lragir.am-ը գրում է. Մամուլում հրապարակվել է տեղեկություն, որ Հանուն Հայաստան պետության ճակատը հանրահավաքային շարժմանը միանալու հարցով բանակցում է Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ըստ տեղեկության, Օհանյանի հետ բանակցությունը վարում է Ժառանգություն կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը խորհրդարանի ընտրությանը ՕՐՕ դաշինքի առաջին եռյակից էր:
Ընտրությունից հետո դաշինքը դադարեցրեց գոյությունը, իսկ դրա առաջին եռյակից այսպես ասած աշխույժ քաղաքականության մեջ է միայն Մարտիրոսյանը: Օսկանյանն ու Օհանյանը չկան:Այժմ փաստորեն, ըստ մամուլի, Օհանյանին փորձում են համոզել վերադառնալ աշխույժ քաղաքականություն:
Կհաջողվի՞ դա Արմեն Մարտիրոսյանին, թե՞ ոչ: Թե՞ իշխանությանը կհաջողվի Օհանյանին համոզել հակառակի մեջ, որ վերադառնալ պետք չէ:Իսկ այդպիսի փորձ իշխանությունը թերեւս անում է: Օհանյան-Մարտիրոսյան բանակցությանը զուգահեռ, հրապարակվեց հաղորդագրություն պաշտպանության նախարարության պաշտոնյայի ձերբակալության մասին, կաշառառության մեղադրանքով:
Ըստ տարածված պաշտոնական տեղեկության, «Երևան քաղաքի բնակիչ, «Ա.Ա.» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Ա. Ա.-ն ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել, այնուհետև ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հաղորդում և բացատրություն տվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2013 թվականը ՀՀ ՊՆ N վարչության պետի տեղակալ Մ.Խ.-ն, նույն ժամանակահատվածում ընդգրկված լինելով նաև ՀՀ ՊՆ կարիքների համար նշված ընկերության կողմից մատակարարված նյութական միջոցների ընդունող հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի նախագահ, իր օգտին գործողություններ կատարելու համար, յուրաքանչյուր տարի կնքված պայմանագրերով մատակարարված ապրանքներն ընդունելուն պես, իրենից պահանջել և որպես կաշառք ստացել է կնքված պայմանագրերի ընդհանուր գումարի 5%-ից 7%-ը, որի արդյունքում վերջինս նրան տվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29.220.000 ՀՀ դրամ գումար»:
2018 թվականի մարտին տարածված հաղորդագրությունը առնչվում է 2008-13 թվականների շրջանին, երբ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր:
Ամբողջությամբ՝ lragir.am կայքում: