Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա զանգահարել է Վլադիմիր Պուտինին և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով The Hill-ին: Մաքքեյնի խոսքով՝ այդ հեռախոսազանգը «վիրավորել է Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որը զրկված էր ազատ կամաարտահայտման իրավունքից, ազատ ընտրությունից և իր երկրի ապագան որոշելու հնարավորությունից»:
«ԱՄՆ-ի նախագահը չի կարող լինել ազատ աշխարհի առաջնորդը, եթե նա դիկտատորներին շնորհավորում է կեղծ ընտրություններում հաղթելու առթիվ»,- հայտարարել է սենատորը: Մարտի 20-ին Թրամփի և Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարը ՌԴ նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Թրամփը զրույցը որակել է «շատ լավ» և ակնարկել, որ մոտ ժամանակներս ինքը և Պուտինը կարող են անձնական հանդիպում ունենալ: