Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում հյուրընկալեց իտալական «Միլանին»:
Արսեն Վենգերի գլխավորած թիմը հաղթեց «ռոսոներիներին» 3:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց 35-րդ րոպեին: Գեղեցիկ գոլով աչքի ընկավ «Միլանի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն:
Րոպեներ անց Դենի Ուելբեքն աչքի ընկավ խայտառակ սիմուլյացիայով: Հանդիպման մրցավար Յունաս Էրիկսոնը չնկատեց դա և պատժեց «Միլանին»` նշանակելով 11 մետրանոց: Անգլիացի հարձակվողն անվրեպ իրացրեց այն:
71-րդ րոպեին Աարոն Ռեմսիի փոխանցումից հետո գոլ խփեց Գրանիտ Ջական, իսկ 86-րդ րոպեին Ուելբեքը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը` դառնալով դուբլի հեղինակ:
«Արսենալի» կազմում հանդիպմանը մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 69-րդ րոպեին:
Նշենք, որ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 16-ին:
«Արսենալ»-«Միլան»` 3:1
Գոլերը` Ուելբեք (39, 11մ, 86), Ջակա (71) – Չալհանօղլու (35)