«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի միջնեկ դուստրը` Ալյան, իր առաջին քայլերն է անում շոու բիզնեսում։ Երեկ` իր 5-ամյակի օրը, փոքրիկ Ալյան ներկայացրել է առաջին տեսահոլովակը «Իմ մայրիկին» երգի հիման վրա։ Իր հերթին, մայրիկը շնորհանդես էր կազմակերպել, որին ներկա էին նրանց հարազատներն ու ընկերները, դե իսկ Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է հետաքրքիր պահերը։
Իրինայի ավագ դուստրը` Մեգին, ևս մանկուց իր քայլերն է արել երգարվեստում, դերասանական ոլորտում։ Գեղեցկուհուց հետաքրքրվեցինք` արդյոք իր ազդեցությամբ են դուստրերը ձգտում լինել այս ասպարեզում։ Պարզվում է` Իրինայի փոքրիկները` Ալյան և Մարիան ամեն ինչով ձգտում են նմանվել Մեգիին։
«Մարիան ու Ալյան երազում են անել այն ամենը, ինչ անում է Մեգին։ Ընդ որում` անպայման պետք է նույն բանն անեն։ Օրինակ, հիմա իրենք էլ են 21 TV-ով հաղորդում վարում, բայց ուզում են հենց Մեգիի հաղորդումը վարել։ Ալյան ուզում էր Մեգիի պես երգել։ Մասնագետները մեզ ասում էին, որ նա 100 տոկոսանոց լսողություն ունի։ Հասկացա, որ եթե երեխան երազում է այդ մասին և ունի ձայն, լսողություն, ինչու ոչ, թող իրեն լավ զգա»,- ասաց Իրինան ու հավելեց, որ երգը պատրաստ էր դեռևս 1 տարի առաջ, սակայն միայն հիմա էր հասունացել պահը այն ներկայացնելու համար։
«Իմ մայրիկին» երգը Ալյան նվեր է ստացել 4-ամյակի օրը` հեղինակ Սուսաննա Բարսեղյանից։ Իրինան նկատեց, որ Մեգիին էլ էր առաջին անգամ նա երգ նվիրել ու, փաստորեն, երկու աղջիկների առաջին քայլերում էլ մեծ ներդրում է ունեցել։ «Նախորդ տարի չձայնագրեցինք երգը, քանի որ Ալյայի խոսքը դեռ պարզ չէր, սպասեցինք խոսքը մի քիչ պարզ դառնա»,- նշեց նա ու հավելեց, որ տեսահոլովակի ռեժիսորը երգչուհի Նելլին է, ում հետ շատ մտերիմ են։
Նելլին սյուժե էր մտածել տեսահոլովակի համար, սակայն նկարահանումների ժամանակ Ալյան բոլոր ծրագրերն իրար է խառնել ու ինքն է որոշել` ինչպես պետք է նկարահանվի տեսահոլովակը։ Չնայած փոքրիկը կամակորություններ է արել նկարահանումների ժամանակ, մայրիկը զարմացած է, թե ինչպես է կարողացել դիմանալ 13 ժամ նկարահանումներին։
«13 ժամ դիմացավ։ Նույնիսկ, ամեն մեծ չի կարող դիմանալ։ Զարմացած էի։ Սակայն, երբ եկանք տուն, ասաց` մամա, դուք չէի՞ք տեսնում, որ ինձ սպանում էիք»,- ժպիտով պատմեց Իրինան ու հավելեց, որ նկարահանման ժամանակ եղել են հոգնածության դրսևորումներ, սակայն կարողացել են գործն ավարտին հասցնել։
Տեսահոլովակի մի մասում Ալյան դիմացի ատամիկ ունի, մյուս մասում` ոչ։ 5-ամյա աղջնակն իր բողոքն արտահայտել է մայրիկի թևը կծելով, արդյունքում կորտրել է ատամը։ «Կես ժամ լաց եղավ, հետ էր ուզում ատամը, հետո հասկացավ, որ հնարավոր չէ, շարունակեց նկարահանվել,- ասաց Իրինան ու նկատեց, որ տեսահոլովակի ընթացքն Ալյան է թելադրել իրենց։ -Մենք որոշել էինք, որ պետք է զգեստ հագնի, այդ պահին ինքը որոշեց, որ այդ զգեստը չի հագնելու։ Ռեժիսորն ու օպերատորը հասկացան, որ պետք չէ պայքարել, ավելի լավ էմոցիաներ ենք ստանում, երբ ինքն է ընտրում` ինչ անել»։
Մայրիկը նշեց, որ նման իրավիճակներում փորձում է կոմպրոմիսի գնալ երեխաների հետ։ «Ես չեմ կարողանում խիստ լինել։ Ես Մեգիի վրա էլ չեմ բարկացել, բայց Մեգին ավելի խելոք է եղել։ Մեգին մինչև հիմա ասում է` ինչ լավ է, որ դու խիստ չես եղել ինձ հետ, կարծես, իմ հրեշտակը լինեիր։ Ալյան ու Մարիան ավելի չարաճճի են։ Ալյայի դեպքում եմ մեկ-մեկ խիստ լինում, երբ շատ է ճնշում փոքրիկին,- ասաց նա ու նշեց, որ Ալյան միշտ կարողանում է հասնել իր ուզածին, թեև փոքրիկ է, կարողանում է գտնել ճիշտ մոտեցում։ -Վերջերս մի համերգի էինք գնացել, Մեգին պետք է փակումն աներ։ Ալյան եկավ, ասաց` մամա, ինչո՞ւ եմ ես մի անգամ երգում, Մեգին` երկու։ Ասացի` չես կարող երկու երգ կատարել, դու մի երգ ունես։ Մոտ 20 րոպե փորձեց համոզել, հետո խելոք նստեց, զարմացա։ Մեկ էլ հաղորդավարը բեմ բարձրացավ, ասաց` Ալյա ջան, խնդրում եմ մի անգամ էլ կերգես։ Պարզվեց, մոտեցել էր կազմակերպչին, փաթաթվել ու ասել` խնդրում եմ, կարո՞ղ եմ մի անգամ էլ երգել։ Միշտ այդպես է, հասնում է իր ուզածին։ Մտածում եմ` գուցե այդպես է պետք»։
Իր աղջիկների թիթիզությունը մայրիկին դուր է գալիս։ Իրինան կարծում է, որ այդ ամենը «համով» է ընկալվում և մեծ ուշադրություն չի դարձնում հնարավոր բացասական կարծիքներին։
«Երբ ինձ ասում են` ինչու ես թողնում շրթներկ օգտագործեն, շորիկներ, փոքրիկ կրունկով կոշիկներ հագնեն, պատասխանում եմ, իսկ ինչո՞ւ ոչ, աղջիկ են։ Ես սիրում եմ, երբ իմ տարիքի կանայք էլ են հագնում զգեստներ, կանացի հագուստներ ու միայն ուրախանում եմ, որ աղջիկներս չեն սիրում տաբատներ։ Ես կարծիքները շատ հաշվի չեմ առնում, ուղղակի փորձում եմ ամեն ինչ չափի մեջ անել։ Եթե երեխան համով է նայվում, կարելի է և թիթիզ լինի»,- նշեց նա։