գնահատել:

Նորածնին ստուգել են նաև զարկերակաչափի միջոցով, ինչը թույլ է տալիս չափել արյան սատրուացիան, զարկերակի հաճախականությունը և զարկերակային ալիքների տատանումները: Երեխայի մոտ բոլոր ցուցանիշները նորմայի մեջ էին, և նրան տարել են հիվանդասենյակ մոր մոտ, որպեսզի նրան կերակրի:

Առաջիկա օրերին երեխան իրեն լավ է զգացել և նորմալ սնվել է, սակայն 26-ի երեկոյան հերթապահ բուժքույրը զննում կատարելիս նկատել է, որ երեխայի ոտքերը սառն են: Նա երեխային տեղադրել է հատուկ լամպի տակ, որ նրան տաքացնի:

Հաջորդ առավոտյան երեխային վերադարձել են մոր մոտ հիվանդասենյակ: Առավոտյան 9:30-ին ծննդատան բժիշկներից մեկը շրջայց կատարելիս զննել է երեխային և հայտնաբերել, որ նրա մաշկի գույնը փոխվել է: Գործընկերների և բաժանմունքի վարիչի  հետ խորհրդակցելով՝ բժիշը ռեանամոբիլ է կանչել՝ երեխային Երևան տեղափոխելու համար:

Բժիշկները սկզբում որոշել են, որ երեխայի մոտ ներարգանդային ինֆեկցիա է. ինչպես արդեն նշվեց, նա Ռ. Կ.-ի չորրորդ երեխան էր, 3 երեխայից 2-ը ծնվել էին ներարգանդային ինֆեկցիայով և ծնվելուց որոշ ժամանակ հետո բուժվել էին «Մուրացան» հիվանդանոցում: Այս վարկածի օգտին էր վկայում նաև այն փաստը, որ ծննդաբերելուց մեկ ամիս առաջ մայրը գրիպով էր հիվանդացել: Ավելին՝ նա այդ ժամանակ հոսպիտալացվելուց հրաժարվել էր, քանի որ 3 երեխաներին խնամող չկար, և գրիպի դեմ տանն է բուժվել:

Իհարկե, երեխայի մոտ սրտի արատի առկայության հնարավորությունը ևս բժիշկները չեն բացառել, չնայած դա մատնացույց անող ոչ մի նշան չի եղել՝ նրա սրտում աղմուկ նույնպես չէր լսվում: Բժիշկների խոսքով՝ երեխայի մոտ եղել է, այսպես կոչված, սրտի համր արատ, որը կարող է երկար ժամանակ չդրսևորվել: Բացառված չէ, որ նրա մոտ այս արատի զարգացման պատճառը որևէ ինֆեկցիոն հիվանդությունն էր, որով մայրը հիվանդացել էր հղիության վաղ ժամկետներում:

Հունվարի 27-ին երեխային արդեն Երևան էին տեղափոխել՝ «Մուրացան» հիվանդանոց: Այստեղ մասնագետները հաստատել են, որ նրա մոտ սրտի արատ կա, և նրան տեղափոխել են մասնագիտացված   «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: Այնտեղ երեխան մի քանի օր բուժում է ստացել, որից հետո վիրահատվել է: Սակայն վիրահատությունից մի քանի ժամ անց մահացել է:

Երեխայի մահվան փաստով քննություն է կատարվում:

med.news.am