«X my heart» երգը, որով Ադրբեջանի ներկայացուցիչ Այսել Մամեդովան պատրաստվում է հանդես գալ «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում, որոշ փոփոխությունների կենթարկվի:
Ինչպես տեղեկացնում է Sputnik-Ադրբեջանը, նման որոշում է ընդունվել այն ժամանակ, երբ Հունաստանում երգչուհու փորձը լսելուց հետո, բրիտանացի պրոդյուսեր Թիմ Բրանն առաջարկել է որոշ փոփոխություններ իրականացնել: Որոշվել է երգի սկիզբն ավելի էլեկտրոնային դարձնել:
Դրան են նպաստել նաև համացանցում Մամեդովայի երգին ուղղված քննադատությունները: Բուքմեյքերները Մամեդովայի համար լավ կանխատեսումներ չունեն՝ չեն կարծում, որ նա կհայտնվի լավագույն տասնյակում:
Երգի հեղինակներն են հույն կոմպոզիտոր և պրոդյուսեր Դիմիտրիոս Կոնտոպուլոսը և շվեդ Սանդրա Բյորմանը: Նախագծի վրա աշխատել է միջազգային թիմ, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Ադրբեջանից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Կիպրոսից, Պորտուգալիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից:
«Եվրատեսիլ 2018»-ը այս տարի կանցկացվի Լիսաբոնում: Երգի մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին Լիսաբոնում: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին: