«Մեկ ելք կա ընդամենը. բարձրանալը, ելնելը, ելք-ը…»
Advertisement 1000 x 90

«Մեկ ելք կա ընդամենը. բարձրանալը, ելնելը, ելք-ը…»

Հարցազրույց բանաստեղծ Ավագ Եփրեմյանի հետ

– Կապանի մասին ասում էիք՝ միֆական ռեալիզմ. որտե՞ղ է միֆը, որտե՞ղ՝ ռեալիզմը:
– Անհատական ընկալում է։ Ընկալումներից մեկը։ Եթե կուզեք, ես՝ ռեալը, միֆը՝ ինքը, որպես ավելի բարձր ռեալություն։ Միֆ, որը բովանդակում է իմ սերերը սնող մանկությունը կամ, ասենք, աշխարհի (կյանքի չէ) հետ իմ դաշնությունը փորձարկած երեկվա ու նույն դաշնությունը գուցե իսպառ քայքայելու եկող վաղվա պատերազմը, սյուժետային այլեւայլ գծեր նաեւ։ Լատինաամերիկյան գրականությունն ամենեւին ոչ, բայց Չարենցի տողերը լիովի՛ն կարող են նման զգացողության սկզբնապատճառներ բաց անել. «Թե՞ միֆ էիր դու… Եկան, երգեցին / Մի հին իրիկուն գուսանները ծեր»… Անդունդը ընկած կյանքի հիմները, արնոտ մեգն ու ճարճատումը – նույնպես։

Ի դեպ, իմ «ես ապրում եմ մի քաղաքում, ուր ոչ ոք չի ապրում»-ը Կապանի հետ սկզբունքորեն ոչ մի կապ չունի, ուրիշ առասպելից է (ոչ օպերայից)։

– Զարգացման ինչպիսի՞ հեռանկար կարող է ունենալ Կապանի նման քաղաքը:

– «Զարգացում» բառն այլեւս ոչ մի ջանքով հասկանալ հնարավոր չէ, եթե խոսքը վերաբերում է մի տեղում հավաքված մարդկանց (հսկա զանգված, թե փոքրիկ խումբ՝ տարբերություն չկա)։ «Մարդկության պատմություն» կոչվածը, նույնիսկ մեզ ներկայացվողը՝ լայնքով ու երկայնքով անխնա կեղծված, խոսուն է։

Մեկ շնչին ընկնող երկնաքերների, շատրվանների կամ համակարգիչների քանակը զարգացման չափանիշ կհամարե՞ս։

Իսկ հեռանկարը պարզ է. մի 100-150 տարի հետո այստեղերի պղնձի ու մոլիբդենի պաշարներն ամբողջությամբ կորզված կլինեն…

– Մտավորականի համար ի՞նչ է պրովինցիայում ապրելը:

– Մի կողմ թողնելով «ո՞վ չգիտի, որ պրովինցիան տարածք չէ, այլ՝ մտածողություն» ձեւակերպումը եւ հասկանալով, թե ինչի մասին է խոսքը, արագ վրա բերեմ՝ ճակատագրի տարբերակ։ Բոլոր դեպքերի համար՝ այդպես։ Ճեպով ինքս ինձ մտավորականների շարքին դասելը բացառել։ Ինչպե՞ս կարող ես լինել մի բան, որը գոյություն չունի։ Բանվորն ու գյուղացին կա՞ն։ Չկան։ Ուրեմն՝ չկա նաեւ մտավորականը։ Իր ենթակարգերով, եթե հիշում եք։ Իր տեսակի մեջ «կուռ ու ամբողջական» աշխարհայացքի մի մասը շպրտել ենք, մյուսն ուզում ենք պահել։ Չի գործի։ Չի գործում։ Այլ դասակարգում է հարկավոր. ասենք՝ կուսակցականներ, գործարարներ (իրենց շրջապատով, թիկնապահով-բանով) եւ մնացյալք։ Առաջին երկուսը հարուստ են փոխներթափանցումներով, կամ ուղղակի ներծծված են միմյանցով, իսկ վերջինը՝ մեկուսի, խորթավուն, անշարժ։ Բայց դա իմ ոլորտը չէ, ու, ամենայն հավանականությամբ, սխալվում եմ։

Շատ ավելի պարզ բաժանում եմ առաջարկում. Բանականներ եւ անԲանականներ։ (Միայն թե՝ ուշադրություն դարձրեք. այս բառերի արմատը ԲԱՆ-ն է, որն Ի ՍԿԶԲԱՆԷ ԷՐ)։

Մասնագիտությունները երկրորդական են։ Ուզածդ մասնագիտության տեր մարդուն` բժիշկ, ուսուցիչ, արվեստագետ, քաղաքական գործիչ, կարող ես տեղավորել երկուսից մեկում։ Եվ դարձյալ՝ ճակատագրի տարբերակ։ Ու պրովինցիան այլեւս նշանակություն չունի, քանի որ եւ՛ բանականը, եւ՛ անբանականը իրենք իրենց ու շրջապատի հետ հարաբերվելու յուրահատուկ կերպ ունեն՝ անկախ հանգամանքներից (բացառություններ միշտ կան, ոչ մի կանոն համընդգրկուն չէ)։

Այդուհանդերձ եւ իմիջիայլոց, կարծում եմ, որ իսկական ողբերգությունը մայրաքաղաքների մեջտեղերում «հրաշքով» գոյացած պրովինցիաները պիտի լինեին։

– Ասում ենք՝ գրողի առաքելություն. դա ի՞նչ բան է:

– Ասողներ կան։ Ուրիշներ էլ՝ երբեք չեն ասի։ Հովհաննես Թումանյանը կասկածը սրտում տեղափոխվեց. ինքը գրո՞ղ է, թե՞ գրող չէ։ Էլ ես ո՞վ եմ։ Ընթերցող։ Թույլատրելիության սահմանները մի փոքր խախտած ընթերցող, որ երբեմն-երբեմն, Խոսքին առնչվելու ձգտումով, համարձակվում է սպիտակ թղթին բառեր դնել, որպեսզի կրկին ու կրկին հասկանա, որ պարտված է։ Իսկական, մեծ գրողների պարտությունն ավելի մեծ է։ «Ես եկել եմ հիմարացնելու իմաստուններին». Լսվու՞մ է… Ու քանի որ ընթերցող եմ, ընթերցեմ. Չեսլավ Միլոշ, օրինակ։ Անկախ մեր վերաբերմունքից՝ ուշադրության արժանի բանաստեղծներից է, 93 տարի ապրեց, ամբողջ կյանքում բանաստեղծություններ գրեց, լավ գրեց, գաղտնիքներ իմացավ ու՝ «Որքան էլ դժվար է խոստովանելը, պոեզիան, արվեստն առհասարակ – արատ է, որի գոյությունը հիշեցնում է. մենք (մարդկային հանրությունը) անառողջ ենք»։ Չգիտեմ, նա հատկապես իմ մտածա՞ծը նկատի ուներ, թե՞ ոչ, սակայն շատ մոտ է դրան։ Արատ եւ առաքելությո՞ւն։ Ես կարծես թե տեսնում եմ, թե որտեղ ենք մոլորվում։ Սիրում ենք ասել՝ գրականությունն է մեզ փրկելու։ Շփոթում ենք ու շփոթեցնում։ Ու ամեն խոսք դառնում է հնարավոր. քաղաքական գործիչն էլ է փրկիչ դառնում, ռեստորանի երգիչն էլ… Գրականությունը փրկիչ չէ։ Տիեզերակարգի մեջ կատակների տեղ չկա։ Այլապես մարդկությունը, մենք էլ` հետը, վաղուց փրկված կլինեինք։ Մեր նախնիները, ասում ենք, երեխեքին թողել՝ գիրքն են փրկել, գիրքը բարձի տակ են պահել… Կրկին՝ չենք ուզում ինքներս մեզ խոստովանել, որ դրանք ոչ մի կապ չեն ունեցել պետպատվերով տիրաժավորված գրքերի հետ։ Դրանք Ուրիշ Գրքեր են եղել։ Դրանք Նույն Գրքերն են եղել… Ահա ես էլ մի տեսակ դժվարությամբ եմ արտաբերում (որովհետեւ կան բաներ, որ աջուձախ չեն արտաբերվում). Աղոթքը, ճիշտ է, Գիր է, բայց գրականություն չէ։ Գրողը գրող է, առաքյալը՝ առաքյալ, Փրկիչը՝ փրկիչ։

Իբրեւ լրացում. այլ ընթացքով, բայց, կարծես, նույն եզրակացությանն եմ հանգել այստեղ.

Կամ անշարժ սալքար կամ թռչող, աչքերդ մշուշող հովատակ –
ճակատագիրը վաղուց է ճանապարհի դյութանքներին հաղթել.
սա մի Երկիր է, ուր չես կարող ապրել, թե չՀավատաս,
իսկ Հավատացիր – Պոեզիան է ավարտվում Այդտեղ։

– Ստեղծագործական միության անդամ եք. ի՞նչ են տալիս միությունները: Ձեր վերաբերմունքը նման միությունների հանդեպ:

– Հեռու եմ։ Ամբողջ 320 կմ-անոց հոգնեցնող ճանապարհով։ Ըստ էության, ես միայնակն եմ, խմբի մարդ չեմ։ Միութենական գործերից չափազանց քիչ եմ հասկանում։

– Ինչպե՞ս եք վերաբերվում մրցանակներին:

– Լսել եմ, գիտեմ, որ աշխարհում նման բաներ լինում են։

– Ի՞նչ մրցանակ կուզենայիք լիներ:

– Ի սեր Աստծո, ինչ կա՝ կա։ Կլինի՝ թող լինի։ Չի լինի՝ ոչինչ։

– Ափսո՞ս էս ազգը, որ էս ժողովրդի ձեռքին է:

– Քաղաքականությանը քսվելու գայթակղությունն ու վտանգը. ազգ, ժողովուրդ, պետություն, իշխանություն… Իրականում ուրիշ տեղ է թաղված շան գլուխը։ Հարցը կարող էր հնչել այսպես. ո՞րն է ելքը։ Չէ՞։ Փորձենք գլխի ընկնել։ Եթե Բառն իսկապես հայերեն է, ապա անպայման պարունակում-ցուցանում է Ամբողջ Ճշմարտությունը։ Կամ՝ եթե բառն Ամբողջ Ճշմարտությունն է պարունակում-ցուցանում, ապա այդ բառն իսկապես հայերեն է։ Նման մի Ճշմարտություն էլ Հայոց Լեզվի մասին վերն ասվածն է, ինչը գաղտնիք չէ իմացող-կամեցողի համար։ Այս առումով անչափ հետաքրքրական է ԵԼՔ բառը։

Ելք փնտրել, ելք գտնել, ելք չկա, մուտք ու ելք…

ԵԼՔ-ը հայերենում «զույգ» է կազմում ոչ միայն ՄՈՒՏՔ-ի հետ, այլեւ (նախեւառա՛ջ)` ԷՋՔ-ի։

Քարանձավի պայմանականորեն առաջին դուռը կարող է «մուտք» կոչվել, իսկ երկրորդին, բնականաբար, կարելի է անվանել «ելք», եթե մտածում ենք հարթության մեջ (համեմատեք ձեզ ծանոթ այլ լեզուների հետ)։ Բայց տարածությունը մեկ հարթություն չէ, եւ եթե «ելքը» դիտարկենք իբրեւ ԷՋՔ-ի զույգ, անմիջապես կնկատենք, որ ՄԵԿ ԵԼՔ ԿԱ ընդամենը. բարձրանալը, ելնելը, ԵԼՔ-ը։ Իմացողը գիտի, թե ինչ է նշանակում ԲԱՐՁՐԱՆԱԼ, եւ թե ԴԵՊԻ ՈՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՆԱԼԸ։

Այս կերպ մտածելով՝ հեշտությամբ կարելի է գլխի ընկնել նաեւ, թե հատկապես ի՞նչ Ամբողջ Ճշմարտություն է պարունակում ՄՈՒՏՔ-ը։

Նույնիսկ «ամենաառօրյա իրադրություններում», երբ իբրեւ թե վերն ասվածի հետքն անգամ չկա, ԵԼՔ-ը, կրկին ու միշտ, մեկն է ու նույնը…

Մյուս կողմից ունենք մարդ արարածի գուցե թե ամենագլխավոր «կարողությունը». մի կողմ թողնել Տրված Ճանապարհը եւ «ընկնել որոնումների մեջ»։ Իսկ եթե այդ որոնումներն էլ, ի հավելումն, ժողովրդավարական որոնումներ են, ապա՝ վերջ, համարիր, որ այլեւս ոտքի չես կանգնելու… հազար տարի, երկու հազար տարի, քսան հազար տարի… Սահմանադրության փոփոխություն, կուսակիցների գզվռտոց, միտինգներ, ինչքան մարդ` էնքան կարծիք, այդ ամենի կրկնություն, դարձյալ որոնումներ, դարձյալ կարծիքներ… ժողովրդավարության ստրուկներ (վեպի լավ վերնագիր կլիներ)՝ խմբերով, կուսակցություններով, ազգերով՝ մի ամբողջ աշխարհ…

Կիերկեգորի դիպուկ արտահայտությունը կա. «Մարդուն տրված է մտքի ազատություն, դրանից երբեք չօգտված՝ խոսքի՜ ազատություն է ուզում»։

Որ ի՞նչ անի։ Երեւի հարցնի՝ ո՞րն է ելքը։

– Լավ հարեւա՞նն է լավ, թե՞ հեռու լավ բարեկամը:

– Մեզանից բացի, բոլորն էլ լավն են։ Թե՞ չէ…

– Ինչպե՞ս եք վերաբերվում Իրաք հայկական զորախումբ ուղարկելուն, Էլիզաբեթ Ջոնսի հայտարարության հետ կապված իրադարձություններին ու ՀՀ ԱԺ պատգամավորի՝ Դուբայում կատարված գողությանը մասնակից կամ վկա լինելու փաստին:

– Արեւը պիտի շողա, գետը պիտի հոսի, լեռը՝ լռի։ Մենք էլ պիտի վերաբերվենք։ Ինչպե՞ս։

Շեքսպիրը պատասխանն ունի։ Լիր արքա, Խ.Դաշտենցի թարգմանությունն է, 5-րդ արար, տեսարան 3-րդ։ Գահընկեց արքա Լիրը` Կորդելիային։ «Գնանք բանտ,- ասում է,- կապրենք՝ կաղոթենք, կերգենք, հեքիաթ կպատմենք ու.

Ականջ կդնենք, թե ի՞նչ են խոսում
Հասարակ մարդիկ պալատից եկող լուրերի մասին։
Մենք էլ կխոսենք,
Ո՞վ է վաստակում եւ ո՞վ կորցնում,
Ո՞վ է բարձրանում եւ ո՞վ է ընկնում։
Կմեկնաբանենք գաղտնիքն իրերի,
Կարծես թե Աստծո լրտեսներ լինենք։ Այդպես կմաշենք
Մենք պարսպապատ մի բանտի միջին՝ լուսնի հետ ելնող,
Լուսնի հետ իջնող մեծ անհատների դավերն ու վեճը»։

Կմաշենք (բնագրին համարժեք, ճշգրիտ բառն է) …Հանճարեղ է, ի՞նչ ասես։ Իհարկե, սա համադարման չէ։ Այդպես վերաբերվել կարող է միայն գահընկեց արքան, նա, ով արդեն թագավոր եղել է։ Դե, իսկ նրանց, ովքեր նոր-նոր են ուզում թագավոր դառնալ, միշտ կարելի է մաղթել գահընկեցություն՝ հանուն իմաստնության։

– Ձեր ապրած ժամանակաշրջանում քանի՞ անգամ եք գնահատել հայի հետին խելքը:

– Ո՞վ է հայը, արդյո՞ք հայեր են բոլոր նրանք, ում հայեր ենք անվանում, իսկապե՞ս միատարր ենք, հետին խելքը մեր ունեցած միա՞կ խելքն է, հատկապես ինչի՞ն ենք խելք ասում… Աստված կամենա, մի օր առանձին կքննարկենք այս թեման։

– Քանի՞ տարի եք ապրել:

– Բոլոր օրերս, տարիներս ապրել եմ։ Նաեւ, անընդհատ նույն տեղում գտնվելով, ապրել եմ Երկու Տարբեր Երկրներում, հիմա էլ, կարծես թե, Երրորդի ուրվագծերն են նշմարվում։ Քանի՞ տարի է անում։

– Ճի՞շտ է, որ երկրագունդը կլոր է:

– Ջորդանոյի հետ խոսել չէր լինում, իսկ Գալիլեոյին փորձո՛ւմ էին համոզել…

«Ա՛յ տղա,- ասում էին,- դու հո Մարսի՞ց չես իջել, ո՞ւմ ես, ախր, ուզում զարմացնել. կլոր է, պտտվում է, կենտրոնը մեր մոլորակը (հզոր բառ է՝ մոլոր ակ) չի, Արեգակն է… Մտքովդ ըսկի չանցա՞վ, որ դա հայտնի է եղել հազարավոր տարիներ մեզանից ու մանավանդ քեզանից առաջ, ո՞ւմ ես ուզում ասել, մարդկա՞նց, ինչի՞ համար, դու հո ժողովրդավարության հորեղբայրներից չե՞ս, այ տղա։ Ախր դու նույնիսկ չգիտես, թե ինչ ասել է ՄԱՐԴ (իսկ եթե գիտե՞ս… ու գիտես, թե ինչ ես անում, ուրեմն առավել ծանր է հանցանքդ)։ Մարդը սկսելու է փնտրել կենտրոնը, այն կենտրոնը, որ դու առնում ես նրա ձեռքից։ Բայց չի գտնելու, որովհետեւ տիեզերքում կենտրոն չկա, կենտրոնն ամենուր է, ուրեմն՝ նաեւ այստեղ. Երկիրը հենց կենտրոն է, եւ դու չարաչար սխալվել ես։ Կլո՞ր։ Իմացան թե չէ` կմտածեն գլորելու մասին։ Քեզ նման մեկը կար, չե՞ս հիշում, հենման կետ էր փնտրում, որ շուռ տա…Մի քանիսը մի քիչ շուռ կտան, մյուսները մի քիչ կգլորեն…»։

Շուռ էլ ենք տալիս, գլորում էլ ենք։
Նարինե Ավետյան
 Լուսանկարը՝ hetq.am
«168.am»